Դեկտեմբերի 12-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող ԱՊՀ երկրների գիտական ու մշակութային մտավորականության 14-րդ ֆորումի շրջանակում ներկայացվեց «ԱՊՀ երկրների ժամանակակից գրականությունը»(Современная литература стран СНГ, Москва, 2022) անթոլոգիան։ Սա այս շարքի առաջին գիրքն է և ընդգրկում է արձակ գործեր։ Շուրջ 1200 էջանոց, 11 լեզուներից կատարված թարգմանություններ ու շուրջ հարյուր հեղինակների գործեր ընդգրկող ստվարածավալ հատորին հաջորդելու են պոեզիային և մանկական գրականությանը նվիրված հատորները, որոնք այժմ հրատարակության փուլում են։
Հայաստանի վերջին երեք տասնամյակների արձակը ժողովածուում ներկայացված է Ռուբեն Հովսեփյանի, Լևոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի, Վրեժ Իսրայելյանի, Վահագն Գրիգորյանի, Հովհաննես Երանյանի, Սուսաննա Հարությունյանի և Արամ Պաչյանի պատմվածքների ռուսերեն թարգմանություններով։ Հայկական կողմից նախագծի ղեկավարը՝ գրականագետ, թարգմանիչ Լիլիթ Մելիքսեթյանն է։ Հեղինակների ցանկը հստակեցվել ու պատմվածքներն ընտրվել են ԿԳՄՍ, Հայաստանի գրողների միության, գրականագետների ու թարգմանիչների քննարկումների արդյունքում։
Գրքում յուրաքանչյուր երկրին նվիրված հատվածը բացվում է տվյալ երկրի ժամանակակից արձակի զարգացման միտումներն ու գեղարվեստական առանձնահատկությունները ներկայացնող ուսումնասիրություն-ակնարկով։ Անկախության շրջանի արձակը ներկայացնող առաջաբանի հեղինակը՝ գրականագետ Հայկ Համբարձումյանն է։
Միջոցառումների շրջանակում տեղի ունեցան նաև գրական ընթերցումներ և քննարկումներ։ Լիլիթ Մելիքսեթյանը, թարգմանիչ, բանաստեղծ Անահիտ Թադևոսյանը և Հայկ Համբարձումյանը խոսեցին հայ արդի գրականության առանձնահատկությունների մասին, ընթերցեցին հայ դասական ու ժամանակակից բանաստեղծների գործեր՝ հայերեն ու ռուսերեն թարգմանությամբ։
Հատորի խմբագիրը՝ գրող, թարգմանիչ ու գրականագետ Մաքսիմ Ամելինն է։ Շնորհանդեսի ու մշակութային ֆորումի մասնակիցները կարևորեցին այսպիսի ժողովածուները, որոնք հնարավորություն են տալիս ԱՊՀ երկրների ընթերցողներին ծանոթանալու միմյանց գրականություններին, զարգացնելու գրական ու մշակութային կապերը։