Հայկական վանքերի և եկեղեցիների անվանումների ծագման մասին մի քանի ավանդազրույցներ ենք ներկայացնում այս հոդվածով։
Գոշավանք
Ավանդազրույցը պատմում է, որ Մխիթարը երազ է տեսնում․ Աստված նրան ասում է, որ 7 տարի հացի առատություն է լինելու, 7 տարի էլ՝ սով։
Պետք է պաշար հավաքել, որ ժողովուրդը սովի չմատնվի։ Մխիթարը մեծ ամբարներ է սարքել տալիս և հացի առատության ժամանակ լցնում դրանք։ Երբ սով է սկսվում, նա գուշով (փայտե կլոր աման) սկսում է ցորեն բաժանել մարդկանց, որից հետո ժողովուրդը նրան կոչում է «Մխիթար Գուշ, Գոշ»։ Նրա մահից հետո այն գյուղը, որտեղ գտնվում էր վանքը, կոչվում է Գոշ, իսկ նրա վանքը՝ Գոշավանք։ Հայերենում «գոշ» բառը նշանակում է սակավամազ, ցանցառ, բարակ մորուք ունեցող։ Ըստ տարածված կարծիքի՝ մեծ գիտնականի անունը պայմանավորված է եղել դրանով։
Հաղարծին
Հաղարծնի անվան հետ կապված կա մի ավանդազրույց, ըստ որի՝ վանքի օծման ժամանակ գմբեթի վերևում ճախրել է Սուրբ հոգին՝ արծվի կերպարանքով՝ ասես օդում «խաղալով»։ «Խաղ» բառը տեղի բարբառում արտասանվում է «հաղ», որին միացել է «արծիվ» բառի ձևափոխված տարբերակը և դարձել «Հաղարծին»։
Մակարավանք
Հետաքրքիր մի ավանդազրույց է պահպանվել վանքի կառուցման մասին, որի համաձայն՝ վանքը կառուցել են Մակար վարպետն ու նրա միակ որդին։
Վերջինս քարերը տաշել է ու նախշազարդել, իսկ հայրը շարել է։ Եկեղեցու պատերը ավելի ու ավելի էին բարձրանում, հայրը գիշերում էր դրանց վրա՝ վերևում, քանի որ երդվել էր ցած չիջնել մինչև չվերջացնի շինարարությունը։ Սակայն մի օր նա նկատում է, որ քարերը լավ մշակված չեն, իսկ զարդաքանդակները տարբերվում են։ Նա վերևից հարցնում է, թե ինչ է պատահել որդու հետ։ Վարպետին պատասխանում են, որ նա հիվանդ է։ Հայրն ամեն ինչ հասկանում է․ նրանից թաքցրել էին որդու մահը։ Վարպետը կիսատ չի թողնում վանքի կառուցումը և երբ ավարտում է այն, վերևից իրեն ցած է նետում ու մահանում։ Նրան թաղում են վանքի պատի տակ և վանքը կոչում Մակարավանք։
Սևանավանք
Ավանդույթի համաձայն, այս վանքը հնուց ի վեր այն ծառայել է որպես աքսորավայր մեղապարտ հոգևորականների համար, որոնց տարագրում էին կաթողիկոսի դատավճռով: Այստեղից էլ ծագել է վանքի անվանումը` Սևան, այսինքն` Սև վանք: Մեկ այլ տարբերակի համաձայն, վանքը Սևան է կոչվել այն բանի համար, որ կառուցված է սև տուֆից, այդտեղից էլ վանքի անունը՝ Սևան:
Էջմիածին
Մայր տաճարի կառուցման, տեղի ընտրության մասին մեզ է հասել ավանդապատում այն մասին, որ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո տեսնում է նշանավոր տեսիլք: Քրիստոսը՝ Աստծու Միածին որդին, ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։ Այդ տեսիլքի ժամանակը համարվում է 302 թվականը մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը ընկած ժամանակահատվածը։ Հայ եկեղեցին նվիրագործել է այդ օրը և համարում է որպես «Տոն կաթուղիկե Էջմիածնի»։ Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի՝ կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածինի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։ Մայր տաճարի ներսում, գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որը «իջման սեղան» է կոչվում։ Ի դեպ, չնայած Մայր տաճարը կոչվում է Էջմիածին, բայց այն նվիրված է ս. Աստվածածնին, որի տոնը կոչվում է «Վերափոխումն ս. Աստվածածնի», որովհետև քրիստոնեական եկեղեցին ընդունում է, որ այդ օրը Քրիստոսը եկել է իր մորը երկինք փոխադրելու։ Այդ տոնը ժողովրդի մոտ հայտնի է ուղղակի, Աստվածածին անունով։ Մայր տաճարը գոյություն ունի 17 դար, ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների։ Առաջին աթոռակալը եղել է ս. Գրիիգոր Լուսավորիչը նրան հաջորդեցին 18 կաթողիկոսները մինչև 453 թվականը և Մայր աթոռը տեղափոխվեց Դվին։ 1441 թվականին Մայր աթոոը վերստին Էջմիածին փոխադրվեց, ուր և գտնվում է մինչև այսօր։
Տես նաև՝
Գեղարդ վանքի մասին [առասպել]
Շաքիի ջրվեժի գաղտնիքները
Արարատ և Արագած [ԼԵԳԵՆԴ լեռների մասին]
Ծաղկաձոր և Կեչառիսի վանք [ինչպե՞ս ծագեցին անվանումները]
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ մասին ժողովրդական զրույցներ [Մի քանի վարկած անվան ծագման մասին]