Ժամանակակից հայերենի (տվյալ դեպքում՝ արևելահայերենի) ուղղագրության ամենադժվար, միաժամանակ վիճահարույց հարցերից է բառերի և բառակապակցությունների բաղադրիչների միասին, անջատ կամ գծիկով գրությունը։ Թեև մշակված կանոններ կան, սակայն դեռևս նկատվում է գրության որոշ անմիօրինակություն, որը հայերեն գրողների համար ճիշտ կամ սխալ լինելու երկմտություն է առաջ բերում։
Արձանագրենք ինը դեպք։
- Գծիկով են գրվում յուրատեսակ այն կրկնավորները, որոնց առաջին բաղադրիչի կամ նրա սկզբնամասի բաղաձայնը փոխվել ու դարձել է՝
- փ – դափ-դատարկ, ճեփ-ճերմակ, լեփ-լեցուն,
- ս – կաս-կարմիր, մաս-մաքուր։
Ի դեպ, արևելահայ և արևմտահայ ժողովրդական խոսքում այսպիսի բազմաթիվ կազմություններ կան՝ դեփ-դեղին, սեփ-սև, նոփ-նոր, խոփ-խոշոր, միս-մինակ և այլն։ Այս կարգի որոշ միավորներ այստեղ-այնտեղ երբեմն պատահում են նաև անանջատ՝ միասին գրությամբ։ Բայց միանման մոտեցումը բազում հոգսերից է ազատում։ Ուստի գրենք գծիկով։
- Անանջատ են գրվում այն կրկնավորները, որոնց առաջին բաղադրիչը –ե մասնիկով է (նշանակում է «-ից»), ինչպես՝ սարեսար «սարից սար», դռնեդուռ, տնետուն, դարեդար։
Կազմությունների երկար կամ կարճ լինելը կապ չունի. բոլորը ենթարկվում են նույն կանոնին։ Գրվում են միասին, առանց գծիկի՝ սերնդեսերունդ, ամսեամիս, գյուղեգյուղ։ Անգամ երկրեերկիր, երբ երկու ե է, և գծիկ դնելու գայթակղություն է առաջանում։ Այդպես էլ աշխարհեաշխարհ։
- Տարեցտարի «տարի առ տարի, մի տարուց մյուսը», «ամեն տարի հաջորդաբար» բառի բաղադրիչներն անանջատ են գրվում, ինչպես որ օրեցօր բառինը։ Թեև բացատրական բառարաններում արձանագրվել է գրության զուգաձևություն՝ տարեցտարի և տարեց-տարի, բայց գծիկով գրությունն այսօր սխալ է համարվում։
- Ի նախդիր ունեցող կրկնավորները հիմա միասին են գրվում, ինչպես՝ հևիհև, փոխնիփոխ, կույրիկույր «կուրորեն», բացեիբաց։ Այդպես էլ մերթ ընդ մերթ և մերթընդմերթ զուգաձևությունների մրցակցությունում հաղթել է երկրորդը՝ անանջատ գրություն ունեցողը։
- Սովորաբար անջատ են գրվում առ նախդիր ունեցող կրկնավորները՝ բանակ առ բանակ, թուփ առ թուփ, ժամանակ առ ժամանակ, տող առ տող, բառ առ բառ, ժամ առ ժամ և այլն։ Բայց այստեղ էլ կան կազմություններ, որոնց բաղադրիչները մարդիկ երբեմն միասին են գրում, ինչպես՝ դեմ առ դեմ / դեմառդեմ։ Աչքին խորթ է (կարդալն ու գրելն էլ դժվար է) հատկապես երկար բառերի միասին գրությունը, օրինակ՝ վայրկյանառվայրկյան։ Միավորող մեկ շեշտով արտասանելն էլ գրեթե անհնար է։
Առ նախդրով բոլոր կրկնավորներն առհասարակ կարելի է անջատ գրել և հարցը փակել։
- Մի ժամանակ գծիկով են գրվել, բայց հիմա առանց գծիկի՝ անջատ են գրվում կրկնավոր այն կազմությունները, որոնց բաղադրիչներից մեկը հոլովված է, իմաստն էլ հստակ գիտակցվում է։ Այսպես՝
- թև թևի, ուս ուսի, մեջք մեջքի, գլուխ գլխի,
- գյուղից գյուղ, երկրից երկիր, քաղաքից քաղաք, տնից տուն։
- Վերջնականորեն միացել և միասին են գրվում մեկմեկու, մեկմեկի բառերի բաղադրիչները։ Բայց և չպիտի զարմանանք, երբ դասական գրականության մեջ հանդիպենք առանձին կամ գծիկով գրության։
- Ն.Ս.Օ.Տ.Տ. համառոտագրությունը բացելիս (Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր) ինչպե՞ս գրել՝ Տեր Տե՞ր, թե՞ Տեր-Տեր։ Առանձին գրելու ավանդույթ է ձևավորվել, հատկապես որ այդ բառերն առանձին են շեշտվում։
Գուցե ավելորդ է, բայց ասենք, որ ժողովրդական խոսքում գործածվող տերտեր «քահանա» բառի կրկնվող բաղադրիչները ձուլվել են և միասին են գրվում։
- Մանկական խաղ կա, որ կոչվում է տունտունիկ։ Տուն-տուն-ը գծիկով գրվող սովորական կրկնավոր է, բայց –իկ ածանցով նոր բառ է կազմվում, գծիկը վերանում է, բաղադրիչները միանում են։
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ