Հայ միջնադրյան պատմիչների երկերում, բացի բուն պատմական նյութը, կարելի է գտնել միջնադարյան մարդկանց կենցաղի, հավատալիքների, սովորությունների վերաբերյալ իրական ու հրաշապատում ուշագրավ պատմություններ, դրվագներ: Մեր քրիստոնյա պատմիչների երկերում հատկապես շատ են սրբերի ու սրբակենցաղ մարդկանց մասին հրաշալի պատմությունները: Մի այդպիսի զրույց է ներկայացնում նաև աստվածաբան, բանաստեղծ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանն(1250-1303) իր «Պատմութիւն Տանն Սիսական» նշանավոր երկում: Պատմական Սիսական նահանգի կամ Սյունքի պատմությանը նվիրված այս ուշագրավ երկը մեծ արժեք է ներկայացնում հատկապես Սյունիքի նախարարության առաջացման, այդ տարածաշրջանում քրիստոնեության տարածման, հայտնի վանքերի ու եկեղեցիների գործունեության, Օրբելյան իշխանական տան պատմության ներկայացման առումով: Ի թիվս կարևոր պատմական վկայությունները, պատմության մեջ տեղ է գտել մի հետաքրքիր զրույց Սյունիքի եպիսկոպոս Երիցակի (5-6 դդ.) մասին, որը կախարդի օգնությամբ, մի զարմանալի սարքով Երուսաղեմից անմիջապես Սյունիք է տեղափոխվում: Art365-ը ներկայացնում է այդ զարմանալի ճանապարհորդության պատմությունը:
Սյունիքի եպիսկոպոս Երիցակի մասին, որ մեկ տարի է մնում այդ աթոռին, Եւ ապա Երիցակավանքի սուրբ վանահայր, մեծ տնտեսվար, խարազնազգեստ ու խստակրօն ճգնաւոր Երիցակին հարկադրելով` բերում, նշանակում են Սիւնիքի եպիսկոպոս:
Այս Երիցակը նախ երկար տարիներ ապրել էր Բաղք գաւառում, մի քարանձաւ տեղում` ապա գնացել էր երանելի Գիւտի վանքը եւ այնտեղ անտանելի ճգնութեամբ անցկացրել շատ օրեր: Այնուհետեւ սուրբ տէր Գիւտի օժանդակութեամբ ու հրամանով գալով այդ տեղը` տասներկու կրօնաւորներով ու հայր Գիւտի պարգեւած բազմաթիւ ունեցուածքներով, շինեց եկեղեցին, որը կոչուեց Նոր Երուսաղէմ: Բայց բորոտները, որ ժամանակին քշւում էին անբնակ տեղեր, հայր Գիւտի կողմից բնակեցուել էին այդ վայրում: Նրանք դիմադրում էին Երիցակի շինարարութեանը: Սուրբ հայրը այդ լսելով եկաւ, նրանց համոզեց, որ խաղաղուեն, եւ սահմանեց համապատասխան չափով վանքից [նրանց] կարիքները [հոգալու հնարաւորութիւն] ընձեռել: Ինքն էլ օրըստօրէ մասնակցում էր շինարարութեանը ու կառուցողներին ճաշ էր ուղարկում: Եւ [Երիցակն] այսպէս շինելով Աստծոյ տուն եւ կանգնեցնելով փառաբանութեան տեղ` այն յարմարեցնում է հրեշտակակրօն մարդկանց բնակութեան համար:
Այժմ` երանելի Մուշէ հայրապետը մտնելով վանքը` ողջունում է եկեղեցին ու [այնտեղ] բազմելով պատգամաւոր է ուղարկում այրու որդուն եւ մէկուրիշին` Արագածոտնի Յովհաննավանքից, որը սարկաւագապետ էր եւ հայրապետի գրագիրը: Նոյնպէս [գնում են] նաեւ իշխաններ ու այլ պատուիրակութիւններ, բայց չեն կարողանում համոզել Երիցակին: Այնուհետեւ կաթողիկոսն ինքն է գնում հայր Երիցակի մօտ, նրա սրահը եւ բարկութեամբ լցուածու զայրանալով խաչակնքում է եւ ասում. «Ինչո՞ւ ես այդպէս յամառած մնում, քո մէջ դեւ կայ, Աստուած թող սաստի ու հալածի չարին»: Այն ժամանակ սրբի խօսքից թանձր ծուխ բարձրացաւ որպէս փոթորիկ եւ շէնքից վերացաւ: Ապա եկան սպիտակ աղաւնիների երամներ, իջան սրահի տանիքին: Եւ աղաւնիներից մէկը սլանալով եկաւ, իջաւ կաթողիկոսի վրայ, նրա վրայից էլ բարձրանալով` իջաւ Երիցակի վրայ ու շրջում էր նրա խոշոր կնգուղի վրայ, բարակ ձայնով մարդու պէս ասում. «Արժանի' է, արժանի' է»: Իսկ բազմութիւնն այդ տեսնելով միաբերանուժեղ ձայնով գոչում էր. «Արժանի' է, արժանի' էե: Սուրբ հայրն այս տեսնելով էլ չհամարձակուեց հակաճառել, այլ ծնկի գալով կաթողիկոսի առաջ`արտասուաթոր աղերսանքով ասաց. «Թող լինի քո` տիրոջդ կամքը եւ ոչ թէ իմը»: Ապա կաթողիկոսը, նրա ձեռքից բռնած, տանում է եկեղեցին եւ հանելով բեմի վրայ` օծում Սիւնիքի մետրոպոլիտ ու բերում, նստեցնում է աթոռին: Իսկ ինքը մեծարանքներով ու անսահման շքեղութեամբ հրաժեշտ է տալիս բոլորին, գնում էհայրապետական աթոռը, Դուին կենտրոնական քաղաքը`բազում փառք ու շնորհակալութիւն յղելով Ամենատիրոջը: Երանելի Երիցակն էլ, աթոռին մնալով մէկ տարի, փոխադրւում է վերին Երուսաղէմ, որտեղ սրբերի բազմութիւնն է, որոնց քաղաքապետը բոլորի Աստուած Յիսուս Քրիստոսն է:
Բայց նրա մասին տարբեր հրաշքներ են պատմում Նաեւ աւանդաբար զրոյց է պատմւում Երիցակի մասին, թէ գնալով Երուսաղէմ սուրբ քաղաքը եւ այնտեղ մնալով մինչեւ սուրբ յայտնութեան մեծ ճրագալոյցի օրը, Բեթղեհէմում գտնուող սուրբ քարայրի դռանը մտաբերում է իր սուրբ մենաստանն ու կրօնաւոր եղբայրներին, սաստիկ կարօտից դառնապէս լալիս է եւ ցանկանում է նոյն ժամին լինել իր կրօնակից եղբայրների հետ:
Մի կախարդ կին դա լսելով, թերեւս Սուրբ Հոգու ազդմամբ, հարցնում է այդ հօրն ու ասում. «Ինձ ասա'` ինչի՞ համար ես դառնագին արտասւում»: Եւ նա յայտնում է պատճառը: Ապա կինը խնդրում է նրան. «Ո'վ Աստծոյ սուրբ, Քրիստոսից ներում խնդրիր իմ անչափելի յանցանքների համար, եւ հէնց այս պահին քեզ ցոյց կտամ քո փափագածը»: Հայրը այս լսում է եւ, Աստծոյ գթառատութիւնից համարձակութիւն առած ու կարօտից հարկադրուած, համաձայնում է [կատարել] նրա խնդրանքը: Եւ կինը մի ինչ-որ անօթ է պատրաստում` ջրով լի, իր կախարդանքով այն յարմարեցնում է ու սրբին նստեցնում վրան, որը եւ իսկոյն յայտնւում է Երիցավանքում, եկեղեցու դռանը, երբ դեռ չէր վերջացել փրկական արարողութիւնը:
Ապա Երիցակն իմաց չտուեց ու չերեւաց կրօնաւորներին, մինչեւ որ հաւաքուեցին ճաշ ի: Եւ այն ժամանակ ծանօթութիւն տալով ողջունեց բոլորին ու անհաւատալի բաներ պատմեց նրանց. ցոյց տուեց հետը բերած նշանները, այսինքն` կանաչներ, նարինջներ ու թուրինջներ եւ դրանցով հաւաստեց իր խօսքը: Ճաշելուց յետոյ վեր կացան, գնացին եկեղեցու դուռը եւ այն գիշեր ժամերգութեան արարողութեամբ գթութիւն խնդրեցին այն կնոջ համար: Մարդասէր Աստուածը լսելով` ներում շնորհեց նրան եւ սուրբ հօրը յայտնեց տեսիլքով: Այդպիսի մարդասիրութեան համար բիւրապատիկ օրհնութեամբ շնորհակալութիւն եւ փառք նրան անվախճան ու յաւիտենաբար:
Աղբյուրը՝ Ստեփանոս Եպիսկոպոս Օրբելեան, Սյունիքի պատմություն, Ի գլուխ: