Համաշխարհային գեղանկարչության ամենհայտնի ստեղծագործություններից մեկի՝ Ռեմբրանդի «Անառակ որդու վերադարձը» նկարի հիմքում Նորկտակարանյան առակն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս պատմում է աշակերտներին։ Միայն Ղուկասի Ավետարանում ներկայացվող առակում ասվում է․
«Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց.
«Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»:
Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»: Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան:
Եւ որդին ասաց նրան.
«Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»:
Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է: Եւ սա նրան ասաց.«Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»: Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի: Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց.
«Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»:
Մեղքի, նեղն ընկնելով՝ ապաշխարության ու Տիրոջը խոնարհությամբ ընդառաջ գնալու, ապա նաև աստվածային սիրո, ներողամտության, հայրական գորավանքի մասին այս խորախորհուրդ պատմությանը հոլանդացի նկարիչն անդրադարձել է ստեղծագործության տարբեր շրջաններում։ Ամենահայտնի նկարը նկարչի վերջին գործերից է և ստեղծվել է 1668 թ․։ Առաջին անգամ այս թեման, սակայն ի հայտ է գալիս նրա վաղ ստեղծագործություններից մեկում՝ «Ինքնանկար՝ Սասկիան ծնկներին» կամ «Անառակ որդին պանդոկում»(1633)։
Երիտասարդական կրակը, սերը գուցե նաև մեղքերով լի կյանքը ներկայացնող այս նկարում նկարչի ծնկներին կինն է՝ Սասկիան։ Այս նկարը կարծես առակի անառակ որդու կյանքի վայելքի շրջանը ներկայացնի։
Երկրորդ անգամ այս թեման հայտնվում է արդեն «Անառակ որդու վերադարձը» օֆորտում․
Այս նկարի կոմպոզիցիան արդեն հիշեցնում է մեզ ծանոթ հայտնի նկարը, սակայն դեռև չկա այն խորությունն ու դրամատիզմը, որը տեսնում ենք վերջին նկարում։
Այստեղ հորինվածքի կենտրոնում ոչ այնքան հստակ դիմագծերով հայրն է։ Ետին պլանում` կամար է։ Հոր մարմինը կրկնում է կամարի կառուցվածքը, ինչը թերևս խորհրդանշնում է բացվող դուռը ապաշխարող որդու առջև։ Ուշագրավ է, որ հոր ձեռքերը տարբեր են․ մեկն ավելի առնական է, մյուս ավելի նուրբ։ Ըստ արվեստաբանների հնարավոր է, որ այստեղ նկարիչը փորձել է միավորել մայրական սիրո ու հայրական հոգատարության խորհուրդները․
Աղոթային կեցվածքով անառակ որդին այստեղ, ի տարբերություն թեմային անդրադարձող շատ այլ նկարների, մեջքով է դեպի դիտողը, ինչն ըստ արվեստաբանների կարծես ցույց է տալիս, որ դիտողը նույնպես պետք է ապաշխարի և նա է հաջորդը։
Ուշադրության արժանի են կրտսեր որդու մաշված հագուստները, պատառոտված կոշիկները, որոնցից մեկը դուրս է ընկել ոտքից։
Ենթադրվում է, որ այստեղ հեղինակը ցանկացել է շեշտել հայրական տան կամ Աստծո տարածքի հողի սրբազանությունը, որին պետք է մոտենալ բոկոտն։
Նկարի աջ կողմում կանգնած կերպարը, ամենայն հավանականության, ավագ որդին է, որը դժգոհ է եղբոր վերադարձից և հոր ընդունելությունից, սակայն խոնարհությամբ ու ներողամտությամբ է պատկերված։ Պատկերաշարը լրացնում են կինն ու տղամարդը, որոնք ամենայն հավանականությամբ հարուստ մարդու ծառներն են։
Ետին ֆոնին նկատելի է նաև որմնաքանդակ, որտեղ պատկերված է անառակ որդու անփառունակ կյանքն ու խոզարածության տեսարանը։
Ապաշխարող մարդկությանն ու ներողամիտ Աստծուն խորհրդանշող առակը հեղինակի համար թերևս առաջին հերթին իր սեփական անփառունակ կյանքի, երիտասարդական մեղքերի ու փրկության հույսի յուրօրինակ պատկեր է։ Հայտնի է, որ Ռեմբրանդը կյանքի ավարտին եղել վատառողջ, աղքատ, բոլորի կողմից մոռացված, ինչը թերևս ընկալել է որպես երիտասարդական մեղքերի հատուցում, ըստ այդմ էլ կարևորել է խոնարհությունը, ապաշխարանքն ու առ Աստված վերադարձը։