Ի՞նչ էր սիրում ուտել Չարենցը, ի՞նչ էր սիրում գնել խանութից անձամբ, ի՞նչ էր պատվիրում ռեստորաններում...
Այս հարցերի շուրջ զրուցել ենք Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանի հետ, նա էլ մեզ տրամադրեց Չարենցի սննդային սովորությունների մասին հուշեր, որոնք էլ ներկայացնում ենք ձեզ:
Ռեգինա Ղազարյանի հուշերից
«…Առաջին հայացքից Չարենցը կարող էր թողնել ցոփ կյանք վարող մարդու տպավորություն: Ծայրահեղ կարիքի մեջ անգամ նա ընդունակ էր անխնա շռայլել իր վերջին կոպեկները՝ հանուն հաճույքի, նախընտրում էր մեծը, շատը, լիքը, լավը: Խանութից գրամներով ոչինչ չէր գնում, ամեն ինչ վերցնում էր մեծ քանակությամբ, եթե դրա կարիքն անգամ չկար: Միրգ գնում էր բացառիկ ընտրությամբ, ձմերուկը՝ ամենամեծը, որն ինքն էլ դժվարությամբ էր խանութից տուն հասցնում: Ճաշարանում պատվիրում էր բազում խորտիկներ, համտեսում միայն մեկը: Խմիչքը գնում էր մի քանի տեսակ…
Չարենցը քչակեր էր:
Քաղցր, օրինակ, քիչ էր օգտագործում, թեյի ժամանակ երբեմն հաճույքով ուտում էր «Պետի-ֆուր» կոչվող, երկարավուն տուփերի մեջ վաճառվող նուրբ թխվածք, որ պատրաստում էին Աբովյան և Ամիրյան փողոցների անկյունում գտնվող հրուշակեղենի «Դրուժբա» հայտնի խանութում: Մրգերից սիրում էր մալաչա տանձ, միջինասիական սեխ, իսկ ամռանը, ծարավը հագեցնելու համար, ջրի փոխարեն նախընտրում էր ձմերուկը: Սուրճ խմում էր ամեն օր, երբեմն՝ մի քանի գավաթ, սառույցի կտորը մեջը գցած ջրով: Ոգելից խմիչքներից նախընտրում էր կոնյակը, խմում էր փոքր ումպերով: Ճաշատեսակներից սիրում էր իշխան ձուկ, Երևանի ճուտով քաշովի, ուկրաինական բորշչ: Սիրում էր նաև թթու և սուր համեմունքներ, ուտում էր հաճույքով: Կաթնեղենից սիրում էր մածունը, որից թան էր պատրաստում»[1]:
Ռեգինա Ղազարյան
Վահրամ Ալազանի hուշերից
«Երևան վերադառնալուցս մեկ շաբաթ հետո, այցելեցի իրեն: Բուդդաների արձանները և շախմատը շարել էր գրասեղանի վրա: Քիչ հետո նա բաց արեց գրասեղանի ներքևի դարակը և չորս ճոթերից բռնած դուրս քաշեց Թիֆլիսում գնած չինական սփռոցը: Սեղանի վրա դնելով՝ բաց արեց և ինչ. Այնտեղ լցված էին մեծ քանակությամբ չոր մրգեր՝ ընկույզի և կաղնի միջուկ, քիշմիշ, թուզ, արմավ և շոկոլադի կտորտանք:
-Այս ի՞նչ բան է,- զարմացած հարցրի ես:
-Այ տղա, «դաստախուն» եմ սարքել…
… Մի երկու շաբաթ հետո կրկին այցելեցի իրեն: Այս անգամ նա ոչինչ չդրեց սեղանին:
-Իսկ ո՞ւր է «դաստախունդ»,- հարցրի ես:
-Այ տղա, վերջ տվի,- պատասխանեցՉարենցը,- շատ թանկ էր նստում, որովհետև ամեն ինչ «Տորգսին»-ից էի գնում[2]»:
Վահրամ Ալազան
Ըստ Ժամանակակիցների բանավոր հուշերի՝ Չարենցը կոնյակի հետ հյուրասիրում էր բաստուրմա և ձիթապտուղ:
[1] Ռեգինա Ղազարյան, Չարենցյան նշխարներ, Երևան, 1998թ., էջ 30-31:
[2] Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Երևան, 1961թ., էջ 246-247: