Այսօրվա հայերենում կան Ի նախդիր ունեցող բազմաթիվ կապակցություններ, որոնք գրաբարյան (կամ գրաբարատիպ) քարացած կառույցներ են։ Դրանք հաճախադեպ են թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքում։ Գրասենյակային բառապաշարի անքակտելի մաս են ի պաշտոնե, ի տնօրինություն, ի լրումն, ի կատարումն, ի փոփոխումն, ի գիտություն, ի պատասխան և այլն, որոնք սովորական են նաև մամուլի լեզվում։ Ամենօրյա գործածություն ունեն, հանրածանոթ են ի հիշատակ, ի ծնե, ի դեպ, ի շահ, ի տարբերություն և այլն։
Ի նախդիր ունեցող որոշ կապակցություններ գործածելիս մարդիկ տարատեսակ դժվարություններ են ունենում։ Դրանց մի մասն առնչվում է մասնավորապես կապակցությունների գրությանը, նաև իմաստ(ներ)ին և գործածությանը: Ներկայացնենք մի փունջ:
-
Ի ՏԵՍ
Ի նախդիր ունեցող կապակցությունների բաղադրիչները հիմնականում գրվում են առանձին, ինչպես՝ ի դեպ, ի նշան, ի նպաստ, ի սկզբանե, ի պատիվ և այլն: Այդպես է նաև եռաբաղադրիչ բայերի դեպքում՝ ի վիճակի լինել, ի զորու լինել, ի չիք դառնալ, ի սպաս դնել և այլն:
-
ԻԶՈՒՐ
Այժմ անանջատ են գրվում իզուր, իհարկե, իսպառ բառերը։ Դրանք սկզբնապես անջատ են գրվել, հիմա այդպես են գրվում միայն ավանդական ուղղագրությամբ տեքստերում (ի զուր, ի հարկէ և ի սպառ):
-
Ի ՄԻՋԻ ԱՅԼՈՑ / ԻՄԻՋԻԱՅԼՈՑ
Ի միջի այլոց գրաբարյան կապակցությունը նշանակում էր «ի թիվս այլոց, ուրիշների թվում»: Կապակցության բաղադրիչները ժամանակի ընթացքում կցվեցին, և ձևավորվեց բառ՝ իմիջիայլոց, որը բառային յուրահատուկ իմաստ ձեռք բերեց։ Բառային միավորը ակադեմիական բացատրական բառարանում արձանագրված է երեք իմաստով։ Այսպես.
- «Առանձին ուշադրություն չդարձնելով, հատուկ նշանակություն չտալով» (այսինքն՝ «հենց այնպես»): Օրինակ՝ Նկատել եմ, որ բոլոր գործերդ իմիջիայլոց ես անում։
- «Ի դեպ»: Օրինակ՝ Արամը, իմիջիայլոց, վերջերս չարացել է։
- «Ի թիվս այլոց, ուրիշների թվում» նախնական իմաստն արդեն հնացած է։ Այս իմաստով գործածելիս բաղադրիչներն առանձին պետք է գրվեն, ինչպես եղել է անցյալում (նաև այսօր՝ ավանդական ուղղագրությամբ):
Բայց ահա Էդ. Աղայանի հանրածանոթ բացատրական բառարանում բառը գրանցվել է ի միջի այլոց ձևով: Ի՞նչ անի այս երկու բառարաններից օգտվող մարդը: Պիտի արձանագրի, եղել է զուգաձևություն, բայց այժմ անանջատ գրությունը հաղթել է։ Բաղադրիչների առանձին շեշտադրումը գրեթե անհնար է:
-
Ի ԾՆԵ
Բացառական հոլովի գրաբարյան քարացած ձևն է (ի ծնէ), նշանակում է «ծնունդից սկսած, ծնված օրից»: Առանձին շեշտադրումը թույլ չի տալիս երկու բաղադրիչները միավորել, այդ պատճառով էլ անջատ է գրվում, թեև ոմանք սխալմամբ միասին են գրում:
-
Ի ԲՆԵ
Ի ծնե-ին նման է (արմատն է բուն). նշանակում է «ծնված օրից, բնույթով, այսպես ասած՝ ի բնութենե՝ բնությամբ»: Արտասանվում է ի բընե՛։ Երբեմն գրում են միասին։ Երբ միասին է գրվում (իբնե), ընթերցողը չի կարող ճիշտ շեշտադրությամբ կարդալ, քանի որ խաթարվում է բառի տեսքը: Ասենք, որ անանջատ գրությամբ գրանցվել է ակադեմիական բացատրական բառարանում («բնականից, ի ծնե» իմաստով), բայց այդ գրությունը ժամանակի ընթացքում մերժվել է: Ուղղագրական հետագա բառարաններում միայն առանձին գրությամբ է:
-
Ի ԶԵՆ
Զինվորներին ուղղված հրաման է, զենք վերցնելու, կռվի՝ մարտի բռնվելու կոչ: Բառացի նշանակում է «դեպի զենք, զենքի»: Առհասարակ առանձին է գրվում, բայց թյուրիմացության պատճառ կարող է դառնալ այն, որ ակադեմիական բացատրական բառարանում միասին գրությամբ է տրված: Հետագա բառարաններում համատարած առանձին գրությամբ է, զուգաձևություն չկա, ուստի պիտի գրել առանձին՝ ի զեն:
-
ՆԿԱՏԻ ԱՌՆԵԼ / Ի ՆԿԱՏԻ ԱՌՆԵԼ
Համացանցում և այլուր մարդիկ հաճախ են կրքոտ վիճաբանում այս կապակցությունների մասին: Ոմանք անգամ «անգրագետ» են պիտակում ի նկատի առնել կապակցության կողմնակիցներին:
Սկզբնապես եղել են նախդրավոր կառույցները՝ ի նկատի առնել, ի նկատի ունենալ: Սրանք նշանակում են «հաշվի առնել, ուշադրություն դարձնել» և ... այո՛, «նկատի ունենալ»: Այդպես է ակադեմիական բացատրական բառարանում: Ի՞նչ պիտի եզրակացնել: Ի-ով հին ձևերը լիովին դուրս չեն մղվել արդի լեզվից. կան մարդիկ, որ գործածում են պատվական հնություն ունեցող տարբերակները: Եվ նրանց անգրագիտության մեջ մեղադրելն առնվազն անգիտություն է:
-
ՇՆՈՐՀԻՎ
Շնորհիվ-ն այս շարքում չպիտի լիներ, սակայն դրվել է, քանի որ շատերն ասում են «ի շնորհիվ»։ Սա սխալ է։ Շնորհիվ-ը ո՛չ գրաբարում, ո՛չ էլ հետո երբևէ չի գործածվել ի նախդիրով, քանի որ դա հակասում է լեզվի օրինաչափություններին. գրաբարում գործիական հոլովաձևի հետ [շնորհ-իւ] ի նախդիր երբեք չի գործածվել։ Ուստի միայն և միայն ՇՆՈՐՀԻՎ։
-
ՍՐՏԱՆՑ
Սրտանց-ը ևս այս շարքում չպիտի լիներ, քանի որ ի-ով չպիտի գործածվի. դա սխալ է: Մարդիկ «սրտի խորքից, ամբողջ սրտով՝ հոգով, անկեղծությամբ» իմաստն արտահայտող այս բառը շփոթում են ի սրտե հոմանիշ միավորի հետ և անտեղի ի ավելացնում սրտանց-ին: Ի սրտե-ն գրաբարյան բացառական հոլովաձևն է, որ սոսկ «սրտից» չի նշանակում, այլ «սրտանց, սրտով, անկեղծորեն»: Եզրակացություն՝ ի սրտե, բայց սրտանց։