Մարդիկ տարբեր են, ճակատագրերը՝ նույնպես: Բոլորս էլ ունենք հատկանիշներ և տաղանդներ, որ չունեն մյուսները. դրանով ենք մենք յուահատուկ և արժեքավոր դառնում շրջապատի համար: Սակայն կան մարդիկ, որոնք արտասովոր են, չափազանց տարբերվող, չափազանց աչքի ընկնող: Դրանով էլ նրանք արժանանում են շրջապատի մարդկանց ուշադրությանը, սիրուն կամ հակառակը՝ ատելությանն ու նախանձին:
Այս հոդվածով Ձեզ ենք ներկայացնում 5 գեղեցիկ ֆիլմ արտասովոր և չափազանց տարբերվող մարդկանց մասին:
1. Իմ անունը Կխան է / Меня зовут Кхан /My Name Is Khan. 2010
ռեժ.՝ Կարան Ջոհար
դերերում՝ Շահ Ռուկխ Խան, Քաթժոլ, Քենթոն Դյութի ևն
Ռիզվան Կխանը հնդիկ մուսուլման է: Նա տեղափոխվում է ԱՄՆ՝ ապրելու եղբոր և սիրելիի հետ: Կխանը հիվանդություն ունի, որն Ասպերգերի համախտանիշ է կոչվում (աուտիզմի տեսակներից մեկն է): Չնայած դրան՝ Կխանը երջանիկ է և սիրում ու սիրված է: Նա որոշում է փոքրիկ բիզնես սկսել և երջանիկ ապրել: Սակայն երբ 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերը ցնցում են աշխարհն ու ԱՄՆ-ը, մուսուլմանների հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է... Խնդիրներ, որոնց պատճառով Կխանը կորցնում է սերը: Սիրելի կնոջը վերադարձնելու համար ինչե՞ր կարող է անել տղամարդը: Հիվանդությունը խոչընդո՞տ է երջանկության հասնելու ճանապարհին:
2. Միլիոնատերը ետնախորշերից/ Миллионер из трущоб / Slumdog Millionaire . 2008
ռեժ.՝ Դենի Բոյլն
դերերում՝ Դեվ Փաթել, Ֆրիդա Պինտո, Անիլ Կապուր ևն
Ջամալը 18 տարեկան է: Նա, կարելի է ասել, փողոցում է մեծացել: Տղան որոշում է մասնակցել «Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» հեռուստաշոուին և մի հարց է մնում, որ միլիոնատեր դառնա: Սակայն հենց այդ վերջին հարցից առաջ խաղն ընդհատում են և Ջամալին ձերբակալում. ի՞նչ իրավունք ունի փողոցներում մեծացած երիտասարդն այդքան շատ բան իմանալ, ո՞վ է նա, որտեղի՞ց է այդքան շատ բան սովորել: Հարցաքննությունների ընթացքում տղան պատմում է իր կյանքի դժբախտ պատմությունը...
3. Զոլավոր գիշերազգեստով տղան / Мальчик в полосатой пижаме / The Boy in the Striped Pyjamas. 2008
ռեժ.՝ Մարկ Հերման
դերերում՝ Էյսա Բաթերֆիլդ, Ջեք Սկենլոն, Դեւիդ Թյուլիս ևն
Բրունոն 8 տարեկան է: Նրա հայրը համակենտրոնացման ճամբարում է աշխատում: Երկրորդ համաշխարհայինի տարիներն են, սակայն Բրունոն ոչինչ չգիտի ո՛չ ճամբարի ներսի դաժանությունների, ո՛չ պատերազմի ավերածությունների մասին: Նա պատահականորեն ծանոթանում է ճամբարում ապրող մի հրեա տղայի հետ և ընկերանում: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ընկերությունը, ո՞վ է զոլավոր գիշերազգեստով այդ տարօրինակ փոքրիկը:
4. Դաշնակահարը / Пианист / The Pianist. 2002
ռեժ.՝ Ռոման Պոլանսկի
դերերում՝ Էդիրան Բրոունի, Թոմաս Կրեչման, Ֆրենկ Ֆինլեյ ևն:
Դարձյալ Հոլոքոսթի և հրեաների մասին պատմող չափազանց հուզիչ և ուժեղ ֆիլմ: Վլադիսլավ Շպիլմանը հրեա է և դաշնակահար: Նա բոլոր հրեաների պես Երկրորդ համաշխարհայինի տարիներին ստպված էր ապրել Վարշավայում գտնվող գետտոյում: Ստորացումներ, կորուստներ, ցնցումներ, մահ, ցավ, և այդ ամենը միայն այն պատճառով, որ նրանք հրեա էին: Կօգնի՞ տաղանդն ու արտասովորությունը Շպիլմանին ողջ մնալ, ինչպե՞ս ապրել այդքանը տեսնել-զգալուց հետո:
5. Ֆորեսթ Գամփ / Форрест Гамп / Forrest Gump . 1994
ռեժ.՝ Ռոբերտ Զեմեկիս
դերերում՝ Թոմ Հենքս, Ռոբին Ռայթ, Գարի Սինիզ ևն
Հուզիչ, բարի, լուսավոր, թածխոտ և անչափ նուրբ ֆիլմ: Ֆորեսթը մտավոր խնդիրներ ունեցող տղա է: Նրա միտքն ավելի պարզունակ է և ավելի դանդաղ է աշխատում, քան սովորական մարդկանցը: Փոխարենը նրա սիրտն ու հոգին են ավելի մեծ, բարի, սիրելու և նվիրվելու ունակ: Ֆորեսթն աշխարհն ավելի մաքուր ու սիրուն է տեսնում: Նա սիրահարվում է, ամեն բան անում սիրելիին աշխարհից պաշտպանելու, փրկելու և երջանկացնելու համար: Սակայն արդյո՞ք այս աշխարհում տեղ ունեն Ֆորեսթները, արդյո՞ք նրանք կարող են ապրել մեր կողքին, արդյո՞ք աշխարհի դաժանությունը չի կոտրի նրանց փխրուն սիրտը:
Աղբյուրներ՝ kinopoisk.ru, IMDb.com, Wikipedia: