Արցախի նշանավոր վանքը՝ Դադիվանքը, որն ըստ ավանդության 1-ին դարում հիմնադրվել է Թադևոս առաքյալի 70 աշակերտներից մեկի՝ Արցախում քրիստոնեության տարածման համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում, ի թիվս իր պատմական, մշակության կարևոր նշանակությունը, ճարտարապետական արժեքը, ունի ևս մեկ հրաշալիք՝ Նիկողայոս սքանչելագործի որմնանկարը:
Դադիվանքի կենտրոնական եկեղեցին՝ սուրբ Աստվածածին կաթողիկեն, կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու Խաթունը ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի: 1214 թվականին կառուցված եկեղեցու ներսում՝ հարավային պատին է պահպանվել հայկական որմնանկարչության նշանավոր նմուշներից մեկը: Ըստ ուսումնասիրողների, այն ստեղծվել է 1297-ին և պատկերում է Սուրբ Նիկողայոս սքանչելագործի գահադրությունը:
Այս ուշագրավ պատկերում Քրիստոս սրբին է մեկնում Սուրբ Ավետարանը, Մարիամ Աստվածածինը փոխանցում է սպիտակ խաչազարդ ուրարը և հրեշտակը մեկնում է մասունք:
Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Վաղ հասակում կորցնելով մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին, նա մեծանում է քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Նա խնամում է աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, բարեգործություններ անում: Հետագայում դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Ենթարկվում է հալածանքների, աքսորվում: 325թ. մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից: Այս սրբի գործունեության ու անվան հետ է կապված է արևմտյան աշխարհի Սանտա Կլաուսը, որը նույնացվում է Սուրբ Նիկողայոսին: Հայ առաքելական սուրբ եկեղեցին Նիկողայոս Սքանչելագործի հիշատակության օրը նշում է Հիսնականց պահքի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ նոյեմբերի երկրորդ կեսին:
Դադիվանքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործին պատկերող որմնանկարը, որ տասնամյակներ շարունակ ծածկված էր կեղտի ու փոշու հաստ շերտով վերականգնել են Քրիստին Լամուրիեն և ճարտարապետ Արա Զարյանը: