Արամ Խաչատրյանի երաժշտությանը սիրով ու հետաքրքրությամբ սկսեցի հետևել դեռևս 30-ական թվականներից։ Երբ արվեստագետը ուրիշի արվեստում տեսնում ու շոշափում է մոտ, ընդհանուր հատկանիշներ, տեսակետներ, մտերմություն է ձեռք բերում նրա հետ։ Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ։ Լսում ես ու զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից։ Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից։ Արվեստի, մանավանդ երաժշտության պատմության մեջ նման երևույթը տարածված է։ Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է։ Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են։ Իսկական արվեստն ունի մի շատ կարևոր պահանջմունք ևս։ Դա սեփականի, անհատականի հաստատումն է։ Եվ եթե անհատականն այնքան ինքնատիպ է, որ զարգացման ընթացքի համար դառնում է նորույթ, ապա ինչ խոսք, արվեստագետի ներդրումը մեծ է։ Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար։ Այդ ներդրումը բացեց նոր ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ։ Մայր ուղիով ընթացող մնաց ինքը՝ Խաչատրյանը։ Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով, հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհային ընթացքին, -գրում է Մարտիրոս Սարյանը 1970 թվականին։
Մեծ նկարիչն ու երիտասարդ կոմպոզիտորն առաջին անգամ հանդիպում են 1921 թ․ կայարանում, երբ Սարյանը ընտանիքով Հայաստան էր վերադառնում, իսկ 19-ամյա Արամ Խաչատրյանը մեկնում էր Մոսկվա սովորելու։ Հետագայում արդեն ջերմ հարաբերություններ են ձևավորում արվեստագետների միջև։ Ա․ Խաչատրյանը Երևան այցերի ժամանակ մշտապես այցելում էր վարպետին։ Մարտրոս Սարյանն էլ իր հերթին մեծապես գնահատում էր Արամ Խաչատրյանի արվեստը։
Ջերմ վերաբերմունքի ու մտերմության արտահայտությունն են նաև Արամ Խաչատրյանի՝ Վարպետի նկարած երեք դիմանկարները։
Առաջին երկու նկարները ստեղծվել են 1944 թվականին։ Մեկը գծանկար է, որը պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։
Երկրորդ՝ գծանկարի հետ շատ ընդհանրություններ ունի գորգի ֆոնով հանրահայտ կտավը, որ հիացնում է իր գունային ներդաշնակությամբ ու խտությամբ, պատկերվողի կերպարի հոգեբանական ճշգրտությամբ:
Երրորդ նկարն արվել է արդեն 1963 թվականին։ Այստեղ տեսնում ենք հասուն կոմպոզիտորին, տարիների ու հռչակի կնիքը դեմքին, հանդարտ հայացքով ու կարծես ինչ-որ բանի համար ափսոսանքով։
Գրիգից և Սիբելիուսից հետո ես չգիտեմ մի այլ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը այդքա՜ն ազգային և, դրա հետ մեկտեղ, այդքա՛ն համամարդկային լինի, որքան Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն է, - մի բան, որը, իմ կարծիքով, մեծ արվեստի հատկանիշ և նրա հավերժության գրավականն է։ Վիթխարի երևակայությամբ օժտված, բնատուր և կրկնակի հանճար է Խաչատրյանը, որ այդքան «հեշտությամբ» ու նորարարի այդքա՛ն մեծ խիզախությամբ ներդաշնակեց Արևելքի և Եվրոպայի գեղարվեստական ավանդներն ու մտածելակերպը։ Ինչի՞ նման կլիներ մեր ազգային մշակույթի XX դարն առանց Արամ Խաչատրյանի արվեստի ..․ Ներքին կրակով այրվող, գունագեղ ու վառվռուն, քնարական ու էպիկական, էմոցիոնալ ու ինտելոկտուալ է նրա երաժշտությունը։ Խորապես արդիական, բառի լայն իմաստով գեղեցիկ, հումանիստական վեհ իդեալներով ներծծված այդ երաժշտությունը հայ ժողովրդի ոգու լուսավոր արտահայտություններից է ու պատկանում է հանուր մարդկությանը, ապրելու է գալիք բոլո՛ր ժամանակներում։
Մարտիրոս Սարյան