Ժամանակակիցներն ու հուշագիրները վկայում են, որ Վարպետի ջերմ և հյուրընկալ տունը միշտ լի էր հյուրերով, և մինչև ուշ գիշեր սեղանը չէր հավաքվում:
Ավ.Իսահականի կինը՝ տիկին Սոֆին, և՛ հարսը` Իզաբելան պատրաստում էին բանաստեղծի սիրելի և նախընտրելի ուտելիքներն ու ըմպելիքները:
Իսկ երբ կանչում էին հյուրասիրության ցանկանում էին նախապես տեղեկանալ, թե Վարպետը ի՞նչ կուզեր, որ իր համար պատրաստեն: Մսային կերակուրներից նա նախընտրում էր քյուֆթան: Իսահակյանը Փարիզում էր ճաշակել զեյթուն և շատ էր սիրում նաև սև զեյթուն: Նախընտրելի հացը հայկական լավաշն էր:
Ավ.Իսահակյանը, կինը` Սոֆիկը, որդին` Վիգենը, հարսը` Իզաբելան. Երևան, 1938
Պապիկի սիրելի ուտեստների մասին շատ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում նաև Վարպետի թոռը` Ավիկ Իսահակյանը, որի պատանեկան հիշողության մեջ շատ լավ տպավորվել է, որ պապիկի ամենասիրելի ճաշը հավով և բրնձով փլավն էր, թանով ապուրը (սպասը), ոսպախաշուն, խավիծը, կաթնամթերքից` թարմ կաթի սերը:
Ավ. Իսահակյանը թոռնիկի հետ
Թխվածքներից սիրում էր «Շաքարչորակի» կոչվող թխվածքը։ Իսահակյաննների սեղանից անպակաս էր գաթան, կոնյակը և սուրճը:
Վարպետը առավոտյան սիրում էր ըմպել կաթով սուրճ կամ իր սիրելի Շիրակ աշխարհի անուշաբույր խոտաբույսերով պատրաստված թեյ:
Իսկ ամռանը և աշնանը, երբ հասուն և համեղ մրգերի մեծ բազմազանություն կար, Վարպետը սիրում էր ճաշից հետո սառը ձմերուկ ուտել:
Ավ. Իսահակյանը հարազատների հետ
Ընտանիքի սիրելի ուտեստներից է եղել նաև հայկական ավանդական հարիսան, որ շատ համեղ պատրաստում էր տիկին Սոֆին, որը ինչպես Վարպետի, այնպես էլ շատերի սիրելի կերակուրն էր:
Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում գրում է.
«…Մայրս ամբողջ գիշերը մեր նավթավառի վրա մի մեծ կաթսա հարիսա էր եփել: Առավոտյան ասաց, թե Չարենցը մենակ է մնացել, մի աման էլ նրան ուղարկեմ: Կանչեց Բելլային, մի մեծ աման լցրեց և խնդրեց տանել Չարենցին: Բելլան բակի միջով գնաց Չարենցի մոտ: Չարենցը ախորժակով մի պնակ կերել էր, ասել, թե շատ համեղ է, մնացածն էլ ճաշին կուտի»:
Եղիշե Չարենցն ու Ավ.Իսահակյանը Վենետիկում
Տեղեկությունները տրամադրել է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի
ցուցադրությունների ու հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը