«Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում»։
Աշխարհի ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից մեկը՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» 1943 թ․ իր առաջին հրատարկությունից հետո տասնամյակներ շարունակ մնում է ամենից ընթերցվող, մեկնաբանվող երկերից մեկը։ Այն ամենատարբեր ընթերցումների է ենթարկվել․ մեկնաբանվել որպես մանկական հեքիաթ մեծերի ու փոքրերի հարաբերությունների մասին, իրական հիմքով սիրային պատմության այլաբանություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համարվել հակաֆաշիստական հայտարարություն, նույնիսկ Էքզիստենցիալ առակ մենության մասին։
Շատ դժվար է սահմանել այս գործի ժանրը՝ վեպ, վիպակ, հեքիաթ, առակ։
Իհարկե այս ստեղծագործության մեջ բոլոր թվարկված թեմաներն էլ կան․ առաջին հերթին մեծերի ու փոքրերի հարաբերությունը, որտեղ մեծահասակները երևակայությունից զուրկ, նյութական աշխարհում ապրող էություններ են, իսկ երեխաներն ընդհակառակը աշխարհն ընկալում են սրտով կամ հոգով։ Երեխաները կարող են աստղային ճամփորդություններ անել, քանի դրա հնարավորությունն ունեն և դեռ չեն մեծացել, իսկ մեծահասակները, որոնք ավիրում են աշխարհը պետք է փոխվեն։
Վիպակի շատ հատվածներում, հղումներ ենք տեսնում Նոր Կտակարանին, օրինակ 14-րդ գլխում օձն ասում է, որ նա իջել է աստղերից, նա փնտրում է փոքրիկ գառնուկին, գիտենք, որ Քրիստոս իր հավատացյալ հոտին հավաքելու եկավ, կամ բաոբաբի սերմերի մասինառակը հիշեցնում է մեր տեր Հիսուս Քրիստոսի սերմնացանի առակը։ Հատկապես ուշագրավ է այս երկի 21-րդ գլուխը, որտեղ հերոսն հանդիպում է խորհրդավոր աղվեսին։ Այս հանդիպումը հեղինակին հնարավորություն է տալիս բյուրեղացնելու իր ասելիքը, հստակ ձևակերպումներով մատուցելու ամբողջ երկի հիմնական գաղափարը։ Ներկայացնում ենք այս առինքնող ստեղծագործության այդ հատվածը։
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ
XXI
Հենց այստեղ էլ հայտնվեց աղվեսը:
Բարև, – ասաց նա:
– Բարև, – քաղաքավարի պատասխանեց Փոքրիկ իշխանը՝ գլուխը շուռ տալով: Բայց նա ոչ ոքի չտեսավ:
Ես այստեղ եմ, – նորից լսվեց ձայնը: – Խնձորենու տակ...
Դու ո՞վ ես, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ինչքան սիրո՛ւն ես...
Ես աղվեսն եմ, – ասաց աղվեսը։
– Մի քիչ խաղա ինձ հետ, – խնդրեց Փոքրիկ իշխանը, – ես շատ տխուր եմ։
- Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, – պատասխանեց աղվեսը, – ես ընտելացած չեմ:
– Ախ, ների՛ր, – ասաց Փոքրիկ իշխանը:
Հետո մի փոքր մտածելով՝ հարցրեց.
– Իսկ ինչպե՞ս են ընտելացնում։
- Դու տեղացի չես երևում, – նկատեց աղվեսը։ – Ի՞նչ ես փնտրում այստեղ:
- Մարդկանց եմ փնտրում, – պատասխանեց Փոքրիկ իշխանը: - Իսկ ինչպե՞ս են ընտելացնում։
- Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս: Դա շատ անհարմար բան է։ Հետո՝ նրանք հավ են պահում։ Նրանց լավն էլ միայն այդ է։ Դու հա՞վ ես փնտրում:
- Ո՛չ, - ասաց Փոքրիկ իշխանը։ - Ես բարեկամ եմ փնտրում: Իսկ ինչպե՞ս են ընտելացնում։
– Դա վաղուց մոռացված հասկացողություն է, – բացատրեց աղվեսը: Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ...
– Կապվե՞լ...
– Հենց բանն էլ այդ է, – ասաց աղվեսը։ – Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր տղաները: Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար։ Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը...
– Ես սկսում եմ հասկանալ, – ասաց Փոքրիկ իշխանը: – Մի վարդ կար... որը երևի ինձ ընտելացրել էր...
Շատ հավանական է, – համաձայնեց աղվեսը: - Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում:
- Դա երկրի վրա չէր. – ասաց Փոքրիկ իշխանը։
Աղվեսը շատ զարմացավ:
– Ուրիշ մոլորակի վրա...
- Ամեն դեպքում:
– Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կա՞ն։
- Ո՛չ:
– Ինչ հետաքրքիր է: Իսկ հավ կա՞։
-Ո՛չ:
– Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում, – հառաչեց աղվեսը։ Բայց հետո նա նորից խոսեց նույն բանի մասին.
– Իմ կյանքը ձանձրալի է անցնում: Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ: Բոլոր հավերը մեկ են, և մարդիկ էլ մեկ են: Եվ իմ կյանքը ձանձրալի է: Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը, ոնց որ արևից, կլուսավորվի: Քո ոտնաձայները՝ ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից։ Եվ հետո նայիր... Տեսնո՞ւմ ես, այնտեղ՝ արտերի մեջ, հասնում է ցորենը: Ես հաց չեմ ուտում։ Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերը ինձ nչինչ չեն հիշեցնում։ Եվ դա շատ տխուր բան է։ Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը...
Աղվեսը լռեց ու երկար ժամանակ նայում էր Փոքրիկ իշխանին: Հետո ասաց.
– Խնդրում եմ, ընտելացրու ինձ:
– Ես ուրախությամբ այդ կանեի, – պատասխանեց Փոքրիկ իշխանը, բայց ես այնքան քիչ ժամանակ ունեմ... Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ և նրանցից դեռ ուրիշ շատ բաներ պիտի իմանամ:
– Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել, - ասաց աղվեսը: – Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:
– Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել, – հարցրեց Փոքրիկ իշխանը։
– Հարկավոր է համբերություն ունենալ, – պատասխանեց աղվեսը։ Նախ՝ նստիր այնտեղ՝ խոտի վրա, այ, այդպես: Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա: Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: Նստիր այնտեղ, բայց օր օրի վրա մի փոքր մոտեցիր...
Հաջորդ օրը Փոքրիկ իշխանը նորից եկավ նույն տեղը։ Ավելի լավ է միշտ նույն ժամին արի, – խնդրեց աղվեսը։
- Ա՛յ, օրինակ, եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ։ Եվ որքան ավելի մոտենա նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ։ Ժամը չորսին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ՝ իմ սիրտը... Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը։
– Իսկ ի՞նչ բան է ծիսակատարություն , – հարցրեց Փոքրիկ իշխանը:
- Դա էլ վաղուց մոռացված բան է, բացատրեց աղվեսը: – Դա մի բան է, որի շնորհիվ մի օրը այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը մյուս ժամերին:
Այ, օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն․ հինգշաբթի օրերին նրանք պարում են գյուղի աղջիկների հետ: Եվ ի՛նչ հիանալի օր է հինգշաբթին: Ես զբոսանքի եմ գնում և հասնում մինչև խաղողի այգիները: Իսկ եթե որսորդները պարեին երբ խելքները փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չէի հանգստանա:
Այսպես Փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց։ Եվ ահա հասավ հրաժեշտի ժամը:
– Ես լաց կլինեմ քեզ համար, – հառաչեց աղվեսը:
- Դու ես մեղավոր, – ասաց Փոքրիկ իշխանը: - Ես չէի ուզում, որ քեզ
համար դժվար լինի, դու ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ:
– Այո, իհարկե, – ասաց աղվեսը:
– Բայց դու լավ կլինես:
– Այո՛, իհարկե:
– Նշանակում է, որ դու վատ ես զգում քեզ։
– Ո՛չ, – առարկեց աղվեսը: - Ես ինձ լավ եմ զգում: Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին:
Նա լռեց: Հետո ավելացրեց.
Գնա, մի անգամ էլ նայիր վարդերին: Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է։ Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ: Դա կլինի իմ նվերը քեզ։
Փոքրիկ իշխանը գնաց վարդերին նայելու:
– Դուք բոլորովին նման չեք իմ վարդին, – ասաց նա: – Դուք դեռ ոչինչ եք: Ոչ ոք ձեզ չի ընտելացրել, և դուք ոչ ոքի չեք ընտելացրել: Առաջ իմ աղվեսն էլ ձեզ նման էր: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս հարյուրհազարավոր աղվեսներից: Բայց ես նրա հետ բարեկամացա, և հիմա նա միակն է ամբողջ աշխարհում։
Վարդերը շատ շփոթվեցին:
- Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ, – շարունակեց Փոքրիկ իշխանը: Ձեզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է։ Բայց ինձ համար մենակ նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն և ոչ թե ձեզ էի ես ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրան էի շիրմայով առանձնացնում: Նրա համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան։ Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր։ Նա իմն է:
Եվ Փոքրիկ իշխանը վերադարձավ աղվեսի մոտ։
- Մնաս բարով, – ասաց նա։
– Գնաս բարով, – ասաց աղվեսը։ - Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
-Ամենագլխավորը աչքով չես տեսնի, - կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի։
– Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
– Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին... - կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
– Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, – ասաց աղվեսը։ - Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար։
– Ես իմ վարդի համար պատասխանատու եմ... – կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: