Փոշոտ լեռնային ճանապարհ, բեռնատարի թափք և քաղաքից Գառնի գնացող կին ու տղամարդ.այսպես է սկսվում 1966 թվականին նկարանված «Նույն քաղաքի մարդիկ» կինոալմանախի «Գառնի» կարճամետրաժ ֆիլմը: Ընդամենը 32 րոպեանոց ֆիլմն առաջին հայացքից տղամարդու ու կնոջ ճգնաժամի մեջ հայտնված հարաբերությունների մասին է: Տղամարդը դժգոհում է ամեն ինչից, հոգնած ու անտարբեր է թվում, կինը ձգտում է վերադարձնել անցյալում մնացած ջերմ հարաբերությունները: Ընտանեկան-կենցաղային դրաման աստիճանաբար տեղափոխվում է Գառնիի հեթանոսական տաճարի ավերակներ: Պատումը գաղափարապես լայնանում է. քանդված տաճարի դեկորները, ֆիլմի նոր հերոսները հիշեցնում են անցյալի փառքի, ավերակների մասին հոգ տանելու, դրանք պահպանելու մասին: Տաճարի բեկորները, անցյալի փառքի պատառիկները զուգահեռվում են կնոջ ու տղամարդու «ավերակի» վերածված հարաբերությունների պատմությանը: Արդյո՞ք հնարավոր կլինի վերականգնել ու պահպանել սիրո բեկորները և պե՞տք է արդյոք, արդյո՞ք մի խունացած առասպել էլ չէ սերը...
Ռեժիսորը
Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը հայ կինոյի ամենահայտնի դեմքերից է` Առնոլդ Աղաբաբյանը(1929-1999): Առնոլդ Աղաբյանը հայտնի է իր մի քանի նշանանավոր ֆիլմերով՝ «Շեկ ինքնաթիռ»(1975), «Արևիկ»(1978), «Յոթ սարից այն կողմ»(1980) և հայկական առաջին բազմասերիանոց ֆիլմով՝ «Որտե՞ղ» էիր մարդ աստծո»(1992): Պակաս նշանավոր չեն նաև Ա. Աղաբաբյանի սցենարական աշխատանքները. բացի վերևում նշված ֆիլմերի սցենարները, Ա.Աղաբաբյանի սցենարներով են նկարահանվել հայ կինոյի երկու ամենահայտնի ֆիլմերը՝ «Բարև, ես եմ»(1965) և «Մենավոր ընկուզենին»(1986):
Կինն ու տղամարդը
«Գառնի» ֆիլմում կադրում խոշոր պլանում են երիտասարդ ու անչափ հմայիչ Արմեն Ջիգարխանյանն ու Էլվիրա Ուզունյանը: Հարաբերություններից հոգնած, բայց սիրո կարոտ ու սեր փնտրող տղամարդու դերը հայտնի դերասանը ներկայացնում է մեծ վարպետությամբ ու հոգեբանական դետալների նկատմամբ ուշադրությամբ: Համոզիչ ու դիտարժան է նաև հայտնի օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանի խաղը:
Առաջարկում ենք դիտել ֆիլմը.
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան