Աստվածաշնչում, աստվածաբանական գրքերում, նաև տարբեր ժողովուրդների հնագույն հավատալիքներում հանդիպում են բարի, ավետաբեր օգնական ոգիներ, զորություններ, որոնք միջնորդի դեր ունեն մարդկանց և Աստծու կամ աստվածների միջև։ Այդ ոգիները քրիստոնեական մշակույթում կոչվում են հրեշտակներ։ Աստվածաշնչում նրանք կոչվում են պատգամավոր, առաքյալ, ավետաբեր (Ա թագ. 2. 27): Հրեշտակները ծնվել են լույսի հետ, չեն պատկանում որևէ սեռի (Մատթ. 22.30, Ղուկ. 20.35-36), պատկերվում և ընկալվում են որպես թևավոր արարածներ, զորավոր են, կազմում են աստվածային երկնային բանակը (Հայտ. 5.11): Այդ բանակի զորագլուխներն են Գաբրիելը, Ռաֆայելը, Միքայելը, Անայելը, Ուրիելը, Բարագիելը և այլք (Դանիել 9.21, 10.13, Ղուկ. 1.19 և այլուր):
Հրեշտակների մասին այլ ուշագրավ մանրամասներ կարող ենք գտնել բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի (1820-1901 թթ․) Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց նշանավոր աշխատության մեջ։ Հին հայերի հավատալիքների, կրոնական պատկերացումների ու ծեսերի մասին այս աշխատությունից մի հատված ներկայացնում ենք ստորև։
ԲԱՐԻ ՈԳԻՆԵՐ
Հրեշտակ բառն ու նշանակությունը
Կան ոգեղեն էակներ, որ ճշմարտությամբ ավելի բարձր են, քան մարդիկ, և (անհամեմատ) ավելի ցածր, քան Աստված, և ճանաչված են գրեթե բոլոր կրոններում․ հրեաների և քրիստոնեակներին դրանք ծանոթ են հրեշտակ ամվամբ, կարծիքների ինչ֊ինչ այլայլությամբ՝ նաև մահմեդականներին, այլ միաստվածայինների, նաև որոշ բազմաստվածայինների։ Մեր սուրբ կրոնը հրեշտակներին ճանաչելի է դարձնում որպես աննյութ հոգիներ, Աստծու և մարդկանց միջև միջնորդներ, Աստծու պաշտոնատարներ, որոնք նրա կամք ու հրամաններն են կատարել տալիս երկրում՝ հանուն մարդկանց, նրանց պաշտպանում են չար ոգիներից և վտանգներից և երբեմն երկուսին էլ պատժում են։ Ինչպես նրանց էության, այնպես էլ զորության ու գործերի վերաբերյալ հեթանոսներն ունեն այլևայլ և օտարոտի կարծքիներ ու զրույցներ։ Մեր քննելիքը մեր ազգի վերաբերյալ է, բայց հայտնի ծանոթություն չունենք, թե հին հայերը այսպիսի հոգիների նկատմամբ ինչ ու ինչչափ հավատք ունեին, ինչպես էին զանազանում ուրիշ տեսակ կարծված բարի ոգիներից, թե՞ միայն սրանք էին նրանց համար հրեշտակ համարելի։ Ինչ էլ լինի, քննելի և նշանակալի է հրեշտակ անունն իսկ, ինչը և ստուգաբանվւմ է «թևարձակ» (փերհիշթե) և հարմար է սովորաբար նրանց ընդհանրական գաղափարին, այսինքն՝ միշտ թևավոր նկարակերպելուն։
Մեր հրեշտակ բառի մեջ նշանավոր է նաև նվազական կամ գգվական վերջավորությունը։ Եվ ինչպես որ երկու ազգերն էլ (հայոց և պարսից) ունեն շատ ընդհանուր բառեր, և չենք կարող ասել և որոշել, թե որն է մյուսից առել, պիտի որ երկուսն էլ շատ հնուց գործածած լինեն, գուցե և ավելի վաղ, քան զանդիկ աղանդը, քանի որ սրա մեջ այդ անունը չկա։
Հրեղեն և բոցեղեն
Մեր հին ձեռագրերում ունենք նաև հրեշտակ ձևը, որը, եթե հայոց լեզվի համար սեփական համարվեր, հրաշքի գաղափարը կձգեր մտքի մեջ, նաև հրի գաղափարը, որովհետև նրան հրեղեն համարելն ու կոչելն էլ եղել է քրիստոնեությունից առաջ։ Այսպիսի հայկական ենթադրությամբ հրեշտակ բառը կարելի էր ստուգաբանել նաև ըստ հուր և եշտ բառերի, որոնցից վերջինը, թեև առանձին չի գտնվում, բայց քննության մի կետ է տալիս զավեշտ բառի հնչմամբ ու նաև իմաստով, որին մերձավոր է մեր մեջ սովորական դարձած հրեշտակ կոչումը։
Առաջինի (հրեղենի) մասին Ս․ գիրքն ասում է (սաղմոսներում)․ «Ո արար զՀրեշտակս իւր հոգիս, և զՊաշտօնեայս իւր ի բոց հրոյ»․ այդ իսկ պատճառով մեզանում նրանք անվանվում են նաև բոցեղեններ։ Երկրորդի համար Շնորհալին ասում է․ «Զուարթուն կոչին Հրեշտակք, որ են անքուն ակամբ և լուրջ երեսօք»։ Ըստ այսմ՝ անվանում են նաև հսկող։ Սաղմոսի վկայությունը նշանակալից է նաև պաշտոնատար կոչմամբ, քանի որ ըստ մարդկանց ծանոթության ու անհրաժեշտության՝ դա է նրանց գլխավոր գործը։ Եվ հրեշտակ կոչումն արդեն իսկ մեզանում նշանակում է նաև «պատգամավոր» կամ «դեսպան»։
Պահապան հրեշտակներ
Քրիստոնեության մխիթարական հավատալիքների մի կետն էլ վերաբերում է երկրի ու մարդկանց նկատմամբ հրեշտակների խնամքին կամ պահպանությանը։ Եվ ենթադրվում է, որ ինչպես անհատները, այնպես էլ մարդկանց ու արարածների խմբերը պետք է ունենան հատուկ պահպանող հրեշտակ։ Ասվածի հիման վրա են աղթարքները մատնանշում ու որոշում երկրի այլևայլ մասերի պահապաններին ու իշխաններին, ինչպես՝
Ռափայել՝ ջերմության,
Սարաքինել՝ ծնունդների,
Մազանայել՝ մայրիների,
Հովիել՝ քնի,
Աթանաել՝ մանուկների,
Մեղվոս՝ ջրերի,
Կռետիոս՝ արեգակի ու լուսնի։
Մեզնից լավերը
Կան նաև ուրիշ խորթ անուններով հրեշտակներ էլ, որոնցից 15 գլխավորները, ըստ գրողի, «են շուրջ զաթոռովն Աստուծոյ, ամենեքեան զօրագլուխ Հրեշտակք են, և ի ձեռին ունին զհուրն․ գոհանան և կապեն զամենայն պեղծ և զչար դեւսն»։
Թեև սրանք նոր գյուտ են և քրիստոնեական գաղափարով են, բայց մեզ դեռ անհավանական չի թվում, որ քրիստոնեությունից առաջ հայերի մեջ եղել են հրեշտակների անուններ ու նրանց մասին կարծիքներ։ Թեև հրեշտակներ չեն մնացել, ենթադրում եմ բարի ու չար ոգիների՝ մեկ սկզբից առաջ գնալու (ինչպես հրեշտակների ու դևերի) ճանաչված լինելը։ Վերջիններս հույների դեմոն կոչվածների նման համարվում էին պահապան կամ ազդարար հրեշտակներ՝ թերևս ավելի ստորակարգ, քան հրեշտակներից ոմանք։ Թվում է՝ սրանց տեսակից են առ այսօր ռամիկների մեջ հեթանոս հայրերից մնացած ավանդությամբ հիշված «Մեզնէ աղէկները»․ նրանք, իբր շողոքորթելով, այդպես էին կոչում այդ ոգիներին, որ իրենց վնաս չհասցնեն։ Եթե քաջքեր չեն, սրանց նման պիտի լինեն Աղեկ մանուկ կոչվածները։ Մի թեթևամիտ բարոյախոսական պատմության մեջ մի կախարդ, մեկին գթալով, ասում է․ «Ո՜վ որդեակ, դա որ նեղէ զքեզ՝ չէ դեւ, այլ Հողմ դիպաւ քեզ», և կամ «Աղէկ մանուկ եհար զքեզ նախանձով»։ Մի բժշկարան էլ, խելագարի զգացածը բացատրելով, ասում է, որ կարծում են, թե «կու բռնեն զիս Աղէկ Մանկտիք»։ Աղթարական մի գրվածք էլ չարակնին խոստովանել է տալիս․ «ԶԱղէկ մանուկն հալեմ․ զտղայն ի մօր գիրկն չարչարեմ»։ Այս վկայությամբ հայտնի է դառնում, որ թեև այս մանուկ ոգիները անունով Աղեկ են, բայց շատ անգամ՝ նաև չարաճճի։