Օգոստոսի 1-ին ծնվել է Գուրգեն Մահարին:
«Քո կյանքի ճանապարհը ուղիղ չեղավ, ինչպես լարախաղացի ճանապարհը, ոչ էլ միշտ փշոտ ու տատասկոտ, ինչպես մարգարեների ճանապարհը: Հաճախ դու մեղանչեցիր քո դեմ, քո սրտի, հոգու, խղճի դեմ, բայց հավատա, ով դու, որ նայում ես հայելու միջով տխուր աչքերով, քո ժողովուրդը քեզ կների, որովհետև դու մարդ ես եղել, և այն ամենը, ինչ մարդկային է, խորթ չի եղել քեզ համար… Մեծ ու փոքր ընկերներ ունեցար դու, մեծ ու փոքր սերեր, մեծ ու մանր կրքեր, կորցրեցիր ու գտար, հաճախ, երբ կորցրեցիր՝ ուրախացար, երբ գտար՝ տխրեցիր, բայց դու անկեղծ եղար, քո մոլորությունների մեջ անգամ՝ անկեղծ… Ով դու, որ հայելու միջից նայում ես ինձ թափված գանգուրներով, ալեհեր մազերով պսակված ճակատով ու այնուամենայնիվ ժպիտով: Ես գիտեմ քո անտանելի բնավորությունը»:
Գուրգեն Մահարի
Ստորև ներկայացնում ենք նամակներ և բանաստեղծություններ, որոնք Մահարին գրել է Ավետիք Իսահակյանին։
24 հուլիսի, 1955 թ., Երևան
Թանկագին վարպետ!
Կինս, Անտոնինան, որը սիրում է իր մայրենի, լիտվական պոեզիան եւ նույն սիրով սկսել է կարդալ եւ սիրել մեր պոեզիան եւ ամենից ավելի Ձեզ եւ Ձեր պոեզիան, վաղուց խնդրել էր ինձ ունենալ Ձեր գիրքը Ձեր մակագրությամբ, եւ ես վաղուց խոստացել եմ նրան:
Այժմ, երբ նա գտնվում է ծննդաբերական տանը եւ հաջող տանջանքներով նվիրել է ինձ մի մանչ (1), շատ կուզենայի կատարել նրա ցանկությունն այս առթիվ եւ կուզենայի, որ երբ նա տուն գա, սեղանի վրա գտնի նրա համար եւ ինձ համար թանգ այդ նվերը, որն ամենաթանկագին նվերն է թե նրա եւ թե ինձ համար: Խնդրում եմ կատարեք իմ ցանկությունը եւ չհամարեք այն ավելորդ սանտիմենտալիզմ:
Առողջությունս լավ չէ, սիրելի վարպետ, մասնավորաբար վերջին օպերացիայից հետո, բայց ամենայն վճռականությամբ որոշել եմ տոնել Ձեր փառապանծ ութսունամյակը, а там видно будет- ինչպես ասում են ռուսները:
Ջերմ ողջույն տիկին Սոֆիկին:
Սիրով Ձեր՝
Գուրգեն Մահարի
***
18 հունիսի, 1957 թ., Երկաթաջուր (Ժելեզնովոդսկ - խմբ.)
Թանկագին վարպետ,
Տղաներս տեղեկացրին ինձ քո քաջ առողջության մասին: Չեմ կարող մի քանի տողով չարտահայտել ուրախությունս: Թող Բնությունը, որի մի պերճ հյուսվածքն ես դու, հիրավի, երկար եւ ուրախ տարիներ տա քեզ եւ մենք քո կյանքով ուրախանանք:
Թանկագին Ավո,
Գտնվում եմ ընտանիքով Ժելեզնովոդսկում: Բուժվում եմ հանքային ջրերով. երանի թե ամեն ինչ հանքային ջրերով բուժվեր…
Այստեղի հայությունը երկու հոգի է ճանաչում Հայաստանի հայերից՝ Ավետիք Իսահակյանին եւ Վազգեն I-ին, եւ որովհետեւ գիտեն կամ ենթադրում են, որ ես ծանոթ եմ Ավ. Իսահակյանին, սկսեցին հետաքրքրվել նաեւ իմ առողջությամբ…
Ես հաղորդեցի Դերենիկի մահվան մասին, հարցնում են, «Գրո՞ղ էր»…
Կարոտում եւ համբուրում եմ քեզ, թանկագին վարպետ:
Քո՝ Գ. Մահարի
***
Սիրելի Ավոյին
Կը բարձրանա՛նք մենք այս փոշուց,
այս ավարից, ավերից,
կը բարձրանա՛նք մենք
այս փոշուց,
Իսահակյան Ավետիք…
26.VIII, 28 թ.
Այնքան հեռու եւ այնքան մոտ
Կարկաչում է հին մի առու.-
Օրամուտի անուշ կարոտ,
Լավ աղջկա հետ կապված գարուն:
սիրում եմ քեզ, թեեւ գիտեմ,
Իմ երկիրն է վառվում քո դեմ,
Իսահակյան, վերջին երազ …
1929 թ., Երեւան
Աղբյուր՝ Mediamax.am