Հայ և համաշխարհային մանկապատանեկան գրականությունը սիրելի ու աստղային մանուկ հերոսների պակաս չունի։ Սակայն շատ են նաև մեծահասակների համար նախատեսված գրքերը, որտեղ գլխավոր գործող անձերը կրկին երեխաներն են։ Երեխաների առկայությունը մեծահասակների աշխարհում այդ գործերը՝ հիմնականում վեպերը, դարձնում է էլ ավելի տպավորիչ, զգացմունքային տեսանկյունից հագեցած, մեծացնում դրանց հոգեբանական ներգործությունը։ Հեղինակները երեխա կամ պատանի կերպարների միջոցով ուշադրություն են հրավիրում երեխաների խնդիրների, նրանց պաշտպանության կարևորությանը, բայց ավելի հաճախ կարևորում են մեծահասակների մանկություն վերադառնալու անհրաժեշտությունը։ Երեխայի պարզ, մաքուր, հաճախ նաև սթափեցնող հայացքը աշխարհին, ըստ գրողների, կարող է օգնել մեծահասակներին ավելի լավ աշխարհ կառուցել կամ գոնե ամաչել երեխաներից ստեղծվածի համար և ձգտել փոխել ու փոխվել։ Առանձնացրել ենք այդպիսի 5 կերպար։
Հովհաննես Թումանյան, Գիքորը
Գիքոր
Դժվար է հայ գրականության մեջ ավելի ողբերգական հերոս գտնել։ Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքի հերոսը հուզում է իր մաքրությամբ ու անմիջականությամբ, ծիծաղեցնում հայտնվելով տարբեր իրավիճակներում, սարսափեցնում իր դաժան ճակատագրով։ Մինչև վերջին պահը ընթերցողն ակնկալում է, որ նա այդուհանդերձ կփրկվի, սակայն նա չի փրկվում, քանի որ նրան է վիճակված իր դաժան ճակատագրով իր նման հազարավոր երեխաների կյանքը փոխելու առաքելությունը։
Հարփըր Լի, Ծաղրասարյակ սպանելը
Սրաչուկ Ջինը
Ամերիկացի գրողի աշխարհահռչակ վեպը ներկայացվում է իննամյա Սրաչուկ մականունով Ջինի միամիտ հայացքով և պատմությամբ: Սրաչուկը, նրա եղբայր Ջիմը, նրանց ընկեր Դիլը բախվում են մեծերի աշխարհի դաժան իրականությանը և չգիտեն ինչ անել։ Մեծերի աշխարհն իր անարդարությամբ, բռնություններով, ռասայական խտրականությամբ երեխաներին լավ ապագա չի խոստանում, սակայն այդուհանդերձ, կան լուսավոր կետեր, օրինակելի մարդիկ և կա մանկական անմիջականությունը։ Ծանր փորձառությունը Սրաչուկին շատ բան է սովորեցնում և հույս ներշնչում, որ գուցե ապագայում նա կարողանա այլ աշխարհ ստեղծել։
Խալեդ Հոսեյանի, Օդապարուկ թռցնողը
Ամիր
Աֆղանցի գրողի հայտնի վեպի հերոսը՝ պատանի Ամիրը, մեծանում է մոր մահվան համար մեղքի զգացումով, զգում հոր սիրո պակասը և այս բարդույթների ու նախանձի ազդեցությամբ զրպարտում է իրենց ծառայի որդուն՝ Հասանին։ Հետագայում պարզվում է, որ Հասանը միայն ծառայի որդին չէր, այլ․․․։ Հերոսը մեծանալով չի հաղթահարում մեղքի զգացումը և ամեն ինչ անում է Հասանի որդուն փրկելու ու նրա համար կյանքի լավ պայմաններ ապահովելու համար։ Թվում է, թե ամեն ինչ կորած է, սակայն թունելի վերջում լույս այդուհանդերձ երևում է։
Հրանտ Մաթևոսյան, Սկիզբը
Արայիկ
Արայիկը անչափ հմայիչ մի տղա է, որն ինչպես Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր գործերի հերոս երեխաները ապրում է ավելի շատ մեծահասակի, քանի երեխայի պես․ ծանր գյուղական կյանքը, ամենօրյա անդուլ աշխատանքը, նրան շատ շուտ են հասունացրել։ Սակայն գլխավորը այս հերոսի խեղճությունն ու ճնշվածությունն է, որ գալիս է ընտանիքից, սոցիալական պայմաններից։ Նա իր շուրջը ծավալվող գեղեցիկ աշխարհի առջև մեղքի զգացում ունի, շատ սուր զգում է աշխարհի անարդարությունը։ Սակայն Արայակի մաքուր հոգին ի տարբերություն շատերի չի կորցրել գեղեցիկը տեսնելու ունակությունը, պահպանել է տիեզերքի ու աստվածայինի հետ կապը, որը գուցե նրան օգնի երջանիկ լինել ու փոխի նաև շրջապատող աշխարհը․․․
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, Տարեկանի արտում, անդունդի եզրին
Հոլդեն Քոլֆիլդ
Մեծացած ու փոքրացած գրական հերոսների մեջ, իհարկե, չի կարելի չհիշել հանրահայտ վեպի, հանրահայտ հերոսին։ Իհարկե, նա տարիքով մի փոքր ավելի մեծ է, սակայն բախումը մեծահասակների աշխարհի հետ նույնն է։ Սելինջերին հաջողվել է այս հերոսի միջոցով ցույց տալ, թե որքան կործանարար կարող է լինել երեխայի համար մեծահասակների վատ օրինակը։ Երեխաները կրկօրինակում են մեծերին, սիրո պակասից ու մեծերի անտարբերությունից ու եսակենտրոնությունից ձգտում փախչել իրականությունից, մեծանում դժբախտ։ Հոլդենը չնայած գնում է կործանման ճանապարհով, սակայն ձգտում է ամեն կերպ կանխել մյուս երեխաների կործանումը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան