Հակոբ Էքիզլեր, Վարվառե Քանանյան, Աբրահամ Ջինջյան, Ներսես Չամքերթեն, Գարիկ Բասմաջյան. այս անունները նույնիսկ ամենից տեղեկացված արվեստասերին քիչ բան կարող են ասել: Սակայն հենց այս մարդկանց նվիրատվությունների շնորհիվ մենք հնարավորություն ունենք վայելելու հայ ծովանկարչության ամենահայտնի դեմքերի՝ Հովհաննես Այվազովսկու, Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ծովանկարները Երևանում: Արվեստասեր մեր այս հայրենակիցները տարիներ շարունակ, փնտրել, գնել, ապա Հայաստանին են փոխանցել գեղանկարչության այս և այլ մեծարժեք գործեր: Նրանց նվիրատվություններով ձևավորել է Հայաստանի ազգային պատկերասրահի մեծ հավաքածուն:
Դեռևս վերանորգման մեջ գտնվող պատկերասրահը ստեղծում է արվեստասերի հետ հանդիպման նոր հնարավորություններ ու ձևաչափեր. հոկտեմբերի 1-ին բացվեց և մինչ նոյեմբերի 5-ը Արամի 1 հասցեում գտնվող սրահում ներկայացվում է «Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագծի առաջին ցուցադրությունը: Այն նվիրված է հայ ծովանկարիչներին:
Հովհաննես Այվազովսկու մեծ ու հայտնի կտավների կողքին ներկայացվում են նաև վարպետի շատ փոքրիկ գեղանկար-զարդեր.
Հովհաննես Այվազովսկի, Գիշերը Կոստանդնուպոլսում, 1862, նվիրատու՝ Հակոբ Էքիզլեր,1925
Հովհաննես Այվազովսկի, Խաղաղ ծով, 1853, նվիրատու՝ Հակոբ Էքիզլեր, 1925
Հովհաննես Այվազովսկի, Բանաստեղծի պսակադրումը Հին Հունաստանում, 1886, նվիրատու՝ Աբրահամ Ջինջյան, 1957
Հովհաննես Այվազովսկի, Խաղաղ ծով, նվիրատու՝ Աբրահամ Ջինջյան, 1957
Աշխարհահռչակ ծովանկարչի աշխատանքների կողքին ներկայացվում են հայտնի գեղանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի աշխատանքները:
Վարդան Մախոխյան, Ծովը լուսնյակ գիշերով, նվիրատու Ներսես Չամքերթեն
Պակաս հետաքրքիր չեն նաև նկարներին կից ներկայացվող նվիրատուների կենսագրությունները, նվիրատվությունների հանգամանքները: Օրինակ, Աբրահամ Ջինջյանը պատկերասրահին է նվիրել 45 մեծարժեք նկար, որոնք հավաքել է ամբողջ կյանքի ընթացքում:
Հակոբ Էքիզլերը(Էքիզյան) եղել ճարտարապետ-ինժիներ: Ցեղասպանության տարիներին եղել է Արևմտյան Հայաստանում, ստեղծել ջարդերը պատկերող գրաֆիկական աշխատանքներ: 1920-ական թվականներին աշխատել է Երևանում, մտերիմ եղել Ալեքսանդր Թամանյանի հետ:Անձամբ ծանոթ է եղել Հովհաննես Այվազովսկու հետ:
Ներսես Չամքերթենը բացի նկարներ հավաքելը, օգնել է Եվրոպայում հաստատված հայ արվեստագետներին ու գրողներին՝ Վարդան Մախոխյանին, Հակոբ Գյուրջյանին, Արշակ Չոպանյանին, Զապել Եսայանին:
Բաց մի թողեք այս հիանալի ցուցահանդեսն այցելելու հնարավորությունը:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան