Հայ պոեզիան էպոսի գրական-բանաստեղծական մշակումների ու անդրադարձների մեծ փորձառություն ունի։ Էպոսի
առաջին պատումի գրառումից ի վեր տասնյակ պոետիկ մշակումներ են եղել՝ ստեղծված տարբեր նպատակներով, նախատեսված ընթերցողական տարբեր շրջանակների համար, գաղափարական տարբեր ուղղվածությամբ։ Բանավոր էպոսի այդ գրական մշակումները մեծապես նպաստել են «Սասնա ծռերի» հանրային ճանաչմանը։ Մասնավորապես Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը (1903 թ․) մեր էպոսի ամենից հայտնի տարբերակն է և իր ձևաբովանդակային ամբողջականությամբ, գաղափարի և իրացման ներդաշնակությամբ անգերազանցելի է մնում մինչ օրս։ Թեև ինքը՝ Հովհ. Թումանյանը այդքան էլ գոհ չէր այդ մշակումից և ծրագրում էր ևս մեկ անգամ մշակել էպոսը, այս անգամ արդեն՝ ոչ միայն երեխաների համար։ Սակայն հենց այս մշակման միջոցով են մեծապես ձևավորվել «Սասնա ծռերի» մասին լայն հանրության պատկերացումներն ու ընկալումները, որոնք գերիշխող են մինչ օրս։
Բացի գրական ամբողջական կամ մասնակի մշակումներից, խորհրդային տարիներին, հատկապես 1939 թվականին՝ էպոսի
1000-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանում բազմաթիվ են եղել «Սասնա ծռերով» ներշնչված, կամ էպոսի հե-
րոսներին բանաստեղծական անդրադարձները, առանձին մոտիվների ու գաղափարների իրացումները։
Արդեն Խորհրդային վերջին տարիներին, արմատներին վերադարձի, ազգային ինքնագիտակցության զարթոնքի պայ-
մաններում էպոսն իր տարբեր մոտիվներով, խորհրդանշաններով, գաղափարներով վերադառնում է գրականություն։ Այս
շրջանում հրատարակված գործերից հիշատակելի է մասնավորապես բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանի «Մհերի դուռ» բանաստեղծությունների ժողովածուն (1988 թ․)։ Այստեղ թեև էպոսից մեջբերումներ, կամ ուղիղ հղումներ չկան, սակայն բանաստեղծությունների ընդհանոր տրամադրությունը, քնարական հերոսի ներամփոփ, օտարված տիպը, հիշեցնում են էպոսի Փոքր Մհերին։
Անկախության շրջանում էպոսի բանաստեղծական ընթերցումները համապատասխանում են ժամանակաշրջանի հասա-
րակական տրամադրություններին ու ընկալումներին, արտացոլում են իշխող գաղափարական մտայնությունները։ Ինչպես
արձակի դեպքում է, պոեզիայի պարագայում նույնպես, էպոսի նկատմամբ վերաբերմունքը տատանվում է պաշտամունքի
հասնող ակնածանքից, մինչև նվազաբերությունը, հեգնանքնու սարկազմը։ Էպոսի հերոսները շարունակում են ոգեշնչել ժամանակակից բանաստեղծներին, ընկալվում են որպես ազգային զարթոնքի, ժողովրդական երազների ու սպասումների
խորհրդանիշեր կամ ընդհակառակը՝ մերժվում, ծաղրվում, դիտարկվում որպես խունացած անցյալի ստվերներ ու զարգա-
ցումն արգելակող մտածողության կաղապարներ, որոնցից պետք է ազատվել։
Անկախության շրջանի գրական մամուլում և բանաստեղծական ժողովածուներում կարելի է գտնել էպոսի հերոսներին ու
նշաններին բազմաթիվ անդրադարձներ՝ տարբեր սկզբունքներով։ Օրինակ, 1990-ականների սկզբի համար բնութագրական է իրականության ու էպիկական աշխարհի հակադրության մոտիվը։ Այն գտնում ենք Սասուն Գրիգորյանի «Մենք լավ տղերք
ենք» բանաստեղծության մեջ է, որն արձագանքում է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի հոգսերին ու մտահո-
գություններին․
Իմ թուր-կեծակին որտե՞ղ է, տվեք․
Մենք թշնամու դեմ թղթով ենք կռվում
Մարտը չշահած, ախ, շուտ ենք մեռնում
Մենք լավ տղերք ենք, ափսոս ձի չունենք։
Ինչպես արձակում է, պոեզիայում նույնպես գերիշխող են էպոսի ամենից հակասական հերոսին՝ Փոքր Մհերին և այս կեր-
պարի իմաստաբանական դաշտում ընդգրկված նշաններին ու մոտիվներին անդրադարձները։ Մհերը կրկին երկակի ընկա-
լում ունի՝ որպես սպասվող ու երազելի փրկիչ, կամ որպես հնացած արքետիպ-կաղապար։ Օրինակ, Սիլվա Կապուտիկյանի
ուժեղ ու տպավորիչ «Ադամամութ» շարքի «Ներհակություն» բանաստեղծության մեջ Փոքր Մհերը պայքարի խորհրդանիշ է.
Ահա փողփողում է հայաշխարհի վրա
Անկախության դրոշն երազելի,
Ու դարերի իղձը կարծես դարձել իրավ,
Ներշնչում է բերկրել ամեն հայի։
Ուրեմն ինչո՞ւ եմ ես կանգնել այսպես հեռու,
Չեմ խառնվոււմ հախուռն այս ցնծության,
Այդ ես չէի՞ միթե դժնի տարիներում
Իմ երգերով, խոսքով, իմ էությամբ
Ուզում էի ճեղքել՝ Մհերի պես խռով,
Քարանձավի մութն ու ժայթքել դուրս,
Փշրել կապանքները՝ խրված հազար տեղով
Իմ աշխարհին, հողին, խրված հոգուս․․․
Պայքարի ու ընդվզման հետ միասին Մհերը այստեղ թերևս ինչ-որ չափով արտահայտում է բանաստեղծության քնարական
հերոսի կասկածն ու վախը՝ ծնված նոր իրականության անորոշությունից։ Հերոսուհին մտավախություն ունի, որ հայ ժողովրդին այս ազատությունը դեռ շատ փորձանքներ է բերելու։
Նույն տրամադրությունները տեսնում ենք Համո Սահյանի վերջին, ետմահու՝ 1998 թ. հրատարակված «Ինձ բացակա
չդնեք» գրքում: Էպոսն ու էպոսի հերոսներն այստեղ անկայուն իրականության մեջ կայունության խորհրդանշաններ են: Օրինակ, «Ելք չունենք» բանաստեղծության մեջ.
Տղերք կան պինդ, պնդակուռ,
Ում տեսնես՝ մի Սասնա ծուռ...
Ծռեր կան, Սասուն չունենք:
Ամեն մի Դավթի համար
Ունքերը կեռ ու կամար
Մի Խանդութ չունե՞նք:
Կամ բանաստեղծի խոսքը հնչում է իբրև մարտակոչ և ժողովրդի ոգեշնչման աղբյուրը էպոսի հերոսներն են.
Ելիր, անզեն իմ ժողովուրդ,
Բարձրացիր քո լեռները լուրթ,
Եվ թող աշխարհն ականջ անի,
Թե ինչպես ես դու որոտում
Ձայնով Ձենով քո Օհանի,
Որ Դավիթը ելնի նորից
Եվ փրկի սուրբ իր Մարութան
Մսրա դաժան թագավորից:
Ժամանակագրորեն մի փոքր ավելի ուշ ստեղծված բանաստեղծական անդրադարձներում, ի հակադրություն Դավթի կեր-
պարի վկայակոչումներին, տարբեր ընթերցումների է ենթարկվում Մհերի կերպարը և հատկապես նրա փակման վայրը՝ Ագ-
ռավաքարը։
Քարայրի մոտիվը կամ քրոնոտոպը հետանկախության շրջանի պոեզիայում դառնում է մի ընդգրկուն խորհրդանշան,
ամենատարբեր, երբեմն իրար հակասող իմաստներով՝ ազգային բարդույթների հավաքատեղիից մինչև իմաստության ու
արժեքների գանձարան։ Ժամանակի հետ որոշակիորեն փոխվում են անդրադարձների երանգները, գերիշխող են դառնում
հեգնանքն ու սարկազմը։ Օրինակ, Էդվարդ Միլիտոնյանի «Ագռավաքարը» բանաստեղծությունը, հայ ժողովրդի մշտական
սպասումների ու վախերի մի ցայտուն պատկեր է։ Հեղինակը հեգնում է թե՛ սպասողներին, և թե՛ քարայրը, տալիս է Մհերի
կերպարի մի նոր մեկնաբանություն․
Մարութա սարի գագաթին կանգնած այս էլ քանի դար
Ձենով Օհանը, Քեռի Թորոսը,
Նաև այն խղճուկ պառավը, անգամ Խանդութ Խաթունը
Քառաձայն երգչախմբի հանգով գոռում են,
Գոչում, ճչում են, պաղատում՝
Դուրս արի, Փոքր Մհեր, դուրս արի Ագռավաքարից,
Դուրս արի, բալա, ախր պաղ քարանձավում
Էլ հոդացավ, էլ ռադիկուլիտ, էլ չգիտեմ ինչ կվաստակես:
Քարը փեշիցդ թափի, դուրս արի, բալա,
Մեկ է, ոչ ցորենը քանց մասուր կդառնա, ոչ էլ մասուրը՝ ցորեն:
Դառնանք ասենք, որ նրանց միացավ Էդգար Պոյի ագռավը,
Դառնանք ասենք ապա, որ նրանց ձայնակցեց
Նույնիսկ մի հասարակ քար:
Սասունցու կողով այս Փոքր Մհերը իր էշն է քշում:
Այդ ընթացքում Ագռավաքարը դանդաղ, ծանր բարձրանում է
Լեռը,
Ապա թավալգլոր՝ մինչև լեռան ստորոտ:
Ել ու վար,
Վար ու ել:
Այս էլ քանի դար:
Մեզ մնում է արձանագրել՝ Փոքր Մհերը մեր Սիզիփոսն է,
Բայց Ագռավաքարի ներսում:
Ագռավի պես վեր է ելնում:
Քարի պես գլորվում է վար28:
Էպոսի ոճավորմամբ, սակայն խորհրդավոր պատկերների ու խորհրդանշանների նվազաբերությամբ, կենցաղայնացմամբ
բանաստեղծն արձանագրում է հին կաղապարների ու գաղափարների անընդհատական ու անիմաստ շրջանառումը, դրանց վնասակարությունը։ Փոքր Մհերի առասպելը զուգահեռում է էքզիստենցիալ գրականության սիրելի Սիզիփոսի առասպելին: Էպոսի կրտսեր հերոսի ու նրա իմաստաբանության այսպիսի ընկալումը հետագայում տարբեր կերպ իրացվում է այլ բանաստեղծների ստեղծագործություններում նույնպես։
Մասնավորապես, Կարեն Անտաշյանի «Հայրենասիրական բնույթի ճամփորդական նոթագրումներ» շարքում կարդում
են․
Մենք շարունակում ենք հավատալ մեր հերոսական կռվին,
իսկ այդ ընթացքում
պզուկոտ տարիքի մի սիրահարված թուրք
«Մհերի դռան» վրա կարմիրով գրում է
“Atatürk+Akgül=Sevmek”
և դաժանորեն անմեղ ժպտում աշխարհին29։
Զբոսաշրջիկի ուղեգրական նոթերի միջոցով հեղինակը շոշափում է հայ հասարակության համար ցավոտ և այդ շրջանում
լայնորեն քննարկվող հարցեր՝ անցյալի հետ առերեսում, իրականության սթափ գնահատական, անցյալի գաղափարական
կաղապարների հաղթահարում, Ցեղասպանություն, հայ-թուրքական հարաբերություններ։ Կարեն Անտաշյանի «Անտաշատ» գրքում, որտեղ ընդգրկված է նաև վերևում բերված բանաստեղծությունը, մի ամբողջ գլուխ կա «Ագռավաքար» վերնագրով։ Այն բացվում է մի շարք հասկացությունների թվարկմամբ ու ներկայացմամբ, որոնք ըստ հեղինակի, պայմանավորում են մեր ազգային էությունը։ Ավանդական, քարացած պատկերացումների թվարկումը
կատարվում է ընդգծված սարկազմով և բնութագրվում որպես «ազգային հոգեվերլուծության սեանս»։ Թվարկվող հասկացությունների մեջ կարևոր դեր ունեն էպոսի որոշ հայտնի մոտիվներ. «Հերոս – Վաղինակ Ճպուռյանի օրգանիզմ + Սասունցի Դավթի երևակայություն» (էջ 47)։ Կամ «Ճակատագիր – Դուբլ № 4499. տեսարան «Ծննդոց», էպիզոդ «Բուռ ու կես ջուրը»... 3-4՝ գնա՛ց... թուու... ամբողջական բուռը թափվում է հրմշտոցի մեջ, կես բուռը հասնում է ինչ-որ մեկին, ով կորչում է ամբոխում...»։
Ըստ բանաստեղծի կամ նրա քնարական հերոսի, Ագռավաքարը մի վայր է, գուցե հանրագիտարան, որտեղ հավաքվում
են ազգային բոլոր մտասևեռումները, ավանդական հասկացությունները, ինքնությունն արտահայտող տարբեր հատկանիշ-
ներ, բարդույթներ, որոնք պետք է հաղթահարվեն, քանի որ խանգարում են ապրել։ Քնարական հերոսի վրա ծանրացող
անցյալի հերոսական պատմությունները համեմատվում են «Պապենական գլխացավի» հետ և ավարտվում անցյալին ուղղ-
ված՝ հանգիստ թողնելու խնդրանքով ու իրականություն վերադարձով․
– Պա՛պ, ա՛յ պապ,
գիտեմ, հիշում եմ, կանգնիր,
մենակ եմ հետ դառնալու,
մութ է...
.............................................................................
Առավոտյան հետ եմ վերադառնում
սուս ու փուս... հազար ու մի գործ կա... զզվել եմ,
մինչ նա իր հայրենի գյուղում թաղված է իր համար –
այնքան հեշտ, որ նախանձից ապրել չի լինում:
Անցյալի պատմության ծանր բեռից ազատվելու մոտիվը հակադրվում է վերևում բերված՝ հերոսական անցյալն ու այն խորհրդանշող էպիկական հասկացությունների ընդունված ընկալմանը։ Անցյալին ու այն խորհրդանշող էպոսին այսպիսի անդրադարձները իրենց արտահայտության սրությամբ ու բանավիճայնությամբ կա՛մ հասարակության մի մասի կողմից ընդունվում էին զայրույթով ու քննադատությամբ կա՛մ ուղղակի անտարբերության մատնվում։ Սակայն պետք է գնահատել բանաստեղծների խիզախությունը, այս խնդիրները գրականություն բերելու առումով։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ փոքրաթիվ են էպոսի այսպիսի ընթերցումները։
Կնճռոտ ու մութ անցյալի, հայ-թուրքական չկարգավորվող հարաբերությունների թեմաներն են իրացվում Աշոտ Գաբրիել-
յանի «Ագռավաքարից մինչև իմ ծնունդը» և «Փոքր Մհերը Ագռավաքարում» բանաստեղծություններում։ Սակայն, ի տարբե-
րություն վերևում բերված բնագրերի, այստեղ առաջնային է ոչ թե անցյալը մոռանալ-հաղթահարելու, այլ հիշելու բանաստեղծական մոտիվը․
Թալեաթի ներբանները հագած
Գյուլի քաղաքակիրթ ոտքերն են
Կեսհայրենիք մտնում…
Եվ կես եղած մի ժողովուրդ
Հայ-թուրքական սահմանի բացմամբ
Փոքր Մհերի վերադարձն է ուրվագծում
Ցորենով բեռնված վագոնների տեսքով…
Ես ոչինչ չունեմ հիշելու.
Ագռավաքարից մինչև իմ ծնունդը
Եղեռն է եղել…։
Այստեղ էլ Փոքր Մհերի փրկչական առաքելությունը կրկին որոշակիորեն կենցաղայնանում է՝ հասարակական ակնկալիք-
ներին համապատասխան, և նույնանում Թուրքիայից Հայաստան եկող հացահատիկի վագոնների հետ։ Բանաստեղծության
հերոսը չի հավատում հայ-թուրքական համաձայնագրերի հեռանկարին, քանի որ թշնամին նույնն է, պատմությունը
կրկնվում է միշտ, իսկ հայ հանրությունը խնդիրներ ունի հիշողության հետ։
Ժամանակների անփոփոխության, հերոսի օտարման ու ընտրության անորոշության մոտիվները, սակայն արդեն մարդու ճակատագրի մակարդակում իրացվում են Թադևոս Տոնոյանի «Ագռավաքարի երկու կողմում» բանաստեղծության մեջ.
Դեռ նույնն է ցորենն, ու նույնն է գարին,
Ու ոտքերիս տակ՝ դարձյալ փլուզում,
Երկու կողմում էլ Ագռավաքարի
Ես եմ, և´ ներս, և´…
Դուրս գալ եմ ուզում։
Այս թեմային անդրադարձող այլ բանաստեղծների գործերում հիմնական մոտիվները կրկնվում են։ Փոքր Մհերը մե՛կ
նույնացվում է ազգային ճակատագրին, դիտարկվում որպես հայ ժողովրդի ինքնամեկուսացման, առասպելական-գաղա-
փարական նույն շրջագծի մեջ անընդհատ պտույտի ու վերադարձի խորհրդանիշ, մե՛կ որպես զարթոնքի ու հաղթանակի
խորհրդանիշ՝ զուգահեռվելով նոր իրականությանը, մասնավորապես Արցախյան առաջին պատերազմում հաղթանակին (Վարդան Հակոբյան)։
Մհերի կերպարի կամ Ագռավաքարի մոտիվների որոշ իրացումներում գերիշխում են մարդու ճակատագրի, աշխարհի ու
Աստծո հետ հարաբերության էքզիստենցիալ մոտեցումները։ Դրանք էլ արտահայտվում են որբության, օտարման, մերժվա-
ծության, անեծքի բանաստեղծական մոտիվներով (Հրաչյա Բեյլերյան, Ավագ Եփրեմյան, Վաչե Եփրեմյան, Թադևոս Տոնոյան)։
Աղբյուրը՝ Հայկ Համբարձումյան, Անկախության «Սասնա ծռերը», Երևան, 2021: