Օրն ու կյանքը
1904 թ. հունիսի 16-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում են ծավալվում համաշխարհային գրականության ամենահայտնի ու ամենադժվարընթեռնելի վեպի՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» գործողությունները: Վիպական կյանքի ընդամենը մեկ օր՝ ներկայացված հսկայածավալ վեպում: Հեղինակն այս օրը պատահական չի ընտրել. հենց այդ օրն է Ջոյսը ծանոթացել իր ապագա կնոջ՝ Նորա Բարնաքըլի հետ, որն այդ ժամանակ աշխատում էր Դուբլինի հյուրանոցներից մեկում: Հետագայում և մինչ օրս Դուբլինում հունիսի 16-ը նշվում է որպես տոն և ունի իր անունը՝ «Բլումսդեյ»՝ Բլումի օր, վեպի գլխավոր հերոսի անունով: Այս օրը երկրպագուները կրկնում են վեպի հերոսների «ճանապարհորդությունները» քաղաքում, ընթերցում հատվածներ վեպից:
«Ուլիսեսն» ու «Ոդիսականը»
«Ուլիսեսի» գլխավոր հերոսը՝ ծագումով հրեա Լեոպոլդ Բլումն է, որը հունիսի 16-ի առավոտյան դուրս է գալիս տնից և շրջում Դուբլինում, հանդիպում ծանոթ ու անծանոթ մարդկանց, փնտրում ինչ-որ բան: Զուգահեռաբար քաղաքի այլ հատվածից իր ճանապարհորդությունն է սկսում մեկ այլ հերոս՝ Սթիվենը: Այս հերոսները միմյանց ճանաչում են, բայց կարծես թե կապ չունեն իրար հետ, սակայն կա մի ներքին հոգեբանական նուրբ թել, որ միացնում է նրանց: Վեպը կառուցված է Հոմերեոսի «Ոդիսական» էպիկական պոեմի համաբանությամբ, կամ ավելի ճիշտ այդ մեծ էպոսի պարոդիան է: Վեպի հիմնական մոտիվները (հոր փնտրում, հայրերի ու որդիների բախում, փորձությունների հաղթահարում և տուն վերադարձ, կնոջ հավատարմություն և այլն) և կերպարները հիշեցնում են «Ոդիսականը», սակայն խաղարկվում են նվազաբերությամբ, վերածվելով պարոդիայի:
Հորը մերժող որդին, որդուն փնտրող հայրը և անհավատարիմ կինը
Սթիվենը, ներկայացնում է էպիկական Ոդիսևսի որդուն՝ ժամանակակից Թելեմաքոսին: Սակայն հորը փնտրելու փոխարեն, վերջինս մերժում է ավանդական դաստիարակությունը, ընդվզում հոր դեմ: Մյուս հերոսը՝ Լեոպոլդ Բլումը՝ համապատասխանում է Ոդիսևսին, սակայն առանց հերոսականության նշույլի. նա վախկոտ է, գծուծ, ընդհանուր առմամբ տհաճ մի մարդ, որի հետ մարդիկ խուսափում են շփվել: Բլումի կինը՝ Միլլին, թեև մտածված է որպես հավատարմության խորհրդանիշ Պենելոպեի՝ Ոդիսևսի կնոջ ժամանակակից դրսևորում, սակայն Պենելոպեի հակապատկերն է քանի որ հավատարիմ չէ ամուսնուն: Եվ ընտանեկան-կենցաղային այս դրամայի ամբողջ աբսուրդն այն է, որ հերոսը գիտի կնոջ դավաճանության մասին, ինքն էլ այդքան հավատարիմ չէ, սակայն կապված է կնոջ հետ ու միշտ վերադառնում է նրա մոտ:
Երջանկության պատրանքը
Իհարկե, կնոջ ու տղամարդու, հաճախ աբսուրդի հասնող հարաբերությունները վեպի միայն մեկ շերտն են ներկայացնում: «Գիտակցության հոսք» կոչվող գրական մեթոդի կիրառությամբ ստեղծված այս` իսկապես բարդ, սակայն անչափ հետաքրքիր վեպում լիուլի ներկայանում են Իռլանդիայի պատմությունը, Անգլիայի հետ բարդ հարաբերությունները, արծարծվում են հայրերի ու որդիների, անհատի կայացման, պայքարի ու ազատության և շատ այլ փիլիսոփայական, կրոնական ու քաղաքական հարցեր, սակայն, այդուհանդերձ, գլխավորը՝ սիրո ու տուն վերադարձի թեման է: Տունը, թեկուզ և անհավատարիմ կնոջ տաք անկողինը կանչում է Բլումին, տուն է կանչում Ոդիսևսին, գրական ու իրական այլ հերոսների՝ նրանց պարգևելով ապահովության զգացում ու երջանկության պատրանք:
Հայերեն
Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» հայերեն թարգմանությունը հրատարակվել է 2011 թ.: Թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան