1851 թվականի մայիսի 20-ին(հունիս 1) է ծնվել Պետրոս Դուրյանը։ Վաղամեռիկ բանաստեղծ, ում ստեղծագործությունները ցնցում են ընթերցողին իրենց հոգեբանական խորությամբ, ողբերգականությամբ, բանաստեղծական ներշնչման ու պատկերավորման յուրահատկությամբ։ Նրա հայտնի գործերը՝ Լճակ, Տրտունջք, Ինչ կըսեն, Սիրել, Դրժել և այլն, հայ գրականության դասական ստեղծագործություններ են։ Պ․ Դուրյանից մեզ են հասել ընդամենը 39-ը բանաստեղծություն, որոնց մեծ մասը գրված է 1871 թվականին՝ բանաստեղծի մահվան նախորդող տարվա ընթացքում։ Թեև ծանր հիվանդությունը խորը հետք է թողել բանաստեղծի ներաշխարհում և տարբեր կերպ անդրադարձել նրա ստեղծագործություններում, սակայն նրա տաղանդի փայլատակումը միայն հիվանդության հանգամանքով պայմանավորելը հիմնավոր չէ։ Պ․ Դուրյանն աստվածատուր շնորհով օժտված, իրականության սուր ու ողբերգական ընկալում ունեցող բացառիկ, ինքնօրինակ բանաստեղծ է, որի ներշնչումներն ու ստեղծագործությունը տարբեր աղբյուրներից են սնվել։ Պ․ Դուրյանի կյանքի ու պոեզիայի ընկալումների մասին պատկերացում են տալիս նրա նամակները, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև։ Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Լուսինյանին ուղղված նամակը հաճախ ներկայացվում է որպես Տրտունջք բանաստեղծության տրամադրություններին հարազատ մի բնագիր։ Դրա միջոցով էլ մեկնաբանվում է այդ գործը, թեև այլ ընթերցմամբ այս գործերը գրեթե հակադիր բնույթ ունեն։ Նամակը գրվել է 1871 թ․ դեկտեմբերի 10-ին, բանաստեղծի մահից կարճ ժամանակ առաջ և թերևս նրա վերջին նամակն է։ Բացառիկ ներշնչումով, ապրումների ու մտքի գերլարումով գրված այս նամակը լույս է սփռում բանաստեղծի աշխարհայացքի ու ներաշխարհի, ստեղծագործության ակունքների ու յուրահատկությունների վրա։ Մենք տեսնում ենք մահվան հետ համակերպված, սակայն հավատով անխուսափելիին սպասող, ներողամիտ ու լուսավոր մի էություն, որը միայն բարին է ցանկանում աշխարհին ու մարդկանց։ Պետրոս Դուրյանը հրաժեշտ է տալիս կյանքին տիեզերքի հետ կապի հստակ հավատով, հեռանում է առանց տրտնջոցի կամ անեծքի, այլ սիրով, աղոթքի ու բարեխոսության խոստմամբ։
<Առ
Պ. Ա. Լուսինյան>
Եղբայր իմ.
Ներեցեք.
ուշկեկ պատասխանելուս: Թեև դարձյալ մատներս գրչիս վրա կ'դողդոջեն. սիրտս զգածվելու տեղ կը'մարի. և ես նա- ելու տեղ կ'փղձկիմ. բայց կուզեմ օրհասականի մը դյուցազնական ճիգ մ'ընել և երկու տող ալ գրել.
Եղբայր իմ, Ձեր վերջին նամակը զիս մխիթարել կուզե և կ'ըսեք. «Մեկդի ձգե ՚սա հիվանդ եմ' ի գաղափարը մտքեդ և բոլորովին կ'բուժիս»: Ա՜հ, Եղբայր իմ, կուրծիս տակ հրաբուխ բռնկած է. կրակներ կեռան ու կ'այրեն զիս. Աս կրակը երկընկեց կրակին նման է, որ չ'մարիր և չ’պիտի մարի, մինչև չսպառե ամեն ինչ.
Այո՛, ալ հիմա հավատացի թե կը՚ծյուրի՜մ եղեր. գիտեմ թե ալ շատ չ'ապրիմ պիտի. Ա՜հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը՝ որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար.
չ'գիտեմ ինչ գրեմ. կ'զգամ շատ բայց գրելու դժվարություն մը կա. կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ։
Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ'եմ. մարում մ'եմ, քայքայում մ'եմ, գիտեմ այս տողերը վերջինն են և վերջինը պիտի լինին, սակայն սա տարտղնած ուշս ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը' սիրեմ. ես որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի. կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մըլլա:
Կարափն իր վերջի շունչին իր էն ներդանշակավոր ճիչը կ'արտասանե կըսեն. թող ես ալ կարափին պես անցած ըլլամ աշխարհեն:
Ձեր գրեր վերջին ատեններս ինձ մեծ սփոփանք և ախորժ նվիրեցին. հազիվ տերևոց և ստվերաց տակ, հազիվ Յուսկյուտարա գեղեցիկ և հովասուն դաշտաց և մարգաց մեջ մեկ քանի զվարթ պտույտներ ըրինք և ահա կրկին անկա, ա՜լ անշուշտ չ'կանգնելու հուսահատությամբ: Բայց դուք գրեցեք, Եղբայր իմ. Ձեր խոսքեր` սպունգնե՜ր են, վիշտերս կը'ծծեն. Այո՛ գիտեմ դուք բնավ տխրություն չ՚եք սիրեր. և շատ անգամ տխրության գաղափարը ծնող կամ զարթուցանող առարկաներ չտեսնելու համար առանձին տեղերե կերթաք. բայց իմ տխրությունս կ'սիրեք, զի բանաստեղծական է. Ա՜հ. քանի՜ քաղցր եկավ ինձ սա խոսքդ՝ «Ավելի կ՚սիրեմ Ձեր ճակտի մելամախձոտ դալուկը` դիտել՝ քան թե գեղեցիկի մը այտին վարդերը կամ ճակտին ադամանդը»:
Աշխարհի մեջ ապրեցա՜ և Ձեզի պես միայն ձայն մը ըլլալ սիրեցի. Ձեզի պես երգել սիրեցի: Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցկին ու սիրունին իտեաանը շոշափելու քաղցրությունը չ'ունի: Մարդուն նշանաբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ'է.
Այո՛ Եղբայր իմ` խիստ ընտիր խոսեր էիք օր մ'ինձ թե «Երգը ոչ այլ ինչ է բայց եթե ձայներու ներդաշնակավոր փունջ մը.»: Այո՛, ես ալ կ'ըսեմ.
«Երիտասարդ ըլլալ և երգե՛լ
Ծեր լինիլ և և աղոթե՜լ»)։
Ա՛յս է կյանքը:
Ա՜հ, գեղեցիկ կյանք մ'ալ կա. սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». Ա՜հ, ի՜նչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք, դուք կ'երգե՜ք, կ'սիրե՛ք ու կ'աղոթե՛ք:
Աշխարհի մեջ հոգիներու էն մեծ ախորժը սիրելն է. դուք զայս՝ քան զամեն մարդիկ աշխարհի՝ ընտիր և վսեմ կերպով գիտեք. դուք կ'սիրեք և կ'սիրվիք. կ'սիրեք անդր քան զգերեզման. կ'սիրվիքանդր քան զհավիտյան։ Եղբայր իմ քանիս՜ն սիրելի՜ և տենչալի էր ինձ տեսնել Ձեր սիրո նշանավոր Հանդեսը). եթե զայն երկրի վրա վայելելու անհուն քաղցրությունը չունենամ, Աստեղաց և Հրեշտակաց Հայրենիքեն զեփյուռի շնչով նորա մեջ հծծելու երազը ու տենչը (ի՜նչ հուսահատ կը խոսիմ. ներեցեք եղբայր, ամեն ինչ պիտի խոստովանիմ Ձեզ թեև խառնաշփոթ.) ունենամ պիտի: Ա՜հ, քեզ հետ ես ալ կ'աղաչեմ և կ'փափաքիմ Նախախնամության՝ որ պահ մը հրաման տա որ մահն ու կյանքը զինադուլ ընեն և ես ալ տեսնեի՜ Տապանի Թռչնիկին գիշերվան Արևին Աջակցումն... ինչ սրտահարույր րոպպենե՜ր...
Այդ աջակցումը շանթի ու ծաղկի աջակցում մ'է.
Արևն ու տիեզերք զույգ մը նոր երջանիկ պիտի տեսնեն.
Ձեր ճակատագիրը երջանկություն է:
Մարդիկ միայն Ձեր վրա նախանձելու չափ զմայլին պիտի:
Դուք ամբիծ եք և զուտ. ով որ ի Ձեզ սև ու պղտոր կըտեսնե ինքն է սևն ու պղտորը. Նուպարա և Փանոսյանի Սանուց ապագա ուխտն իր առաջին շունչն ու ճաճանչը ի Ձենջ ընդունի պիտի). Շահնազարս չափ պարտիս սիրել զՓանոսյան), օր մ'ինձ ըսած է իր թեև թե՝ «Փանոսյան մեկ կողմով ինձ սկզբունք մ' է, ճշմարտություն մ'է, նա մեծ գործող մ' է»: Հոգ չէ նա զիս ալ նախատեց). հոգ չէ դուք էիք ինձ խրատողը թե Փանոսյան երբ կիրքի ելնե աչքին բիբն ալ լինի, Աստվածն անգամ իր առջև գա, կը կոխե կանցնի կամ անդի՛ն գնա՜ կըսե. և այս ալ ամեն մարդու բնական է: ՊԱՌԱԿՏՈՒՄԻ), ՆՈՐԱՅՐԻ և ԱՐՄԵՆԱԿԻ վրեժն) անշուշտ պիտի մոռնա զի գերեզմանեն անդին, բարկութենե վերջը ամեն ինչ ներողություն է։
Ներենք ու ներվինք, Եղբա՛յր, սոքա օրհասականի մը վերջին մրմունջներն են. ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե և խղճես կախում և նկատում չունիմ։
Եղբայր ահա ես կ'իջնեմ կամ մոտ եմ6 իջնելու այն սև հատակ անդունդին մեջ՝ որո անունը` գերեզման կ'ըսեն. արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին (Անշուշտ ահա թշվառ երիտասարդ մը որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ.)
Մեկ քանի պատառ թուխթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ), անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց Արև տեսցնեն պիտի: Արդյոք Զարդարյանի հետ խոսեցար վերջի հեղինակած գործույս տպագրության համար): Ուշս տարտղնած է եղբայր իմ:
Մահվան սպանդ մ՚են. կ'երթամ առաջի կտրչիմ). կըհավատամ Աստուծո, կը' հավատամ այն հանդերձյալ ապառնիին, ո՜վ որ կ'հավատա երջանիկն. Աշխարհի մեջ միայն անհավատն ապերջանիկ, հուսահատ և թշվառ է: Թերևս բարեկամք կամ ընթերցողք զիս միստիգական կամ այլաբանական գտնան տողերուս մեջ. Արդեն ես ալ այլաբանություն մ'եմ, խորհուրդ մ'եմ, էությունս է, առումս այն է։
Եղբայր իմ ինչու չ'ես գար. երբ մահճիս քով բարեկամներս կը տեսնեմ, կարծես հուսո և կենաց հրեշտակներ կ'տեսնեմ։
Գիտեմ քիչ ատենեն պիտի մեռնիմ. արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք). հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար․ և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա․ ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի։ Մի՛ տրտմիք կ՚աղաչեմ սույն հուսահատ և օրհասական տողերուս:
Ա՜լ ույժ չմնաց մատներուս վրա. կարծես թե բոլորովին ալ թալկացում մ՚եմ:
Ձեռքդ կը սեղմեմ գորովանոք։ Ներա իմ հարգանաց հուսկ ողջույնս կուղղեմ). ծլի՜ք և ծաղկի՜ք.
Ափսո՜ս. Այո՛, Ա՜հ մ'էր սկիզբս, վա՜խ մ՚եղավ վախճանս.
երջանիկ եք և երջանիկ պիտի ըլլաք և երբ երկինքն ալ երթամ Աստուծո և հրեշտակաց առջև Ձեր երջանկությունը պիտի խնդրեմ. վայելեցե՜ք...
Մնա՜ք բարյա՜վ
Ա՜հ. կրկին կ'ողջունեմ զՁեզ երկուքդ։
1871 Դեկտ. 10
<Սկյուտար>
Եղբայրդ
Պ. Դուրյան