Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս՝ գյուղացիները հանում էին ակունքի հսկա փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուր, հանում է փակիչը, կուժը լցնում և գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմը. Երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով ՝ «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը):
«Սևան» անվան ծագումը
Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում.
- Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն:
Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան: