«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ազգային դյուցազներգությունը մեր ժողովրդի ու հատկապես սասունցիների, մշեցիների, մոկացիների, ալաշկերտցիների կյանքի ու կենցաղի յուրօրինակ հանրագիտարան է: Ի թիվս այլ երևույթների նկարագրության, որ հանդիպում ենք էպոսում, այստեղ կարող ենք տեսնել նաև ազգային կերակրատեսակների հիշատակություններ: Ընդհանրապես շատ էպոսներում հերոսներն աչքի են ընկնում իրենց դյուցազնական հզոր մարմնով ու շատակերությամբ: Սասնա ծռերը բացառություն չեն: Էպոսի բանավոր տարբերակներում տարբեր հերոսների ու հատկապես Դավթի դեպքում հիշատակվում է նրանց շատակերությունը: Օրինակ, Դավիթը օգնում է գյուղացիներին, նրանց փոխարեն գութանով վարում հողն ու շատ ուտում:
Մեկ այլ պատումում նշվում է, թե որքան շատ են ուտում Դավթի պապ Սանասարն ու նրա եղբայր՝ Բաղդասարը.
Էտ երկու ախպեր օրական մեկի տանը պըտի հաց ուտին:
Էտոնց ուտվացք մեկ հայվան, մեկ ոչխար է,
Իրեք լիտր(մոտ 14.7 կգ) հաց, իրեք լիտր գինի,
Իրեք լիտր բրինձ, իրեք չարեք(քառորդ) յեղ
Մեկ դամվա(անգամ) ուտվացք:
Մեր հերոսներին ու հատկապես Դավթին տրվում է պլեճկեր, պլեճկերի տղա, շաղգամակեր մականունները: Պլեճ անվանում էին մանր չզարգացած արմատիքը, բանջարեղենը, բայց առավելապես շաղգամը: Ըստ ազգագրագետ Վարդան Պետոյանի, Սասունում հողի սակավության պատճառով բանջարաբուծությունը զարգացած չէր, սակայն գրեթե ամեն տուն շաղգամի բոստան ուներ. «Բանջարը(շաղգամը) շատ քաղցր էր լինում: Դրա փոքրերին «բլոճ» էին կոչում: Շաղգամը սասունցիների առավել սիրված բանջարեղենն էր: Այն ուտում էին հում վիճակում, նաև թթու դնում՝ ջուրն առատ անելով»:
Օրինակ, Ապարանցի Բարսեղ Սահակյանի պատումում, Դավթին «պլեճկերի» տղա է կոչում կորեկի արտի տեր հալևորը, երբ Դավիթը նրա արտում որս է անում.
Մեկ քասիբ մարդ, յոթ կորի կորեկ էր ցանե
Ջրեր էր, ելեր էր՝ ջուր կտրեր:
Դավիթ առավ ձին, մտավ մեջ, չորս կորին ավերեց:
Տերն եկավ ասեց.-Շան որդի պլեճկերի տղա
Բեռ մի դեք(փոշի, աղբ) քու փոր չի կշտացնի:
Էպոսի հերոսները չեն սիրում մենակ ուտել և իրենց որսը սովորաբար բաժանում են սասունցիներին, հատկապես հիշվում է Մեծ Մհերը, որը որսով պահում է սասունցիներին: Նա որսը բաժանում սասունցիներին և նրանք ղավուրմա են պատրաստում.
Նույն կերպ որսից հետո Դավիթը ամեն տան յոթ որս է տալիս, որից ղավուրմա են պատրաստում.
Աշուն նեճիր(որս) ջարդեց, ամեն տան յոթ նեճիր հասավ,
Ըմեն արին ղավուրմա, Մհերին օրհնեցին:
Իհարկե, էպոսի հերոսների համար ուտելիքը երկրորդական նշանակություն ունի, քանի որ նրանք դյուցազուններ են, սերում են աստվածներից և ուժ են ստանում, ոչ թե մարդկային սննդից այլ ջրից, կամ Մարութա Սուրբ Աստվածածին վանքում աղոթելով ու մատաղներ անելով: Էպոսում հիշատակվում է կենարար, սրբազան աղբյուրը՝ Կաթնաղբյուրը, որի ջուրը խմելուց ու հզորանալուց հետո Դավիթը գնում է Մսրա Մելիքի դեմ կռվի:
Այդուհանդերձ, էպոսում ուտեստների հիշատակությունն ու ազգագրագետների վկայությունները հնարավորություն են տալիս առանձնացնելու էպոսի հերոսների ճաշացանկը: Ահա, հինգ հիմնական ազգային ուտեստ էպոսից, որ մինչ օրս պատրաստում են սասունցիները և ոչ միայն նրանք.
1.ՂԱՎՈՒՐՄԱ
(Խայլա, տհալ)
Ղավուրման սասունցիների սիրելի ուտելիքն է, որ պատրաստում էին որսի կամ գառան ու տավարի մսից: Այն օգտագործում են ինչպես հենց այդպես, այնպես էլ այլ ուտելիքների մեջ: Ինչպես տեսանք, էպոսում ղավուրմա պատրաստում են Դավթի ու Մհերի որսած կենդանիների մսից:
Պատրաստման եղանակը
Մսի կտորները, դմակն ու ջուրը միասին խաշում են: Սպասում, որ ջուրն ամբողջությամբ ներծծվի ու տապակվի դմակի յուղի մեջ: Ղավուրման պատրաստելուց հետո սասունցիները այն պահում էին հողի տակ, ապա ձմռանը հանում այդպես չոր-չոր ուտում:
Բացի այս, ղավուրմայի միջուկով Սասունում պատրաստում էին բլղուրի քյուֆթա: Ղավուրման յուղի հետ միասին կտրատում էին, լցոնում քյուֆթան: Քյուֆթայի վրա լցնում էին նախապես թրջած սպիտակ բլղուր: Քյուֆթան խաշելուց հետո՝ վրան լցնում էին լոլիկով պատրաստված սոխառած:
2.Ժաժիկ
Ժաժիկը էպոսում աղքատի ուտելիք է համարվում, որով ճապաղջուրցիները ուզում են Դավթին խաբել ու հարկ չտալ:
Դավիթ քասիբցեր ի, երեխա, տղա ի,
Մի քանի տիկ ժաժիկ,
Մեկ քանի կոլիկ ոչխար տանք թո եթե:
Ըստ ազգագրական վկայությունների Ժաժիկը սասունցիների սիրված ուտելիքներից է, որ մինչ օրս պատրաստում են Սասունի հայերը:
Պատրաստման եղանակը
Ժաժիկը կամ զուզվագը, որը գրեթե նույն կաթնաշոռն է, պատրաստում են այսպես. այծի կամ գառան կաթից երբ պանիր են պատրաստում, չզտված կաթը կտրելուց հետո, առանձնացած շիճումը եռացնում են, ապա լցնում կտորից պարկի մեջ և քամում:
3.Հարիսա
Էպոսի բազմաթիվ պատումներում հիշատակվում է հարիսան: Այն հատկապես պատրաստում են «Ցասման ժամին», երբ բնական աղետներից պաշտպանվելու համար գյուղացիները ուխտի էին գնում սրբավայրեր, մատաղ անում, եկեղեցու բակում պատրաստում էին հարիսա, քեֆ ու ուրախություն անում, օղի խմում: Էպոսի պատումներում Դավիթը հորթարածության ժամանակ իմանալով, որ գյուղում կամ մոտակա սրբավայրում հարիսա են բաժանում, գնում է և հարիսա բերում հորթարած ընկերների համար.
Գնաց, որ ժամից(եկեղեցի) հելած են,
Որ գան նստին խարիսա(հարիսա) ուտեն.
Պառվըներ առած են յեղը, խարիսեն ու խացը,
Կանգնած են, որ լցնեն, ուտեն:
Դավիթն եկավ, պառվին գռշտեց,
Աղն ու յեղը լցրեց խարիսի մեջ,
Կոպալը(մահակ) քցեց խառնեց, խանեց, զարկեց կանթի մեջ,
Դրեց թևին, խացն էլ զարկեց ղոլթուղ գնաց:
Իսկ այդ ընթացքում, երբ Դավիթը գյուղ էր գնացել, դևերը գալիս են և գողանում նրա պահած հորթերին: Դավիթը գնում և տեսնում է նրանք էլ գողացված միսն են խաշում: Սպանում է դևերին, կիսաեփ միսը բերում է գյուղացիներին, որ հարիսա պատրաստեն:
Պատրաստման եղանակը
Հարիսան, պատրաստում էին ոչխարի կամ հավի մսով, նաև երբեմն խառնում էին սպիտակ բանջար: Միսը,բանջարը և ձավարը եփում էին պտուկի, կամ մեծ կաթսայի մեջ, ինչպես հիշատակվում է էպոսում: Եփվում էր այնքան, մինչև հում հատիկ չմնար և ոսկորները առանձնանային: Հետո ոսկորները հանում էին և էլի եփում: Ինչպես հիշատակվում է էպոսում, պառավները հարիսան լցնում էին ափսեների մեջ, կենտրոնում մի փոսիկ էին բացում, ավելացնում յուղը:
Սասնո հերոսները իրենց որսասարում՝ Ծովասարում և այլ վայրերում լոր, ճնճղուկ, աղավնի ու կաքավ են որսում: Թեև էպոսում չի հիշատակվում, թե ինչ են պատրաստում, բայց, ամենայն հավանականությամբ, հարիսա:
Առավոտուն Դավիթ ձին հեծավ, գնաց ժուռ գալու
Մեկ-մեկ լոր կը զարկեր, կը բերեր կ՛ուտեր:
4.Բրնձով ու գառան մսով փլավ
Դավիթը Մելիքի հետ կռվից առաջ, ուխտ է անում, որ նրա վրանում պետք է գառով ու բրնձով փլավ ուտի.
Իդա(այդ) անգամ Դավիթ ելավ,
Խըստ երեց, գնաց Մսրամելիքի վրեն.
Եկավ որ ահագին ասգար ժողվեր են
Ու նստեր սեղան սրու գոտին
Դավիթ ասեց. «Ուխտ եղնի,
Չուրի(մինչև) ես բըրինձ փլավ չուտեմ, կռիվ չենեմ»
Մեկ այլ պատումում Դավիթն ասում է Քեռի Թորոսին.
«Յոթ օր գառու միս, բրինձ փլավ չուտիմ,
Մսրամելիքի հետ կռիվ չէմ ենի»:
Էպոսի տարբերակներում գառան մսով փլավ է ուտում նաև Փոքր Մհերը՝ Դավթի որդին:
Սասունում պատրաստում էին տարբեր փլավներ, հիմնականում բլղուրով ու բրնձով: Բրնձով ու գառան մսով փլավը սովորաբար այսպես է պատրաստվում.
Պատրաստման եղանակը
Մանր կտրատել գառան միսը, ավելացնել աղ ու պղպեղ: Այդ ամենը տապակել յուղի ու կտրատած սոխի մեջ: Տապակել այնքան, մինչև միսն ու սոխը դառնան ոսկեգույն: Հետո ավելացնել այնքան ջուր, որ միսը ծածկվի: Ապա ավելացնել նռան հատիկներ և ծածկել թավան: Պետք է եփել այնքան, որ միսը փափկի:
Բրինձը լավ լվանալ, ջուրը փոխել 3-4 անգամ: Լվացած բրիձը ավելացնել մսին ու եփել մոտ 30 րոպե:
5.Սուրբ Սարգսի տոնի փոխինձ
Սասունցների պաշտելի սրբերից է գերիների ազատարար ու սիրահարների ամենահաս բարեխոս Սուրբ Սարգիսը: Իսկ «Սասանա ծռեր» էպոսում Սուրբ Սարգիսը էպոսի հերոսների ազգականն է, նրանց պահապանը: Հերոսները հիշատակվում են որպես «Սրքեյի փոքրեր», ծռեր:
Սուրբ Սարգսի տոնից առաջ սասունցիները երեք օր ծոմ էին պահում, հետո սրբին մատաղներ մատուցում, հաց թխում: Սակայն տոնական սեղանի զարդը փոխինձն էր:
Պատրաստման եղանակը
Փոխինձի 7 բաղադրիչները՝ գըլգըլ, ցորեն, եգիպտացորեն, սիսեռ, կարմիր և սպիտակ լոբու չորեցրած հատիկներ, կորեկ, նախ խարկում էին թոնրի մեջ, ապա՝ աղում: Ստացվող զանգվածը խառնում են: Կրակի վրա դրված, փոքր-ինչ տաքացած ջրի մեջ ավելացնում փոխինձի բաղադրիչներն ու սկսում խառնել մինչև ջրի եռալը: Վերջում ստացված թանձր զանգվածի վրա լցնում են հալեցված տաք յուղ և կարմիր պղպեղ:
Մեղր ու կարագ
Բացի այս, էպոսի հերոսների մանկության սիրելի ուտելիքը, մեղրն ու կարագն է: Ինչպես հիշում ենք, երբ ծնողների մահից հետո մանուկ Դավթին Մսըր են ուղարկում, նա հրաժարվում է կերակրողների կաթից և նրա համար Սասունից մեղր ու կարագ են ուղարկում: Այս դրվագը կարելի է մեկնաբանալ, որպես հայ հերոսի՝ օտար, թշնամական երկրում ազգային ինքնությունը պահելու խորհրդանշական պատկեր:
Ըմպելիքներ
Էպոսի հերոսները, ինչպես և սասունցիները մինչ մեր օրերը պատրաստում և խմում են նռան գինի ու մրգային թունդ օղիներ: Էպոսում բազմիցս հիշատակվում է հատկապես նռան գինին:
Էպոսի ուշ գրառված պատումներում հերոսները նաև թեյ ու սուրճ են խմում:
Աղանդեր
Որպես աղանդեր էպոսում հիշատակվում են չիրը, չամիչը և աղանձը:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Սասնա ծռեր, հատոր Ա, Բ, մաս Ա, մաս Բ(1936, 1944, 1951)
Հ. Համբարձումյան, Սասնա ծռեր.պատում, մոտիվ, գրքային ավանդույթ, 2018
Վ. Պետոյան, Սասուն, 2016