Հայ հոգևորական, բանահավաք, բանագետ, «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակի գրառող Գարեգին Սրվանձտյանցն(1840-1892) իր հայրենանվեր գործունեությամբ կարողացավ անցյալի փոշիներից մաքրել ու մեր ժողովրդին մատուցել նրա բանահյուսական գանձերը: Իր չորս հայտնի գրքերում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ»(1874), «Մանանայ»(1876), «Թորոս Աղբար»(1879) և «Համով-հոտով»(1884), Գարեգին Սրվանձտյանցը ոչ միայն հայտնաբերեց, գրառեց ու առաջինը ուսումնասիրեց մեր էպոսը, ժողովրդական շատ հեքիաթներ, ավանդություններ, զրույցներ, երգեր, այլև դրանք ներկայացրեց իրենց միջավայրում՝ հայրենի չքնաղ բնության մեջ, պատմական հուշարձանների, անցյալի սրբազան հիշատակների հետ միասին: Այս գրքերում իր հայրենաշունչ ու ոգեշնչող խոսքով հեղինակը կենդանացնում է մեր պատմական հայրենիքի գեղեցիկ ու հիշատակներով հարուստ անկյունները, խոսեցնում հայ մարդուն, ընթերցողի մեջ արթնացնում սիրո ու հպարտության զգացում հայրենիքի, նրա պատմության ու մշակույթի նկատմամբ: Ստորև բերվող գեղեցիկ հատվածը «Համով-հոտով» գրքից է: Այստեղ հեղինակը ներկայացնում է Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրենի՝ Նարեկ գյուղը, Նարեկավանքն ու խոսում նրա անմահ «Մատեան ողբերգութեան» երկի նշանակություն մասին: Ընթերցե՛նք ու ներշնչվե՛նք:
Ժամու մը չափ հեռի Նոր գիւղէն, յաջ կողմն շեղելով, կը բարձրանանք բլրադաշտիկի մը գոգը, եւ ահա սխրալի տեսարանով մը կը բացուի Նարեկ գիւղը մեր աչաց առջեւ, որոյ մէկ կուշտը՝ բարձիկի նման դիրքի վրայ, շքեղ վսեմութեամբ իրեն կը կապէ նայողին բիբերն ու սիրտը երկնանման տաճարն Նարեկայ վանից։
Ոչ եւս կրնայ մարդ նայիլ գիւղին, գեղացւոյն, գեղեցկութեանց բնութեան եւ բնակչաց աշխատութեամբ զեղեալ բարութեան։ Աստեղատանց կամարէն հիանալի կ’երեւի գմբէթն Նարեկայ ու զանգակատունն, եւ ձայն զանգակահար կոչնակին անլսելի կ’ընէ գեղի հօտաղներուն եւ մացառաց բիւլբիւլին ձայները, որ քաղցրախառն ներդաշնակութեամբ կը լնուն այդ դրախտին բլուրը եւ արձագանգը կ’ուտան կ’առնուն շրջակայ լերանց եւ երկնից կամարաց հետ:
Հո՛ղը սուրբ, ջուրը սուրբ, քարը սուրբ, խոտը սուրբ, ծառը սուրբ, օդը սուրբ, արեւը սուրբ, ամենայն ինչ սուրբ է տեղւոյս. ամէնուն դպեր սուրբ Նարեկացւոյն ձեռքը, ոտքը, շունչը, ձայնը, հառաչանքն, օրհնէնքը…։ Ափսո՜ս, սակայն, մարդն, որ կը բնակի այս տեղը, ինչո՞ւ չեմ կրնար ըսել սուրբ…։
Այս հոյակապ տաճարին մէջ կը պահուին իբրեւ անգին գանձ ոսկերք սրբազանից. Անանիայ Նարեկացին՝ քեռին եւ վարժապետ Ս. Գրիգորին, Յօհաննէս՝ «Նարեկայ մեծափառ եւ բարձրապատիւ ուխտի վանական… հարազատ, միաշունչ, միակրօն, համապատիւ, զուգահաւան» եղբայր Ս. Գրիգորին. եւ ինքն Սուրբ Գրիգոր ’ի դարանի յօրինեալ որմի, յետկոյս խորանի, Սանդխտոյ սրբուհւոյն կուսի։ Սանդուխտ եւ Գրիգոր, կո՜յս, կուսին հովանի, Շաւարշանայ Շուշանին գեղոյն շքադիր՝ գոհար ծովային, վարդ բոսորային, ծաղկեալ Ռշտունին, Երկուքն, երկու պտուղ խունկ աստուածաբոյր, վէր մէկ կըրակի Քրիստոսի սիրոյն, մէջ մէկ բուրվառի Հայաստանեայց եկեղեցւոյն, վեր մէկ սեղանի, մէջ մէկ խորանի…։
Կը համբուրեմ քոյդ փոշին, կը համբուրեմ շիրիմդ, կը համբուրեմ դամբարանդ, գերեզմանդ, քնարանդ, ուր կը ննջես արթուն, ուր կը հսկես անլռելի, ուր քնարդ
աստուածախօս կը նուագէ միշտ ’ի բարբառ կենդանի, ուստի կը լսուի «Ձայնդ հառաչանաց, հեծութեամբ սրտիդ, ողբ աղաղակիդ», կը բուրէ, «ի Բուրվառէ կամացդ պտուղ ըղձիցդ ճենճերոյ, եդեալ ’ի հուր թախծութեան, անձինդ տոչորման»։
Դու երկիրը լցիր աստուածախօսութեամբ, դու մեզ ուսուցիր Աստուծոյ հետ խօսելու լեզուն եւ հաճելի եղանակը, դու կը գտնուիս ինչպէս առ Աստուած, նոյնպէս առ ամենայն դասս մարդկան, դու վշտացելոց մօտն ես, յուսաբեկելոց յոյս կը ցուցնես, մոլորելոց՝ ճանապարհ, խաւարելոց՝ լոյս, կապելոց՝ արձակումն, տառապելոց՝ հանգիստ, խռովելոց՝ խաղաղութիւն, աղքատաց՝ աւետարան, հիւանդաց՝ ապաքինութիւն, ’ի ստուերս գիշերս նստողաց՝ ճառագայթ, թախծելոց՝ սփոփանք… եւ այսպէս ամենայն չարեաց եւ կարեաց մարդկան կարեկից, սպեղանի ու բալասան կ’ընծայես հրեղէն լեզուաւ Աղօթամատենիդ։
Գերեզման չ’կայ քեզ համար։ Դու հոգիներու մէջ կը հանգչիս, անմահդ ’ի մահկանացուս. Քո մեղագիրդ եւ դեղագիրդ ամէն հայու տունը, ամէն աստուածապաշտի ծոցը կը գտնուի։Առանց քո եւ ոչ հայուն սուրբ պատարագն ’ի բեմին մատչի։ Դու պիտի բանաս դուռն սրբութեան սրբութեանց, Դու պիտի կարդաս նախապէս «Ամենակալ բարերար մարդասէր Աստուած բոլորից…», Դու պիտի համարձակեցուցանես քահանային բերանը բանալու «Աղաչել եւ աղերսել արտասուալից հառաչմամբ յամենայն անձնէ զփառաւորեալ արարչութիւն անեղծ եւ անստեղծ անժամանակ Հոգւոյն գթածի…»։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Գարեգին Սրունձտեանց, Համով-հոտով