Հին նկարից մեզ նայող երիտասարդ գեղեցկուհին՝ Մարիամ Վարդազարյանն է՝ Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերոջ՝ Փիլիպոս Վարդազարյանի քույրը: Սակայն այս պատմությունը այնքան էլ նրա մասին չէ, ոչ էլ այն ծաղկեփնջի մասին, որ նրան նվիրում է ամենայն հայոց բանաստեղծը: Այս պատմությունը մի գողտրիկ ու քնքուշ բանաստեղծության մասին է, որը կարող է ծնվել ամենասովորական ու կենցաղային դեպքից, մայիսյան պայծառ մի օր:
Եվ այսպես 1898թ., մայիսի 22-ին, Թիֆլիսում Թումանյանենց տուն է այցելում Մարիամ Վարդազարյանը: Բանաստեղծը նրան վարդեր է նվիրում, որոնք հեռանալիս օրիորդը մոռանում է: Հովհաննես Թումանյանը հաջորդ օրն ուղարկում է վարդերն ու «Մոռացված վարդեր» բանաստեղծությամբ բացիկը:
ՄՈՌԱՑՎԱԾ ՎԱՐԴԵՐ
Ձեր վարդերը թողիք մեզ մոտ,
Ափսոսում եմ ես սըրտանց,
Եվ նրանց բույրն անուշահոտ
Ափսոսանքով է լըցված։
Ափսո՜ս, ափսո՜ս... ինչո՞ւ եք դուք
Ձեր վարդերը մոռանում.
Չէ՞ կան բաներ մեր կյանքի մեջ,
Որ մոռանալ չի լինում.—
Չեն մոռանալ աղջիկ ու սեր,
Չեն մոռանալ վարդ ու բույր...
Առանց նրանց՝ կյանքը ձմեռ
Ու գիշեր է սևաթույր։
Թե մոռացան— առավոտը,
(Մի գիշեր է միայն անցնում),
Ո՛չ այն սիրտը, ո՛չ այն հոտը
Էլ չեն գըտնիլ նըրանցում...
Ձեր մոռացած այն վարդերը
Ուղարկում եմ ես ահա,
Դեռ մնում են ողջ թերթերը,
Բայց բուրմունքը— էլ չըկա։
Ուշագրավ է, որ սա Մարիամ Վարդազարյանի հետ կապված՝ բանաստեղծի միակ գործը չէ: «Մոռացված վարդերից» մեկ տարի անց 1900 թվականի դեկտեմբերի 31-ին Թումանյանը գրում է «Հապա գտեք, էն ո՞վ էին» բանաստեղծությունը՝ Մարիամ Վարդազարյանի ամուսնության առիթով: Այս հանելուկ բանաստեղծության մեջ պատահաբար, թե միտումնավոր կրկին երևում են ծաղկային մոտիվները.
Հապա գտեք, էն ո՞վ էին,
Որ մի դարում նշան տըվին,
Իսկ մյուս դարում ամուսնացան,
Ոչ թոռմեցին, ոչ ծերացան,
Ու մընացին մինչև պըսակ
Թարմ ու ջահել, ծաղկահասակ...