Մոտ-ը հայերենի ամենահաճախ գործածվող բառերից է: Բազմաթիվ իմաստներ ունի (մասնագիտական լեզվով ասած՝ այն կապ է, ածական և մակբայ): Նշանակում է.
- «կողքը, կողքին» (Կանգնել էր ծառի մոտ),
- «ժամանակով քիչ առաջ կամ քիչ հետո» (Մոտ անցյալում այլ կերպ էր. Մոտ օրերս հանդիպելու եմ նրան),
- «փոքր հեռավորության վրա եղած. մոտիկ» (Մոտ ճանապարհով կգնանք),
- «մտերիմ, սրտակից, հարազատ» (Մոտ ընկերներ են),
- «մոտավորապես, գրեթե» (Մոտ հինգ տարի չէր եղել գյուղում),
- «հետը» (երբ գործածվում է ս, դ և ը հոդերի հետ) (Մոտը շատ փող կար. Մոտդ բացիչ կա՞. Գրիչը մոտս չէ),
- «հետ, միասին» (Ազգականների մոտ է ապրում),
- «համեմատությամբ» (Սիմոնի մոտ նա միամիտ երեխա է),
- «ներկայությամբ» (Հորաքրոջ մոտ իրեն լուրջ է պահում):
Մոտ-ը տեսնում ենք հարադրություններում (դարձվածքներում)՝ մոտ բերել «մոտեցնել», մոտ գալ «մոտենալ», մոտ զգալ «մեկին մտերիմ ընդունել՝ համարել», մոտ լինել 1. «(տարածությամբ) մոտիկ լինել», 2. «մտերիմ՝ սրտակից լինել», նաև խելքի(ն) մոտ «հավանական, հնարավոր. տրամաբանական» և կրկնությամբ՝ մոտ-մոտ անել «ջանալ (քծնանքով) մոտիկություն՝ մտերմություն հաստատել»:
Ծանրաբեռնված այս բառի բեռը հայախոս մարդիկ ավելի են ծանրացնում հատկապես հայերենին խորթ՝ օտար լեզվի ազդեցությամբ ստեղծված կապակցություններով: Դրանք կազմվում են հայերեն բառերով, բայց օտար լեզվամտածողությամբ: Այդ կապակցություններն այնքան են տարածվել, որ ոմանց հայերենին հարազատ կառույցներն են երբեմն անսովոր թվում:
Ներկայացնենք այդպիսի գործածությունների 5 նմուշ: Փակագծերում կտանք դրանց ճիշտ տարբերակները կամ կհուշենք, թե ինչպե՛ս կարելի է ազատվել օտար կառույցներից:
- Մեր ժողովրդի մոտ խոր համոզմունք է ձևավորվել, որ .... (կարող ենք այսպես ասել՝ «Մեր ժողովուրդը խոր համոզմունք ունի, որ ....» կամ «Մեր ժողովրդի մեջ խոր համոզմունք է ձևավորվել, որ ....»):
- Սաթենիկիմոտ չի ստացվում (Սաթենիկը չի կարողանում, ձախողում է, Սաթենիկին չի հաջողվում և այլն: Հարազատ չէ ստացվել բայի այս գործածությունը նույնպես):
- Երեխայիմոտ կարմրուկ է (Երեխան կարմրուկով է վարակվել, հիվանդացել և այլն):
- Աբեղյանիմոտ գրված է (ճիշտ հայերենով կարող ենք ասել՝ Աբեղյանի գրքում, Աբեղյանը գրել է, ըստ Աբեղյանի, Աբեղյանն այսպիսի տեսակետ ունի):
- Այսպիսի տղաների մոտ երազանքները միշտ իրականանում են (անբնական է հնչում. կարդանք առանց մոտ-ի, բնական և ճիշտ հայերեն կդառնա):
Եթե առաջ մոտ-ի այսպիսի գործածությունները բնորոշ էին ռուսական կրթություն ունեցողների խոսքին (գրավոր և բանավոր), ապա այժմ դրանք գրեթե համատարած են դարձել: Բժիշկներն ասում են, թե պարզապես անհնար է հրաժարվել դրանցից, թարգմանիչները հաճախ չեն զգում, որ հայերեն բառն օտար մտածողությամբ ձևավորված կապակցության մեջ է հայտնվել, գիտությամբ զբաղվողները չեն նկատում խորթ մոտ-ը և ազատորեն գործածում են իրենց գրքերում, հոդվածներում և դասախոսություններում: Այդպես մեր աչքն ու ականջը աստիճանաբար վարժվում են անհարազատ մոտ-երին:
Ամփոփենք հարց-առաջադրանքով:
Դուք տրվածներից ո՞րը կամ որո՞նք կընտրեք իբրև ճիշտ տարբերակ(ներ)՝
ա. Իմ մոտ մի միտք ծագեց:
բ. Ինձ մոտ մի միտք ծագեց:
գ. Իմ գլխում մի միտք ծագեց:
դ. Գլխիս մեջ մի միտք ծագեց:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ