• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐ. Ձ – Ծ – Ց   [13 դեպք]

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐ. Ձ – Ծ – Ց  [13 դեպք]

Հայերեն գրողների համար երբեմն դժվարություններ են առաջ գալիս  ձ-ծ-ց  բաղաձայններ ունեցող մի շարք բառերի գրության ժամանակ, չնայած  որ դրանք մարդկանց հիմնականում  ծանոթ են դպրոցական տարիներից:

Ընտրել ենք ձ-ծ-ց-ի ուղղագրությանն առնչվող «վթարային» 13 դեպք:
Կրկնում ենք բաց թողածը:

 

1. Փառապանծ «փառավոր ու պանծալի» և սիգապանծ  «սեգ և պանծալի, վեհորեն գեղեցիկ» բառերի վերջում ծ է գրվում, թեպետ շատերը սխալմամբ ձ են գրում: Համոզված ծ գրելու համար հիշենք պանծալի բառը և չենք սխալվի:

 

2. Կցկտուր «կապ, կապակցություն չստեղծող՝ անկապ», «անավարտ մասերից՝ կտորներից կազմված, միասնական ամբողջություն չկազմող» բառը գրվում է ց-ով, թեպետ ոմանք այստեղ էլ ծ գրելու գայթակղություն են ունենում (հավանաբար կծկել  բայի ազդեցությամբ): Պիտի հիշենք կից, կցել բառերը ու կցկտուր-ը վստահ գրենք ց-ով:

 

3. Կծկել բայը ծ-ով է գրվում: Ոմանք շփոթում են կցկտուր-ի հետ ու կծկել-ը ց-ով գրում: Ծ-ն մտքում մեկընդմիշտ ամրակայելու համար հարկավոր է մտաբերել կծիկ-ը: 

 

4. Եթե բաղադրիչների բաժանենք կաթնահունց բառը, ապա կունենանք կաթով հունցված (խմորեղեն) կապակցությունը:  Եվ երբեք ձ-ով չենք գրի. հունցել բայը «թույլ չի տա»:

 

5. Ճրագալույց բառն ըստ բաղադրիչների մեկնաբանվում է «ճրագներ լուցանելը՝ վառելը»: Լուցանել գրաբարում նշանակում է «վառել» (հիշենք լուցկի-ն): Բառն առավելաբար եկեղեցական նշանակություն ունի՝ «Ծննդյան և Զատկի նախատոնակներին եկեղեցիներում բազմաթիվ ճրագներ և ջահեր վառելը»: Ց-ով:

 

6. Փայծաղ (սա մարդու և ողնաշարավոր կենդանիների արյունաստեղծ գործարանն է) բառում ծ է, չնայած շատերը բառն արտասանում են ընդգծված ց-ով, հարկ եղած դեպքում այդպես էլ գրում (ոմանք վերջում անգամ խ են գրում): Միշտ ծ-ով է եղել, իսկ գրաբարում՝ ն վերջնահնչյունով՝ փայծաղն: Եթե բառը ճիշտ արտասանենք, ապա ճիշտ էլ կգրենք:

Մի երիտասարդ ժամանակին ինձ ասաց, որ այս բառը ճիշտ գրելու համար հիշում է ծաղիկ բառը՝ ծաղ - փայծաղ: Բայց դրանց միջև, իհարկե, ոչ մի կապ չկա: Ուղղակի օժանդակող մի հնար է:

 

7. Մտացածին բառ ունենք, որ նշանակում է «մտքից ծնված, մտքով հնարված, երևակայությամբ ստեղծված»: Ոմանք ծին արմատի ծ-ի ազդեցությամբ ասում ու գրում են «մտածածին», որն անշուշտ սխալ է: Այստեղ ց է, քանի որ գրաբարյան միտք բառի սեռական հոլովաձևն է մտաց:  Մտացածին, այսինքն՝ մտքի ծնունդ:

 

8. Բաղադրյալ մի ածանց ունենք՝ -վածք, որ կազմված է դերբայական -ված վերջավորությունից և -ք մասնիկից՝ թխվածք, այրվածք, կազմվածք, կառուցվածք, սանրվածք, կոտրվածք և այլն:

Սրանք չպիտի շփոթել լվացք, գնացք և նման ուրիշ բառերի հետո, որոնք բոլորովին ուրիշ կազմություն ունեն: Այստեղ –ք ածանցն ավելանում է լվաց և գնաց հիմքերին:

 

9. Հասարակած բառն աշխարհագրական տերմին է, նշանակում է «երկրի պտույտի առանցքին ուղղահայաց մեծ շրջագիծը, որ հավասար հեռավորություն ունի երկու բևեռներից և երկրագունդը բաժանում է երկու հավասար մասերի»: Գրաբարում նշանակել է ուղղակի «կես», «հավասար», հիմքն է հասարակ, որից բաղադրված հասարակեալ  /  հասարակած-ը հավասար կիսվածն են ցույց տալիս:

Ակամա հիշում ենք հայ դասական Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքը: Այստեղ հասարակաց-ը նույն հասարակ բառի հոլովաձևն է, որ նշանակում է «ընդհանուրի, ամենքի, բոլորի»:  Սա ց-ով է: Նույն հոլովաձևով բաղադրված հասարակաց տուն կապակցությունը նշանակում է «անառականոց»:

Այսպիսով՝ աշխարհագրական գիտաբառը՝ հասարակած, քարացած հոլովաձևը՝ հասարակաց:

 

10. Հանդիպակաց «դիմացի» բառի վերջի ց-ն հեշտ բացատրելի է՝ հանդեպ+ա+կաց «դիմացը կանգնած». կենալ «կանգնել», «կանգ առնել», «մի տեղում, մի դրության մեջ մնալ», որից էլ՝ կաց (հմմտ. վեր կենալ -  վեր կացա):

 

11. Ձ, ծ, ց ունեցող մի շարք բառերի գրությունը պարզապես պիտի հիշել: Այսպես. ուրց՝ ց-ով, դաղձ՝ ձ-ով (ուրցով թեյ, դաղձով թեյ), իսկ կուրծք-ը՝ ծ-ով (սրանից էլ՝ կրծքավանդակ, կրծքամիս, կրծոսկր):

 

12. Ոմանք բառերի գրությունը հիշում են նման հնչյունակազմ ունեցող բառերի հակադրության միջոցով, ինչպես՝ խուրձ, բայց պախուրց  «սանձ, սանձափոկ», անցուդարձ, բայց ապաթարց (կետադրական նշան. Աստղ մ’ալ ես կ’երթամ յաւելուլ երկնից - Պ.  Դուրյան):

 

13. Ձվածեղ բառի կազմության տարբեր մեկնաբանություններից ամենից հավաստին սա է. ձված եղ (յուղ).  հարած ձուն լցնում են եռացող յուղի մեջ և տապակում: Թվում է՝ յուղն առատ է եղել, որ այդպես են կոչել: Ոմանք գրում են «ձվաձեղ» (թերևս բառասկզբի ձ-ի ազդեցությամբ), այդպես էլ արտասանում են: Ձված-ի վերջի ծ-ն հաշվի առնելով՝ պիտի գրել  ձվածեղ:

 

Իդեպ, արևմտահայերենի բեյրության երկհատորյա բացատրական բառարանում ձուածեղ բառից հղում է արվում ձուազեղ-ին (զեղել նշանակում է «ածել, լցնել»): Բայց  ժողովրդի բերանում այդ բառը չկա:

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

shushan karapetyan

04.12.2024

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.