- Արևելահայերեն խոսողներին ՄԱԿԱՆՈՒՆ բառը քաջ ծանոթ է. նշանակում է «մեկին տրված վերադիր անուն» (մականունավոր շատերի գիտենք): Արևմտահայերենում ՄԱԿԱՆՈՒՆ բառն ունի «ազգանուն» իմաստը. սփյուռքի հայկական վարժարաններում սաները տետրերի վրա գրում են իրենց անուն-մականունները:
Ամերիկայից եկած արևմտահայը հարցնում է հայաստանցի երիտասարդին.
- Մականունդ ի՞նչ է:
- Չաղ:
Պատասխանը շշմեցնում է մեր հայրենակցին. մի՞թե հայկական այդպիսի ՄԱԿԱՆՈՒՆ («ազգանուն») կա: Կողքից հուշում են երիտասարդի ազգանունը՝ Սարգսյան, և ամեն ինչ տեղն է ընկնում:
- Արևմտահայերենում ՁԳԵԼ նշանակում է «թողնել, լքել, արձակել», արևելահայերենում՝ «պրկել, պնդացնել, ամրացնել», «քաշել, ձիգ տալ որոշակի ուղղությամբ» և այլն: Հիմնական իմաստների այս տարբերությունը հաճախ զավեշտալի իրավիճակների պատճառ է դառնում:
Դպրանոցի հայաստանցի ուսանողը օգնում է սփյուռքահայ սրբազանին հագնելու ծիսական հանդերձանքը: Գոտին է կապում: Երբ արդեն բավական ձիգ, հարմար է լինում, սրբազանն ասում է՝ ձգէ՛, այսինքն՝ թող, բավական է: Հայաստանցի ուսանողը մտածում է, որ թույլ է, է՛լ ավելի է ձգում: Սրբազանը կրկնում է՝ ձգէ՛: Ուսանողն այնքան է ձգում, որ արդեն ցավ է պատճառում: Զայրացած սրբազանը, երբ տեսնում է, որ խոսքը չի հասկացվում, ձեռքով արգելում է ձգելը:
- Արևելահայերենում ՊԱՀԱՐԱՆ բառը հիմնական իմաստով կահույքի մաս է նշանակում, պահարանի տարբեր տեսակներ կան՝ գրապահարան, սպասքապահարան, զգեստապահարան: Հայաստանում ՊԱՀԱՐԱՆ բառը «ծրար» իմաստով շա՜տ վաղուց չի գործածվում, հնացած-մոռացված է, մինչդեռ արևմտահայ սփյուռքում այդ իմաստով գործածական է և երբեմն թյուրիմացությունների պատճառ է դառնում:
Բեյրութցի մի հայ գալիս է Երևան՝ հետը բերելով երկու ծրար, որոնք պիտի հանձնի հասցեատիրոջը: Զանգում է երևանցուն, թե երկու պահարան ունի հանձնելիք: Արևմտահայերենից լուր չունեցող երևանցին բեռնատար մեքենայով գնում է «պահարանների» հետևից ու շատ է զարմանում, երբ մարդը թևերը թափ տալով մոտենում և գրպանից ընդամենը երկու ծրար է հանում:
- ՎԱՅՐԿՅԱՆ-ը արևելահայերենում րոպեի 1/60-րդ մասն է: Այս բառը արևմտահայերենում հիմնական իմաստով նշանակում է «րոպե», այսինքն՝ արևմտահայի համար վայրկյանը ժամվա 1/60-րդ մասն է:
Բազմաթիվ ժամադրություններ ու պայմանավորվածություններ են խափանվել բառի իմաստային այսպիսի բաշխման պատճառով: Արևմտահայի 40 վայրկյանը հայաստանցու համար վաղանցիկ մի պահ է, այնինչ արևմտահայի համար 40 երկար ու ձիգ րոպեներ են...
Երևանում տաքսու վարորդը զանգահարում է արևմտահայ պատվիրատուին և ասում, որ մի 30 վայրկյանից տեղում կլինի: Պատվիրատուն նեղվում է՝ ասելով, որ այդքան չի կարող սպասել, շտապում է և ... չեղարկում է պատվերը:
Իհարկե, չմոռանանք, որ արևմտահայերենում ՎԱՅՐԿՅԱՆ բառը փոխաբերաբար նաև «ակնթարթային ժամանակամիջոց» է նշանակում:
- ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ բառի շատ իմաստներ ընդհանուր են հայերենի գրական երկու տարբերակներում: Բայց արևմտահայերենում ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ բառը գործածվում է մի իմաստով, որ չկա արևելահայերենում՝ «մարմնի հիվանդ մասի հատում՝ հանում. վիրահատություն» (ֆրանսերեն opération, ռուսերեն операция):
Եվ հայաստանցին զուր է տարակուսում և հազար ու մի բան մտածում, երբ լսում է, որ «Զաբելին գործողություն ըրին...»:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ