Հայալեզու բանաստեղծության հնագույն դրսևորումները գտնում ենք Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում: Պատմահայրը պատառիկներով ներկայացնում է Գողթն գավառի վիպասան-գուսանների կողմից ստեղծված ու ժողովրդի մեջ տարածված «Վիպասանք» առասպելախառն վեպի չափածո հատվածներ: Դրանք ներկայացնում են Վահագն ամպրոպային աստծո ծնունդը, Արտաշես թագավորի և ալանների արքայադուստր Սաթենիկի զրույցի, ամուսնության ու հարսանիքի, ինչպես նաև Արտաշեսի մահվան ու Արտավազդի հետ հարաբերությունների դրվագները: «Վահագնի երգը» կամ հիմնը հայկական, ընդհանրապես հնագույն հնդեվրոպական բանաստեղծության բացառիկ օրինակ է: Այն զարմացնում է իր յուրահատուկ կառուցվածքով, գեղարվեստական առանձնահատկություններով, հատկապես կրկնություններով ու մակդիրներով: Այն ներկայացնում է մեր նախնիների՝ աշխարհի ստեղծման կամ աստծո ծննդյան մասին գեղարվեստական պատկերացումները: Այն միաժամանակ կոդավորված աղոթք է, որն ըստ ուսումնասիրող Ա.Բահաթրյանի իր կրկնություններով, հատուկ ընտրված բառերով՝ «աչկունք», «արեգակունք», ստիպում է մարդուն միացնել շրթունքները, կարծես համբույր տալով պաշտելու աստծո պատկերին.
«Երկնում էր երկինք, երկնում էր երկիր,
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմիր եղեգնիկին:
Եղեգնի փողովը ծուխ էր ելնում,
Եղեգնի փողովը բոց էր ելնում
Եվ բոցից դուրս էր վազում
Մի պատանեկիկ:
Նա հուր մազեր ուներ, (ապա թե)
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ»:
Արտաշեսի մասին հատվածում պատմիչը նշում է.
«Արտաշես վերջինի գործերից շատ բան հայտնի են քեզ այն վիպասաններից, որ պատմում են Գողթնում, ինչպես քաղաքը շինելը, խնամիությունն Ալանների հետ, նրա սերունդների ծնունդը և Սաթենիկի իբր թե սիրահարությունը առասպելական վիշապազուններին, այսինքն Աժդահակի սերունդներին, որ գրաված ունեն Մասիսի ամբողջ ստորոտը, կռիվը նրանց հետ, նրանց իշխանության քայքայումը, նրանց սպանությունը և շինվածքների հրկիզումը, և Արտաշեսի որդիների նախանձը և իրար դեմ գրգռվելը կանանց միջոցով: Այս բոլորը, ինչպես ասացինք, քեզ հայտնի են վիպասանների երգերից, բայց մենք ևս կարճառոտ կհիշատակենք և այլաբանությունը կճշմարտենք»:
Ապա պատմահայրը մեջբերում է վիպասանների երգի բանաստեղծական հատվածները: Սաթենիկի դիմումը՝
«Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,
Եկ համաձայնիր իմ` ալանների գեղաչյա դստեր խոսքերին
Եվ տուր պատանին:
Որովհետև օրենք չէ` որ մի քենի համար դյուցազները
Այլ դյուցազների ժառանգների կենդանությունը վերացնեն
Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի մեջ
Մշտնջենավոր թշնամություն հաստատեն»:
Ապա նրա պատասխան խոսքը Արտաշեսին՝
«Եվ որտեղից քաջ Արտաշեսը պիտի տա
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Քաջերի սերունդ այս կույսի` Ալանների
արքայազն օրիորդի համար»:
Ապա ալանների արքայադստեր առևանգումը.
«Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին,
Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,
Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,
Արագաբար իր բանակը հասցնելով»:
Եվ վերջում արքայական ճոխ հարսանիքը.
«Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության ժամանակ,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ»:
Ապա հաջորդում է Արտաշեսի որդի՝ Արտավազդի բողոքը հոր թաղման ժամանակ.
«Նրա մասին Գողթնի երգիչներն այսպես են առասպելաբանում: Արտաշեսի մահվան ժամանակ հեթանոսական սովորությամբ շատ կոտորածներ էին լինում, սրա վրա, ասում են, Արտավազդը նեղանում է և ասում է հորը»,-գրում է Մովսես Խորենացին
«Երբ դու գնացիր,
ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ում թագավորեմ»:
Արտաշեսը նրան անիծելով՝ ասում է.
«Թե դու հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր դեպի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր դեպի Մասիս.
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:
Արտաշեսի վիպական կյանքի վերջին դրվագի բանաստեղծական հատվածն արդեն պահպանվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու(11 դ.) նամակներում.
Ո՞վ կտար ինձ ծխանի ծուխ
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազք, եղջերուների սլացք,
Որ մենք փո՞ղ փչեինք, և թմբո՞ւկ խփեինք
Արքայական ծեսով:
Բանաստեղծական այս հատվածները էպիկական բնույթ ունեն, այսինքն որոշակի գործողություններ են ներկայացնում, սակայն միաժամանակ մենք տեսնում ենք հերոսների ապրումներն ու զգացմունքները՝ սեր, հպարտություն, բողոք, ցավ, կարոտ: Այս գողտրիկ հատվածները՝ բյուրեղացած բացառիկ բանաստեղծություններ են հատուկ ընտրված բառապաշարով, չափով ու գեղարվեստական միջոցներով:
Աղբյուրներ՝ Մովսես Խորենացի,Պատմություն հայոց /թարգմ. ծանոթագր. և առաջաբ.` Ստ. Մալխասյան, խմբ.` Վ. Առաքելյան, Ա. Աբրահամյան/, Երևան, 1968:
Ա.Բահաթրյան, Հին հայոց տաղաչափական արվեստը, Երևան, 1983: