2024 թ. լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (1914-1984) ծննդյան 110-ամյակը: Հովհաննես Շիրազն իր սիրված գրքերով՝ «Գարնանամուտ»(1935), «Սիամանթո և Խճեզարե» (1935), «Քնար Հայաստանի»(1958), «Հայոց Դանթեականը»(1965), «Հուշարձան մայրիկիս» (1968) և այլն, մեծ սեր է նվաճել հայրենիքում և Սփյուռքում: Հովհաննես Շիրազն այն քչերից էր, որ Խորհրդային շրջանում բարձրաձայնում էր կորսված Արևմտյան Հայաստանի, Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին: Սնվելով աշուղական գրական ավանդույթներից՝ Շիրազի պոեզիան «գործարանային» բանաստեղծության ժամանակներում բերում էր սիրտ ու ապրում, բնորոշվում նուրբ քնարականությամբ ու պատկերավորությամբ: Բանաստեղծությունից անդին անչափ հետաքրքիր էր հենց բանաստեղծն՝ իր բռնկուն էությամբ, հումորավ, դիպուկ խոսքով:
Ներկայացնում ենք բանաստեղծի մասին Խիկար Բարսեղյանի մի հուշ-պատառիկ, որտեղ երևում է Շիրազն իր ամբողջ հմայքով, նաև երևում է նրա վերաբերմունքը գրականության ու երիտասարդ գրողների նկատմամբ:
Շիրազը, Ալազանը, Սևակը, Սարուխանը, Էդոյանն ու պոեզիայի ճակատագիրը
8 մայիսի 1968
Երիտասարդ ստեղծագործողներին խրախուսելու նպատակով «Հայաստան» հրատարակչությունը ստեղծել է «Առաջին գիրք» մատենաշարը։ Յուրաքանչյուր գրքույկի ծավալը մեկ մամուլ է՝ յոթ հարյուր տող չափածո։ Շիրազն ասաց, որ պաշտպանում է մատենաշարի մտահղացումը. երիտասարդները օգնության կարիք ունեն, բայց անհրաժեշտ է միաժամանակ պահանջկոտ լինել։
— Վահրամ Ալազանն է բանաստեղծական կնքահայրս, —ասաց նա, — նա է ձեռքս բռնել, վեր բարձրացրել, «Գարնանամուտս» խմբագրել: Ես բնավ չեմ մոռանա նրա եղբայրական հոգատարությունը: Մեր որոշ սկսնակ բանաստեղծներ ո՛չ իմ ճանապարհով են գնում, ո՛չ էլ Պարույր Սևակի, մոլորության մեջ են, ուստի օգնության մեծ կարիք ունեն, նրանք պետք է հետևեն հայ պոեզիայի գեղեցիկ ավանդույթներին:
Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնում եմ, ինչպես կաղնի ծառն է սկսվում հողից, այնպես էլ պոեզիան է սկսվում հայրենի խրճիթից։ Բանաստեղծական մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն։ Սրանց ավելացրած՝ համամարդկային զգացմունքները։
— Հրաշալի է։ Իսկ ի՞նչ է, մեր հրատարակած առաջին գրքերն այդպիսին չե՞ն:
— Առայժմ՝ ո՛չ։ Դրանք ձնծաղկի են նման, մանուշակ չեն: Այնուհանդերձ, ես գիտեմ նաև, որ անտառը միայն կաղնիներից չէ, անտառում ծաղկում են և՛ փոքրիկ մանուշակը, և՛ հսկա կաղնին, և՛ մասրենին, և՛ բարձր բարդին, դրանք բոլորն էլ պետք են, ինչպես մարդու զույգ աչքերը: Բայց ամեն մի հայ բանաստեղծ պետք է առաջին հերթին ուղեցույց ունենա Գրիգոր Նարեկացու և Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի ու նաև՝ չասես թե մեծամտում եմ, Հովհաննես Շիրազի պոեզիան ...
Իմացեք. իսկական պոեզիան միշտ քնարական է և միշտ քաղաքացիական։
Կիրովականից Հրաչյա Սարուխան անունով մի պատանի երեկ ինձ մոտ էր եկել, բանաստեղծություններ է գրում. «Առաջին գիրք» մատենաշարով պետք է լույս տեսնի նրա գրքույկը, պատրաստվում է բանակ մեկնել: Հայրենասեր տղա է, ծանոթացա նրա բանաստեղծություններին։ Թեև որոշ գործեր պղտոր են, բայց խորքում զուլալ ու ազնիվ շատ բան կա, դե՜, ինչքան չլինի Հովհաննես Թումանյանի հայրենակիցն է, արմատը Լոռու ձորումն է։ Օգնիր Սարուխանին:
Հենրիկ Էդոյանը նույնպես արժանի է ուշադրության, սովորում է համալսարանում. նա էլ է առաջին գրքի հեղինակ, կարող է իսկական բանաստեղծ դառնալ։
— Իսկ ինչո՞վ է տարբերվում իսկական բանաստեղծը ոչ իսկական բանաստեղծից։
— Ինչը՞ղ չիդես, իսկական բանաստեղծն անուն ունի, անիսկականը՝ կեղծանուն։
— Իսկ դու իսկական բանաստեղծ չե՞ս, որ ծածկանուն ունես:
Տեսնո՞ւմ ես, դու կեղծանուն չասացիր, այլ ծածկանուն ասացիր, ուրեմն ինձ ճիշտ, հասկացար, և ապա՝ առյուծները օրենքից դուրս են։ Ես Հովհաննես Շիրազն եմ...
Հըբը՞
Աղբյուրը՝ Խիկար Բարսեղյան, Շիրազ, Երևան, 1990: