1924 թվականի հունվարի 24-ին է ծնվել Պարույր Սևակը։ Բանաստեղծի կենսագրականներում և տարբեր առիթներով լրացված անձնական թերթիկներում կարող ենք հանդիպել նրա ծննդյան հունվարի 26 ամսաթվին։ Պատճառն այն է, որ Պարույր Ղազարյանի ծնունդը համընկել է հեղափոխության առաջնորդ Վ․ Լենինի մահվան սգո արարողություններին, ինչի պատճառով էլ ծննդյան գրանցումը կատարվել է երկու օր ուշացումով։ Մեծ բանաստեղծի ծննդյան առիթով art365-ը ներկայացնում է քաղվածքներ գրականագետ Լևոն Հախվերդյանի հուշերից:
Աշխատասիրություն
Դեռ այն ժամանակ տղաներն առասպելներ էին պատմում Պարույրի աշխատասիրության մասին: Թե կարող է պարապել օրական 10-15 ժամ, գրքի վրա գիշեր լուսացնելը սովորական բան է նրա համար, թե իբր պարապելիս ոտքերը դնում է սառը ջրի մեջ, որ քունը չտանի, թե գրաբար դասական հեղինակ չկա, որ բնագրով կարդացած չլինի... Բայց դրանք, երևի, առասպելներ չէին, այլ իրողություն. աշխատասիրության աստվածն, իրոք, տաքուկ բուն էր դրել չանախչեցի տղայի մեջ և նրան դարձրել համալսարանի երևի թե առաջին ուսանողը: 1942-ին իր անդրանիկ բանաստնղծությունները տպագրած տասնութամյա պատանին գրական շրջաններում արդեն հայտնի անուն էր, որի մեջ ոչինչ չկար գեղջկական՝ ո՛չ նկարագրի, ո՛չ գրվածքների: Իսկ երբ ծանոթներ էինք արդեն՝ քսանհինգը դեռ չբոլորած Պարույրը համալսարանավարտ երիտասարդ էր՝ լեցուն իմացությամբ ու օժտված կիրթ ու ինքնատիպ մտածողությամբ, ուրույն հայացքով ամեն ինչի վրա՝ երևույթները համակարգելու, ընդհանրացնելու բացառիկ ընդունակությամբ։
Ազարտ
Ազարտը, բառիս լայն առումով, Պարույրի արյան մեջ էր, խաղը պարզապես դա ակներև էր դարձնում: Նարդի խաղալիս էլ նույնն էր, զառը գցում էր վստահորեն և ասում, «Հիմա կլսեք ծանոթ բացականչություններ...», այսինքն՝ հակառակորդի հուսահատական կանչերը. Դա միակ արտահայտությունն էր, որ նա առել էր ինձնից՝ իր մեծաթիվ դարձվածքների դիմաց (և, փակագծում ասեմ, իր բազմաթիվ բառերի դիմաց ինձնից «յուրացրել» էր իր ծիծաղը շարժող մի քանի բառ՝ սնվել, դրամագլուխ, պիղծ. վերջին երկուսն իմ բառարանն էին մտել մանկուց՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերից ու Հեքլբերի Ֆիննից»): Երկյուղ չկրելով մանրանկատ լինելուց, հիշեմ նաև, որ Պարույրին սաստիկ դուր էր գալիս իմ մի սովորույթը ևս՝ սեղանի շուրջը «շեն կենաք» էի ասում, ոչ թե՝ «սա՛ղ լինեք», և զվարճացնում էր, երբ խաղի ժամանակ «եք» ուզելիս «եքն» էի ասում՝ գրաբար...
Սիրում էր խաղալ, առավել ևս՝ խաղը շահել, ինչպես ամենքը, տարբերությունը չափի մեջ էր, իսկ Պարույրը չափ չէր ճանաչում: Նույն անհագ խառնվածքն էր ամենուրեք, իր բոլոր արարքներում:
Կնամեծարություն
Կնամեծար էր չափազանց, վերստին չափազանց: Եվ բառիս ամենալայն իմաստով՝ մայրը, կինը, զոքանչը, ընկերների կանայք սրբություն էին իր աչքում, որոնց հետ վարվում էր խորին երկյուղածությամբ: Զոքանչը՝ տիկին Անահիտը, մի շատ կիրթ, բարեհամբույր կին, խնդրել էր, որ Ստասովայի հուշերի գիրքը ճարի իր համար: Ինչքան չարչարվեց, մինչև որ գտավ: Երբ Մայան երեխա պիտի ունենար՝ շրջում էր հետը հանուն մաքուր օդի, դողում վրան՝ հանկարծ մի բան չպատահի: Մոտակա հայրությունն ապրում էր խանդաղատանքով մեկ-մեկ հարցնում առանց կատակի՝ բա որ տղան գիրք չսիրի...
Կին արարածը մի առանձնահատուկ երևույթ էր նրա աչքում, և կնոջ մեջ, որքան ես հասու եղա մեր մտերմության 26 տարիներին, նրա համար թանկագինն այն էր, ինչ պակասում էր տղամարդկանց՝ գթառատ սիրտը։ «Փխրուն»՝ սա էր իր բառարանում պահված ամենաքնքուշ բառը կնոջ մասին, իսկ դա վերաբերում էր կնոջ հոգուն, էությանը, ներաշխարհին: Այստեղ էր որոնում կնոջ գեղեցկությունը: Գթառատ և փխրուն սրտի, կարեկցանքի, բայց ոչ ամեն տեսակ, այլ կնոջական ու քրոջական անհաշիվ և անհաշվենկատ կարեկցանքի մեջ էր, ասես, սփոփանք գտնում մշտապես կարեկցանքի կարոտ այդ անհանգիստ, ինքն իրեն ուտող հոգին:
Ծխախոտ
Uիգարետն անպակաս էր բարակ մատների արանքից: Ծուխը ներս էր քաշում ագահաբար: Սակավապետ ուտելու մեջ՝ առավոտները մի բան կուտեր ոչ թե քաղցը հագեցնելու, այլ ծխելու ախորժակ բացելու համար: Դեպքերից առաջ ընկնելով ասեմ՝ տարիների ընթացքում այդ մոլությունը խորացավ իր մեջ, նիկոտինի քաղցը հանգիստ չէր տալիս իրեն՝ տնից դուրս գալիս,— ասում էր,— ունեցածս մի տուփի հետ երկուսն էլ վերցնում եմ, որ հանկարծ չպակսի...
Սաստիկ ծխելն իր ետևից բերում էր և սաստիկ հազը, տևական ու տանջալի այնքան, որ աչքերից արցունք էր հո-սում: Դրանից ազատվելու ելքը գտնում էր առավոտները մի քիչ օղի խմելու մեջ: Բայց դա էլ ելք չէր: Դե էդ անտերը մի թիչ պակասեցրո՛ւ, էլի... Նայում էր արցունքախառն կշտամբանքով՝ կարծում ես չե՞մ ուզում...
Այդ ժամանակ արդեն համազգային ճանաչման հասած բանաստեղծի համար հատուկ դեղորայք էին ուղարկել, որ խմի ու վերջ տա ծխելուն, Հարցրի՝ հը՞, ինչ դառավ: -Այ տղա, չեղավ էլի: Դեղը լավը չէ՞ր: Դեղը լավն էր, ես պիտի օգնեի իրեն, որ իր գործը տեսներ՝ չկարողացա...
Վախեր
Աներկյուղ, աննահանջ բնավորություն էր, գուցե նույնիսկ կռվարար` նախահարձակ, համենայն դեպս՝ կռվից չխուսափող, նաև փողոցային կռվից՝ իբրև սովորական երևանցի տղա, չխոսելով այլևս գրական կռիվների, բանավեճերի մասին, որոնց մեջ նա իսկական «ասս» էր, իմ ճանաչած թերևս ամենաթունդ պոլեմիստը։
Միայն երկու վախ, ավելին՝ սարսափ ուներ այդ աներկյուղ բնավորությունը. մեկը բանսարկությունն էր, քաղաքականը հատկապես, մյուսը... սրսկվելը։ Երեխայի պես վախենում էր, և զուր չէր վախենում, եզան տակ հորթ որոնողից, լուն ուղտ դարձնողից, բամբասողից, բանսարկուից մատնիչից, լրտեսից, վախենում էր, ինչպես սատանայից, և զարմանում երեխայի պես՝ այ տղա, էդպես մարդիկ ո՞նց են լինում...
Եվ առանց կատակի՝ սրսկվելը սարսափ էր ազդում վրան: Պատահեց, որ գրողների տան բոլոր աշխատակիցներս պիտի սրսկվեինք: Գլուխն առավ փախավ: Բա դու երբեք չե՞ս սրսկվել: Չէ: Դպրոցում, երեխա ժամանակ, մի որևէ համաճարակի առիթով: Չէ, ասում եմ, չէ՛, միշտ փախել եմ:
Հասունություն
Ես չեմ տեսել ուրիշ մեկին, որ իր ազգային պատմությունը ոչ միայն իմանար, այլև զգար այնքան առարկայաբար կոնկրետ, այնքան անմիջաբար ինչպես Պարույրը: Դարերի խորքում ծվարած իրողությունները նրա ընկալմամբ երեկվա իրողություններն էին, որ կատարվել էին, ասես, աչքի առաջ: Եվ, ունենալով անձնավորման, վերապրման, վերամարմնավորման արտասովոր մի ձիրք, որ հատուկ է առաջնակարգ դերասաններին, արվեստագետներին առհասարակ, նա անցած-գնացած աղետները վերհիշում-վերապրում էր իբրև անձնական կյանքի իրողություններ, եկած ու անցած պատմական դեմքերը՝ իբրև սեփական կերպարանափոխումներ, շատերիս համար մոռացության գիրկը նետված ողբերգությունները զգում էր, ինչպես թարմ վերք:
Եվ իր ժողովրդի պատմության ողբերգականը ճնշում էր իրեն, գուցե նաև վեհացնում իբրև ողբերգության հերոսի: Պարույրն իր ժողովրդի ողբերգական պատմության ազնիվ, անդավաճան, իմացյալ ժառանգորդն էր, ինչպես արյամբ՝ մայրական ողբերգական խառնվածքի հավատարիմ ժառանգորդը: 40-ական թվականներին իմ սերնդակիցներից քչերը, շա՜տ քչերը գիտեին ինչ ասել է Եղեռն, Մե՛ծ Եղեռն, իսկ Պարույրը գիտեր այնպես, ինչպես քչերը գիտեն նույնիսկ հիմա։ Այնպես որ «Անլռելի զանգակատունը» պիտի գրվեր, ինչ էլ լիներ՝ պարպելու համար ազգալին ողբերգության հուզմունքներով առլեցուն իր հոգին:
Աղբյուրը՝ Լևոն Հախվերդյան, Պարույրը, Երևան, 1987: