Կաթոլիկ եկեղեցին և ամբողջ աշխարհի կաթոլիկները, նաև բողոքական, լյութերական, բապտիստական, անգլիկան և մի շարք այլ եկեղեցիների հետևորդներ, եկեղեցական տարվա երկու գլխավոր տոներից առաջինը՝ Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 24-25-ի գիշերը։ Այս և հաջորդող օրերին հավատացյալներն այցելում են եկեղեցիներ, հավաքվում ընտանեկան ջերմ մթնոլորտում, միմյանց նվերներ մատուցում։ Սուրբծննդյան տոնական օրերը նաև բարեգործության, կարիքավորներին օգնելու, միմյանց նկատմամբ սիրո դրսևորումների մի շրջան են։ Արևմտյան աշխարհում Սուրբ Ծննդի խորհուրդներն իրենց բազմազան արտահայտությունն են գտել արվեստում ու գրականության մեջ։ Սուրբծննդյան խորհուրդը ներկայացնող մի ուշագրավ պատմվածք է հեղինակել հայտնի արձակագիր Պաուլո Կոելիոն։ Պատմությունը հիմնված է ֆրանսիացի գրող Ֆրանսուա Կոպպեի 1903 թ․ հրատարակված պատմվածքի վրա։ Այն տխուր սակայն անչափ լուսավոր և հուզիչ պատմություն է սիրո ու գթության, կարիքավոր մարդկանց նկատմամբ հոգատարության և այս ճանապարհով Աստծո սերը գտնելու ու Աստծո որդու ծննդի խորհրդին առնչվելու մասին։
Պաոլո Կոելիո
Խոսեի Սանդալները
Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա՝ Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և ապրում էր ժլատ մորաքրոջ խնամքի տակ։ Մորաքույրը թեև շատ փող ուներ, սակայն համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր զգացել, թե ինչ է սերը, կարծում էր, թե իր ունեցածն է կյանքի սովորական ձևը և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսման վճարի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, այլ ընտրություն չուներ, բայցևայնպես, հրահանգեց ուսուցիչներին բաց չթողնել Խոսեին ճնշելու ոչ մի առիթ, այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և առիթ կլինի նրան դպրոցից վտարելու:
Խոսեն, որ երբեք չէր զգացել, թե ինչ է սերը, կարծում էր, թե իր ունեցածն է կյանքի սովորական ձևը և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Եկավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նոր հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:
Դա առանձնահատուկ օր էր։ Այդ պատճառով բոլոր աշակերտները, բացի Խոսեից լավ էին հագնված։ Խոսեն հագել էր իր ամենօրյա հնամաշ հագուստները և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ Խոսեն նոր կոշիկներ կստանա, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչո՞ւ է այդքան աղքատ և ասացին նաև, որ ամաչում են, որ այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող դասընկեր ունեն:
Խոսեին, որ երբեք չէր զգացել, թե ինչ է սերը, ընդհանրապես չէին անհանգստացնում երեխաների հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն լսեց երգեհոնի ձայնը, տեսավ վառ լույսերը, տոնական հագուստով եկեղեցու սպասավորներին, հավաքված ընտանիքները, իրենց երեխաներին գուրգուրող ծնողներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից:
Պատարագից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճաններին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման աղքատ ու բոկոտն: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար:
Մտածեց. «Նրա ոտքերը երևի սառած են: Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը»:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն:
Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես՝ մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր բազմազան խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր.
եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ջերմությամբ և սիրով:
Թարգմանությունը՝ Գարեգին Այվազյանի