Հայոց հոգևոր և նյութական մշակույթում մեծ տեղ է գրավում մեր ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկի Սուրբ Սարգսի պաշտամունքը: Զարմանալի է, որ օտարազգի զորավարն այդքան հարազատացել է մեր էությանը, դարձել վկայաբանությունների, ժողովրդական զրույցների, աղոթքների, էպոսի, գրական ստեղծագործությունների հերոս, ներկայացել պատկերագրության ու մանրանկարչության մեջ, ծիսապաշտամունքային հավատալիքներում ու արարողություններում: Ինչի՞ շնորհիվ է այս ամենը տեղի ունեցել, ինչպես են Սուրբ Սարգսի կերպարում միաձուլվում հողմի աստվածության պաշտամունքը, սիրահարների օգնականն ու գերիների ազատարարը:
Վկայաբանությունը
Քչերը գիտեն որ Սուրբ Սարգսի ամբողջական վկայաբանությունը հեղինակել է Սուրբ Ներսես Շնորհալին, երբ դեռևս կաթողիկոս չէր՝ Հաղբատի վանքի վանահայր Գևորգ եպիսկոպոսի խնդրանքով: Այսպես ըստ վկայաբանության, հունաց Կոստանդիանոս Բարեպաշտ թագավորի ժամանակ Սարգիսը Կապադովկիայի հունական զորքերի հրամանատարն էր։ Նա հայտնի էր իր քաջությամբ ու բարեպաշտությամբ: Նա քանդել էր կուռքերի բագինները և եկեղեցի կառուցել: Երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը, Հիսուս տեսիլքով հայտնվում է Սարգսին և հայտնում, որ եկել է արդարության պսակն ընդունելու ժամանակը: Զորավարը թողնում է իր փառքն ու իշխանությունը և ունեցվածքը վաճառելով՝ դրամը աղքատներին բաժանում։ Ապա իր Մարտիրոս անունով որդու հետ գալիս Հայաստան՝ Տիրան թագավորի մոտ: Վերջինիս խորհրդով անցնում Պարսկաստան, դառնում Շապուհ Բ-ի զորահրամանատար։ Սակայն պարսից զորքի մեջ քրիստոնեություն տարածելու մեղադրանքով ձերբակալվում է, մերժում զրադաշտական հավատ ընդունելու պահանջը և որդու ՈՒ 40 (կամ՝ 14) քրիստոնյա զինվորների հետ նահատակվում։ Քրիստոնյաները նրա մարմինը, տանում են Ասորիք։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը նրա մասունքները հետագայում բերում է Հայաստան, ամփոփելով Կարբի ավանում՝ Ուշիում:
Ապա այդտեղ և Սուրբ Սարգսի պաշտամունքի մեկ այլ վայրում՝ Գարդմանքի Գագա դաշտում կառուցվում են եկեղեցիներ նրա անունով: Սարգիս զորավարը սրբացվել է հայ եկեղեցու կողմից, իբրեւ քրիստոնեական կրոնի համար մարտնչող նահատակ։ Ներսես ՇնորհալինՍրբին նվիրված մի գեղեցիկ շարական է հեղինակել ․
․․․Գեղեցիկ և բարի անուն, քաղցր և անուշ պտուղ հավատացյալի շուրթերին,
Գիշեր թե ցերեկ հույս տվող, ամենուրեք հիշված և փառավորված,
Արագահաս Սուրբ Սարգիս` գերիներին ազատող,
Բարեխոսիր Քրիստոսին մեր անձանց համար:Անմահ Աստծու հույսի սաղավարտը դրվեց գլուխը մեր իշխանի,
Քրիստոսասեր զորքի և զորապետների աջ ձեռքի սուր և վահան հավատի,
Մշտահաս Սուրբ Սարգիս` ամուր պաշտպան ընտիր հեծյալների,
Բարեխոսիր Քրիստոսին մեր անձանց համար:Խաչաչարչար Սուրբ առաջնորդ, հրաշագործ անուն՝ խաչով և եկեղեցով,
Ավելի պայծառացար Գագա լեռան գագաթին՝ Սուրբ Մեսրոպից օրհնվելով,
Արագահաս Սուրբ Սարգիս` կուռքերը կործանող,
Բարեխոսիր Քրիստոսին մեր անձանց համար․․․։
Գերիների ազատարարը
Մի աշուղական երգում ի թիվս վերևում առանձնացված մոտիվները, Սարգիսը բնութագրվում է որպես «քաջ սպառազեն», «պարիսպ», «արի», «ատենահաս» և «մեծ գերեհան»: Երգի հեղինակը դիմում է Սուրբ Սարգսին, որպեսզի նա ազատի բոլոր այլազգի այլադավաններից գերված ու երկաթե կապանքներով շղթայվածներին չար կապանքներից։ Այսպիսով Սարգիսը ձեռք է բերում բոնության մեջ տառապող մարդկանց ազատարարի գործառույթ։
Իսկ գերելոց այլասեռից.
Որք ի կապանս են յերկաթի.
Հա՜ ն զնոսա ի չար կապից.
Մեծ գերեհան սուրբդ Սարգիս:
Մեր մատենագրության մեջ պահպանվել է նաև Սարգսի շնորհիվ գերիների ազատման մի ուշագրավ պատմություն: Կիրակոս Գանձակեցի պատմիչը (13 դ.) գրում է, որ մոնղոլների կողմից գերվում է Վանական վարդապետն իր սաների հետ, որոնց մեջ նաև Կիրակոսը: Փրկագնով Վանական վարդապետին գերությունից ազատում են, իսկ Կիրակոսին և ընկերներին՝ ոչ. Վանականը հուսադրելով Կիրակոսին՝ ասում է, որ կգնա և կխնդրի Սուրբ Սարգսին նրանց ազատման համար․
«Ո՛րդեակ, ես երթամ անկանիմ առ ոտս սրբոյ Նշանին, որ յանուն սրբոյն Սարգսի, խնդրել նովաւ ի Տեառնէ վասն քո եւ այլ եղբայրցն որք կան ի ձեռս անօրինացդ, զի թերեւս զերձուսցէ եւ զձեզ Աստուած գթութեամբն իւրով»։
Վանական վարդապետը նկատի ուներ Գագ ամրոցի Սուրբ Սարգիս եկեղեցին և այնտեղ կանգնեցված խաչը, որը շատ զորավոր է համարվել: Եվ այդպես էլ լինում է․ Կիրակոս Գանձակեցին էլ է շուտով ազատվում և գրում. «Աստծոյ խնամքը ինծի հասաւ նոյն գիշերը, գաղտնի փախայ անոնցմէ ու դուրս պրծայ»:
Հողմի աստվածությունը
Ժողովրդական բանավոր մշակույթում Սուրբ Սարգիսը տարածվել է որպես առասպելական կերպար: Ըստ Մ. Աբեղյանի նրա պաշտամունքի մեջ նկատելի են հին հայոց հողմի աստվածության հավատալիքների հետքեր: Ժողովրդական աղոթքներում Սարգիսը երկնային, առասպելական ձիավոր է և սլանում է ամպերի վրայով, երկնային ծովի վրա կամ՝ սառցապատ անապատային ծովի:
Կես գիշերին դուս էլա
Մեկ ձիավոր սուրբ տեսա.
Ասի, լացի, ոտն ինկա.
Ասի. Հայր սուրբ, անունդ ի՞նչ է։
-Իմ անունս՝ Սուրբ Սարգիս,
Օրդուս անունը՝ Սուրբ Մարտիրոս.
Ձիս կը քալե ամպի վերան,
Անթաթար ծովի վերան։
Սա փաստվում է նաև մեկ այլ զրույցում, թե ինչպես Սարգիսը պաշտպանում է հայ քրիստոնյաներին և հաղթում հալածիչ Շապուհին: Նա «ամպի պես գոռում է, կեծակի նման տրաքտրաքում, քանդուքարափ անում Շապուհի բերդերը»:
Ծուռ Սարգիսը
Պատահական չէ, որ Սարգիսը նաև Էպոսի հերոս է դարձել: Նա Սասնա դյուցազուններին գործակից ու հովանավոր է։ Կրում է նույն «Ծուռ» մականունը։ Սասնա դյուցազունները համարվում են Ծուռ Սըրգոյի ճորտեր ու փոքրավորներ։ Որոշ դեպքերում, Ձենով Հովանի անվան համաբանությամբ կոչվում է Ձենով Սարգիս:
Էպոսում Սուրբ Սարգիսն այսպես է ներկայացվում․
Քշեց, գնաց, շատ, քիչ՝ Աստված գինա,
Մեկ էլ տեսավ յառջևանց
Մեկ հըմալ թոզ ու դուման կիգա,
Օր Աստված ազատա։
Էկավ, տեսավ, օր սըփ Սարգիսն է։
Դավիթ գնաց, օր սըփ Սարգսին համբուրեր։
Սըփ Սարգիս ըսեց.
— Հանե քու Սըփ Նշան, ես համբուրեմ,
Նոր դու ընձի համբուրե։
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս.
Էն լե սըփ Սարգսին համբուրեց։
— Դե՛ գնա,— ըսեց,— Աստված խըտ քըզի Էղնի։
Ու Դավիթ ուր ձին քշեց, գնաց։
Արագահասը
Ատենահասության հետ կապված զրույցներից մեկում մի հույն (այլ տարբերակում՝ վրացի), որը նախկինում սուրբ Սարգսին չէր ընդունել, ճանապարհին բքի մեջ է ընկնում, նեղությունից ստիպված՝ դիմում է հայոց Սարգսին, խնդրում՝ խնայել իրեն, ի նշան շնորհակալության խոստանում երկու մոմ վաոել։ Սուրբ Սարգիսը հրամայում է հողմահույզ քամուն եւ ձնաբքին՝ դադարել, եւ հույնը անվնաս ձիով տուն է հասնում։ Ձին թողնում է բակում, մտնում սենյակ եւ կնոջն ասում. «Կնի՜կ, ես խաբեցի սուրբ Սարգսին։ Նա ինձ բքից ազատեց, բայց ես իմ խոստացած երկու մոմը նրան երբեք էլ չեմ նվիրելու»։ Ապա նա դուրս է գնում ձին ախոռը տանելու, բայց հանկարծ ս.Սարգիսը բակում բուք է բարձրացնում եւ խեղդում մարդուն։
Սիրահարների բարեխոսը
Սուրբ Սարգիս հատկապես վերջին տասնամյակներում մեզանում առավելապես ընկալվում է որպես սիրահարների բարեխոս, նույնիսկ նույնացվում Սուրբ Վալենտինի հետ:
Սարգիսը մուրազատու է, օգնում է սիրահար զույգերին հասնել միմյանց, կատարում նրանց մուրազը: Սա իր լավագույն արտահայտությունն է գտել Աշուղ Ղարիբի սիրավեպում: Ղարիբը Սարգսի օգնությամբ հասնում է իր սիրելի Շահսանամին: Մեկ այլ զրույցում հենց ինքն ու հույն աղջիկն են փրկվում պարսկական գերությունից ու փախչում:
Սուրբ Սարգսին դիմում էին նաև կենդանիներից պաշտպանվելու, նորածիններին ու ծննդկաններին պաշտպանելու համար:
Սուրբ Սարգսի տոնից առաջ երիտասարդները սովորաբար հինգ օր ծոմ էին պահում և աղոթում իրենց նպատակների իրականացման համար։ Կանայք փոխինձ էին պատրաստում, դնում տանիքում, որպեսզի Սուրբ Սարգիսն անցնի ու իր ձիու պայտի հետքը թողնի։
Գրականության մեջ
Սուրբ Սարգսի մասին հիշատակություններ կան մեր մատենագրության մեջ: Ավելի ուշ՝ Հարություն Ճյուղուրյանի «Աղա Սուրբ Սարգիսը և Մալաք տատի հավատը», Ստեփան Զորյանի «Նարգիզը» պատմվածքներում:
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում Սուրբ Սարգսի անունով Աղասին ու ընկերները հաղթում են ավազակներին, ազատում գերիներին․
«Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում նրանց ճտովը. ինքը նրանց կապը ետ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, որ աստծուն փառք տան, սուրբ Սարգսին խունկ ու մոմ վառեն, թե չէ էս իր հունարը չէ՛ր: Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպես՝ էս: Ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս, հենց իմանում էին, թե երկնքումն են ու ո՛չ երկրումս».. «Զարմացած, մահի դուռը գնացած ու ետ եկած հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց էն էր խնդրում, թե աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն: Տեսնելով, որ քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց.
— Թո՛ղ էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք: Սրբերը չե՛ն խռովիլ յա նախանձ պահիլ: Ո՞վ ըլի՝ նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա»:
Իսկ Խլղարաքիլիսայի իշխան Աղա Սարգիսն ասում է. «ս գիշեր ինձ սուրբ Սարգիսն երևաց, ծաոա եմ նրա սուրբ զորությունին, ու ինձ ասեց, որ մեր գլխի թադարեքը տեսնինք: Սուրբ Սարգսի անունը տվե՛ք, աղոթք արե՛ք, հրես աղոթարանը, որտեղ որ ա, կբացվի: Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք: Հայ չե՞նք, հայի արարչին մեռնիմ, նրա ամեն մեկը մեկ սարի բարեբար ա: Էլ վախտ մե՛ք կորցնիլ. կապրինք, էլի մեր հողումը, մեր օղլուշաղի հետ կխնդանք, կմեռնինք, էլի մեր ննջեցելոց հողի վրա արին կթափենք: Վարդանա թոռները չե՞նք, Տրդատա արինը չի՞ մեր սրտումը, Տիգրանի շունչը չի՞ մեր բերնումը»:
Վեպի ամենադրամատիկ հատվածներից մեկում պատանի Վարդանը Սուրբ Սարգսի անունը տալով կռվում է ու նահատակվում։