Հայկական առասպելներում, զրույցներում, հեքիաթներում, էպոսում, ընդհանրապես մշակույթում՝ «Վիշապ» քարակոթողներից մինչև գորգեր ու մանրանկարներ, շատ տարածված են վիշապների կերպարները: Իսկ մատենագրության միջոցով փոխանցվել են վիշապների մասին հին հայերի պատկերացումները:
Այսպես, 5-րդ դարի հայ գրականությունից մեզ է ասել մի ուշագրավ կրոնական-փիլիսոփայական գիրք՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»: Այս գրքով հեղինակը քննադատում և ժխտում է հարևան պարսիկների Զրադաշտական կրոնը, նաև հին ու առասպելական հավատալիքներն ու այլ աղանդները: Հեղինակը հետաքրքիր տեղեկություններ է բերում հին հայերի մեջ վիշապների ու զանազան առասպելական էակաների մասին պատկերացումների վերաբերյալ:
ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ
ԻԴ
Սակայն հրեշտակներն ու դևերը ո՛չ ավելանում են ծնունդով, ո՛չ էլ պակասում՝ մահով, այլ ինչպես ստեղծվել են, նույնությամբ ու նույն թվով էլ մնում են՝ առանց հավելման ու նվազման։ Եվ չկա ուրիշ որևէ արարած, որ կարողանա զանազան կերպարանքներով հանդես գալ,— ինչպես որ ասում են վիշապների ու նհանգների մասին,— այլ միայն հրեշտակներն ու դևերն են, որ կարող են օդը հավաքել-խտացնել ու տարածել և տեսակ-տեսակ կերպարանքներ ցուցաբերել։
«Բայց,— ասում են, — զանազան խաբուսիկ կերպարանքներ են ընդունում և' վիշապները, և' նհանգները», որոնցից մեկը գոյակ է, իսկ մյուսը՝ ոչ։
Վիշապը, որ մարմնավոր է, իր կերպարանքը չի կարող փոխել. որովհետև եթե հնարավոր լիներ, որ մարմնավորները իրենց կերպարանքները փոխեին, նախ մարդը, որ նրանցից առավելն է, կփոխեր իր կերպարանքը ցանկացած բանին։ Բայց ինչպես որ մարդը չի կարող կերպարանափոխվել ցանկացած բանին, այնպես էլ՝ վիշապը։
Եվ ինչ-որ գոյացական նհանգ չկա, այլ ինչ-որ տեղ բնակվող դև կա, որը երբեմն կերպարանավորվում է և երբեմն վնաս է տալիս։ Ոչ էլ վիշապներ են կրում հանդերի բերքը, նրանք գրաստ էլ չունեն, որ բերքը կալերից մի այլ տեղ կրեն։ Եվ իզուր է, որ կալերում մարդիկ ասում են` «Բռնի՛ր, բռնի՛ր» և ոչ թե` «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ», քանի որ, անլեզու անասուն լինելու պատճառով, վիշապն ինքն էլ գրաստ է, և ինչպե՞ս ինքը ևս գրաստ լինելով ուրիշ գրաստ կքշի։ Ակնհայտ է, որ վիշապր ուրիշ էություն չունի, քան օձի։ Եվ Գիրքը վիշապ է կոչում խոշորամարմին օձը կամ ծովածին որևէ գազան, ինչպես որ հաղթանդամ մարդուն հսկա է անվանում: Նույնպես և վիշապ է կոչում ցամաքային խոշոր օձը ու ծովային լեռնաձև գազանը,— նկատի ունեմ կետերը և դելֆինները,— ըստ այն խոսքի, թե` «Դու ջախջախեցիր վիշապների գլուխը ջրերի վրա և որպես կերակուր տվեցիր եթովպացի ժողովուրդներին»:
Տեսնո՞ւմ ես, որ Գիրքը ծովածին մեծամեծ ձկները վիշապ է կոչում։ Իսկ որ ձկների մասին է ասում, հայտնի է այն խոսքերից, թե՝ «որպես կերակուր տվեցիր եթովպացի ազգերին», թեև այստեղ ուրիշները վիշապը իբրև սատանա ներկայացրին, ինչպես այն, որ Հոբն է գրել: Եվ վիշապներն այլ բան չեն, քան ցամաքային մեծամեծ օձեր կամ ծովային հսկայական ձկներ, որոնց մասին ասում են, թե լեռնաձև ու մեծամեծ են. սրանց որսն ու կերակուրը մանր ձկներն են, ինչպես մեծամեծ օձերինն էլ` մանր-մունր ճիճուներ և անասուններ։ Եվ վիշապները մարդկանց նման երբեք որս չեն արել ու չեն էլ անի, ոչ էլ մարդկանց նման տոներ ունեն բնակվելու համար և թագավորազուններից ու դյուցազուններից ոչ մեկին իրենց մոտ կապած կենդանի չեն պահում` որովհետև մարմնավորներից միայն երկուսն են կենդանի մնում՝ Ենովքն ու Եղիան:
Աղբյուրը՝ Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց/թարգ. և ծանոթ. Ա. Աբրահամյանի/, Երևան, 1994: