Բեմադրող-օպերատոր, ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյանի քանդակների այս յուրահատուկ շարքը թեև միջնադարյան առակների ժողովածուի անվան նմանությամբ «Աղվեսագիրք» չի կոչվում և գուցե անուն էլ չունի, թերևս նաև դիտողներին ոչինչ չի խրատում, սակայն առակների հետ որոշ ընդհանրություններ այդուհանդերձ կան։ «Աղվեսագրքի» առակների հերոսները՝ տարբեր կենդանիներ ու թռչուններ, խորհրդանշական ձևով ներկայացնում են մարդկային բնավորության գծեր ու հատկանիշներ՝ քաջություն ու վախկոտություն, իմաստություն ու հիմարություն, աշխատասիրություն ու ծուլություն, անդրադառնում մարդկային վարքի ամենատարբեր դրսևորումներին։
Վարդան Այգեկցուն վերագրվող այդ առակներն ըստ էության մարդու բնավորության գծերի ու հասարակության կյանքի տարբեր երևույթների յուրահատուկ պատկերասրահ են ներկայացնում՝ մարմնավորված կենդանական հերոսների մասին պատմություններով։ Մեր տպավորությամբ նմանատիպ մարմնավորումներ են Սուրեն Տեր-Գրիգորյանի մետաղե կենդանիները․
Այս քանդակներում առանց որևէ խոսքի ու մեկնաբանության ճանաչելի են մարդկանց ամենատարբեր տեսակներ, իրենց հատկանիշներով։ Աշխատանքային տարբեր գործիքներից ու մետաղական մասերից պատրաստված քանդակներից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունն ու բնութագրական կարևոր գիծը։
Աշխույժ ու կռվարար ցլեր, սլացիկ այծյամներ, դանդաղկոտ ու խոնարհ ավանակներ, աշխատասեր եզներ, սլացքի մեջ գտնվող թռչուններ, մտածկոտ ու քմահաճ եղնիկներ և այլն։ Ընդ որում, նույնիսկ միևնույն գործիքներից կամ մասերից պատրաստված կերպարները շատ տարբեր են, ինքնահատուկ, զարմանալի։
Թեև կանգնած, սակայն դրանք կարծես մշտապես շարժման մեջ են․ շարժվում են, սլանում, թռչում, յուրաքանչյուրն իր ռիթմով ու ժամանակի մեջ՝ հյուսելով իր կյանքի պատմությունն ու առակների կենդանիների պես փոխանցելով որոշակի ուղերձ, կամ առնվազն տպավորություն։
Կերպարները հասկանալու ու հեղինակի ասելիքը ընկալելու սկզբնական ցանկությունը՝ այս քանդակները դիտողի մեջ փոխակերպվում է զարմանքի ու հիացմունքի։ Ի տարբերություն առակների, սակայն, գլխավոր հարցը դառնում է ոչ թե՝ ի՞նչ է ցուցանում առակը, այլ՝ ինչպե՞ս է հնարավոր մետաղի կտորների մեջ կերպար, բնավորություն ու արվեստ գտնել, իսկ այս հարցի պատասխանը միայն Սուրեն Տեր-Գրիգորյանին է հայտնի։
Հայկ Համբարձումյան