Ի՞նչ էր սիրում ուտել Մարտիրոս Սարյանը, ի՞նչ էր պատրաստում նրա սիրելի կինը՝ Լուսիկը, ի՞նչ էր սիրում հյուրասիրել իր հյուրերին... Այս հարցերի շուրջ զրուցել ենք Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանի հետ:
Մարտիրոս Սարյանի սիրած ուտելիքներն ու դրանց պատրաստման եղանակը
Մ. Սարյանը բուսակեր էր: Այդ սննդակարգը նա ընդունել էր ըստ իր ներքին մղման և ոչ թե որևէ գաղափարի կամ բուժման մեթոդների հետևելով: Ինչպես հիշում է Վարպետի ավագ թոռնուհի Կատարինե Սարյանն իր «Էքսպոզիցիա» հուշերի գրքում, նկարիչը յուրահատուկ բացատրություն էր տալիս բանջարեղենի և մրգի օգտագործմանը. առաջինը՝ մարդուն առողջություն է տալիս, երկրորդը՝ ուրախություն: Ահա ձմերուկի վառ կարմիր դիլիմը նման է ժպիտի: Եթե ուտես այն՝ կվազվզի քո ներսում և ուրախություն կպարգևի:
Խիստ Պահքից Սարյանի առօրյա սնունդը տարբերվում էր ընդամենը կաթնամթերքի օգտագործմամբ: Առավոտյան նա մի մեծ բաժակ Ղալմուխ թեյ էր խմում:
Ղալմուխ թեյի պատրաստման եղանակը
Օգտագործվում էին Ղալմուխ թեյի չմշակված տերևների սեղմված սալիկները: Մի քանի կտոր այդպիսի թեյի վրա լցվում էր եռացրած ջուրը, թեյնիկը մի անգամ եռացվում, դրվում ծածկոցի տակ: Բաժակի մեջ լցնելուց հետո ավելացվում էր կաթ, մի կտոր կարագ, աղ և չորահաց:
Ճաշ
Այսպիսի նախաճաշից հետո, Սարյանը բարձրանում էր իր արվեստանոցը, ասելով. «Պետք է աշխատել»:
Ճաշի ժամը համընկնում էր որդիների աշխատանքից վերադառնալու, պատի ժամացույցի և սբ.Զորավոր եկեղեցու զանգերի հետ: Վարպետը իջնում էր իր արվեստանոցից, ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջ: Սարյանին մատուցվում էին իր յուրահատուկ ուտելիքները: Ամառները սիրում էր խորոված բադրիջան ուտել, որի վրա աղի փոխարեն չորացրած ծովի կաղամբ էր ցանած: Տիկին Լուսիկը մի հնար էր գտնում, պայմանավորվում Մոսկվա-Երևան գնացքի ուղեկցորդի հետ, որ Սարյանի սեղանին լինի վրացական մարինացված ջոնջոլին:
Վրացական ուտելիքներ
Վրացական ուտելիքների հանդեպ Սարյանն անտարբեր չէր, և դա կապված էր իր սիրելի կնոջ՝ Ղազարոս Աղայանի դստեր՝ Լուսիկի հետ, որը մեծացել էր Թիֆլիսում: Մի պարզ ուտեստ նա կարողանում էր մատուցել որպես նրբախորտիկ: Այդպես կարմիր լոբու պաշտետի վրա նա դնում էր խրթխրթան սոխարած: Այս եղանակով արված լոբու բաղադրատոմսը փոխանցվել էր Արաքսի Սարյանին, և մինչ օրս էլ պատրաստվում է ամանօրյա սեղանի համար:
Կարմիր լոբու պաշտետի պատրաստման եղանակը
Կարմիր լոբին երեկոյան թրջել գոլ ջրի մեջ: Առավոտյան լվանալ, տաք ջուր ավելացնել, դնել կրակին, ջրի մեջ ավելացնել երկու մասի բաժանված գլուխ սոխ և չորացրած ծիտրոն: Եփելուն պես՝ անցկացնել աղացով, համեմել աղով, խմել-սունելի ավելացնել: Առանձին պատրաստել սոխարածը: Հիշում է Սոֆյա Սարյանը.
Հայրս՝ Ղազարոս Սարյանը, խորհուրդ էր տալիս տապակելիս մի պտղունց աղ ավելացնել, որ խրթխրթան լինի: Պաշտետը դնել խորունկ ամանի մեջ, մեջտեղում մի փոսիկ անել և սոխարածը իր ձեթով տեղադրել մեջը:
Տիկին Լուսիկը պատրաստում էր նաև համեղ կանաչ լոբի
Պատրաստման եղանակը
Կանաչ լոբու ամեն մի կտորը կտրել մեջտեղից և երկու մասի բաժանել, եփել քիչ ջրով: Ավելացնել ռեհան և սխտոր, ամեն պճեղը երկու մասի բաժանած:
Կանաչ լոբու պաշտետ
Կանաչ լոբին եփել քիչ ջրով, անցկացնել աղացով, այս նույն ձևով աղացած ընկույզ ավելացնել, համեմել աղով, մի քիչ քացախ ավելացնել և կտրտած համեմ:
Սարյանների տանը պատրաստվում էին նաև տոնական ուտեստներ:
Թավա
Պատրաստման եղանակը
Փոքր չափի կարտոֆիլը ամբողջական, մեծը՝ երկու մասի բաժանած քիչ տապակել, գառի միսը քառակուսի կտորների բաժանած եփել, կանաչ բիբարը, բադրիջանը, լոլիկը, գլուխ սոխը (փոքրը ամբողջական, մեծը՝ երկու մասի բաժանած) քիչ տապակել: Հետո միսը կարտոֆիլի վրա դնել, վերից շարել մնացած բանջարեղենը և ջեռոցում պահել 20 րոպե՝ երեսը փակել փայլաթիթեղով, հետո բացել:
Սիգ
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրել, համեմել աղով, չորացրած թարխունով, փորի մեջ կարագի կտորներ դնել: Տեղավորել ամանի մեջ, երկու կողքերին դնել երկու մասի բաժանած միջին չափի կարտոֆիլ, լոլիկ, վրան դնել մեծ օղակներով կտրտված գլուխ սոխ:
Աղանդերից տանը սիրում էին տիկին Լուսիկի կոզինախը, Կատարինե հորաքրոջ (Սարյանի քրոջ) կուլիչն ու կուրաբյեն:
Կոզինախ
Պատրաստման եղանակը
Պնդուկի վրա եռման ջուր ավելացնելով՝ մաքրել կճեպը, այնուհետև եփել մեղրի մեջ մինչև փափկելը:
Խմոր կուլիչի, ջեմով կարկանդակի համար
Պատրաստման եղանակը
Չոր խմորիչի մեկ ճաշի գտալ լցնել մեկ լիտրանոց բանկայի մեջ, կիսով չափ գոլ կաթ ավելացնել, դնել տաք տեղ: Երբ խմորիչը աճի, լցնել մեծ թասի մեջ, ավելացնել 1 ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 պտղունց աղ, 60-70 գր կարագ, ալյուր այնքան, որ փափուկ խմոր ստացվի: Դնել տաք տեղ: 2-3 ժամը մեկ երեք անգամ շաղախել տաք կարագով: Այս խմորով պատրաստվում էր կուլիչ, ծիրանի ջեմով կարկանդակ, իսկ Զատիկին՝ Խանսեֆեր՝ Քրիստոսի փշե պսակը:
Կուրաբյե (փխրուն կարկանդակ)
Պատրաստման եղանակը
Փափկեցրած կարագը հարել շաքարի փոշիի հետ, ավելացնել հարած 3 ձու, 150 մլ կաթ, մի քիչ եփել կրակի վրա դրված ջրի մեջ: Հետո ավելացնել վանիլին, ալյուր՝ անընդհատ խառնելով: Այսպիսի խմորից թխվում էին կուրաբյեներ խաղողի վազի և այլ մրգերի տեսքով:
Այս ամենը Մարիրոս Սարյանը միշտ ուտում էր դանդաղ, փոքր կտորներով՝ ըմբոշխնելով ամեն ուտեստը, կարծես հետևելով, թե ինչպես է ամեն մի համ, ամեն բուրմունք տարածվում իր մեջ և փոխանցում սննդարար նյութեր:
Սոֆյա Սարյան
Մ. Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ