ԵՊՀ հրատարակչությունը, «Կալուստ Կիւլպէնկեան հիմնարկության» աջակցությամբ լույս է ընծայել «Սփյուռքագիտություն․քննական անթոլոգիա» գիրքը։ Այս բացառիկ ձեռնարկը առաջին անգամ հայերեն է ներկայացնում սփյուռքագիտական ամենակարևոր տեսական ու համեմատական ուսումնասիրությունները, որոնք մինչ այս շրջանառվում էին միայն բնագրերով և հասանելի էին անգլերենով և այլ լեզուներով։ Գրքի կազմողը և խմբագիրը ԱՄՆ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայկական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահե Սահակյանն է։ Նա երկար տարիներ զբաղվում է սփյուռքագիտական ուսումնասիրություններով և այս ձեռնարկի հիմնական նպատակն է համարում հայկական սփյուռքի ուսումնասիրություններում քննական նոր մոտեցումների խրախուսումը։ Գիրքը օգտակար կլինի հատկապես սփյուռքագիտական ուսումնասիրություններով զբաղվող գիտնականներին, ուսանողներին ու ասպիրատներին, սակայն կարող է հետաքրքիր լինել նաև մեր ժողովրդի պատմությամբ, սոցիոլոգիայով, ազգային ինքնության խնդիրներով հետաքրքրվող ընթերցողական լայն շրջանակներին։ Գրքում ընգրկված են 19 ուսումնասիրություն, կամ դրանց հատվածներ, կա կազմողի քննական ներածություն, գրականության ընդգրկուն ցանկ ու եզրաբանական բառարան։ Art365-ը ներկայացնում է գրքում ընդգրկված՝ Ուիլյամ Սաֆրանի՝ «Սփյուռքներն արդի հասարակություններում․ հայրենիքի ու վերադարձի առասպելներ» 1991 թ․ հրապարկված ուսումնասիրությունից մի հատված, որտեղ քննվում է նաև հայկական սփյուռքը՝ տարբեր շահերի ու քաղաքականության հարաբերությամբ։
Ուիլյամ Սաֆրան
Սփյուռքներն արդի հասարակություններում․հայրենիքի ու վերադարձի առասպելներ
3. Հայրենիքի առասպելի գործառական կողմը. եռակողմ փոխհարաբերություն
Արևելաեվրոպական շտետլից հասած հին հրեական մի զվարճապատման մեջ ամուսինը հարցնում է կնոջը. «Գործի մեջ դրած էն մեկ միլիոն զլոտիի հետ ի՞նչ կլինի, եթե Փրկիչը գա, և մենք ստիպված լինենք ամեն ինչ թողնել ու հեռանալ»։ Կինը պատասխանում է. «Աստծո կամոք Փրկիչն այդքանշուտ չի գա»։
«Le Monde»-ում տարիներ առաջ մի ծաղրանկար հայտնվեց, որում մի ծերունի ասում է. «Երբեք չեմ կորցրել մի օր հայրենիքս վերադառնալու հույսս։ Բայց այլևս չեմ հիշում, թե որտեղից եմ եկել»։
Որոշ սփյուռքներ պահպանվում են, և նրանց անդամները «տուն» չեն գնում, որովհետև չկա հայրենիք, ուր կարելի է վերադառնալ, կամ որովհետև անգամ եթե հայրենիք գոյություն ունի, այն հյուրընկալ տեղ չէ, որի հետ կարելի է քաղաքականապես, գաղափարաբանորեն կամ սոցիալապես նույնականանալ, կամ որովհետև սփյուռքը թողնելը կարող է լինել չափազանց անհարմար ու դժվարին, եթե ոչ` հոգեվնասվածքային։ Միևնույն ժամանակ վերադարձի առասպելը ծառայում է էթնիկ գիտակցությունն ու համերաշխությունն ամրապնդելուն այն դեպքում, երբ կրոնն այլևս անկարող է լինում դա անել, երբ տեղական համայնքի համախմբվածությունը թույլ է, և երբ ընտանիքը քայքայվելու սպառնալիքի առջև է։
Արևելյան Եվրոպայի բազմաթիվ խստակրոն հրեաների համար հայրենիքի առասպելը զուրկ էր որևէ գործնական հետևանքից ոչ միայն այն պատճառով, որ Սրբազան երկիրը մինչև XΙX դարը բաց չէր զանգվածային վերաբնակեցման համար, այլ նաև, որ ավելի կարևոր է, որովհետև մինչև Փրկչի գալուստը ցանկացած ֆիզիկական վերադարձ համարվելու էր բանադրանք։ Արևելյան Եվրոպայի աշխարհիկ (իդիշախոս) հրեաներից շատերի համար հայրենիքի առասպելը դուրս էր մղվել ու փոխարինվել սփյուռքի ներսում համայնքային ինքնավարության ձգտումով։ Ի տարբերություն նրանց՝ ամերիկացի
հրեաների շրջանում, որոնք ո՛չ կրոնական էին և ո՛չ էլ իդիշախոս, հայրենիքի առասպելն ազդեցիկ ուժ չէր, քանի որ նրանք ապրում էին վերաբնակեցման այնպիսի երկրում, որն իր քաղաքական համայնքին անդամությունը սահմանում էր ոչ թե օրգանական, այլ գործառական առումով։ Այդ առասպելն ամերիկացի հրեաների համար իրական իմաստ ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասամբ այն պատճառով, որ այն օգնում էր մեղմել եվրոպական սփյուռքում գտնվող իրենց եղբայրներին փրկելու համար բավարար չափով ջանքեր չգործադրելու իրենց մեղքի զգացումը։ Միաժամանակ
ամերիկյան հրեաներն իրենց սփյուռքը սահմանում էին աստվածաբանորեն «չեզոք» եզրույթներով՝ որպես զուտ ֆիզիկական ցրոնք (golah)՝ ի հակադրություն Իսրայելի քաղաքական ղեկավարության մեծ մասի, որը շարունակում էր Սփյուռքի մասին մտածել բարոյալքման, անապահովության և հալածանքի հետ ունեցած նրա ավանդական առնչությունների տեսանկյունից (galut)։
Որոշ հրեաներ (այդ թվում՝ խստակրոն) պնդում են, որ Իսրայելի հիմնադրմամբ զուտ աստվածաբանական իմաստով վերջ է դրվել Սփյուռքին, որքան էլ որ հրեաների ֆիզիկական (և կամավոր) ցրոնքը դեռ շարունակվում է(Տե՛ս Cohen 1979, էջ 184 հհ)։
Մյուսները, սակայն, հավատացած են, որ սոցիալ-հոգեբանական իմաստով սփյուռքը չի ավարտվել, որովհետև Իսրայել պետությունը համաշխարհային առումով ինքնին «սփյուռքային» վիճակի մեջ է այնքանով, որքանով միջազգային կազմակերպությունների կողմից այն դիտարկվում է որպես մերժված պետություն (pariah state), և համարվում է, որ այն անգամ չի «պատկանում» այն տարածաշրջանին, որտեղ տեղակայված է։ Սա կարելի է համարել այդ եզրույթի վիճարկելի, փոխաբերական կիրառություն. այս կիրառությունը, սակայն, օգնում է ամրապնդել ֆիզիկական սփյուռքի համակրանքը հայրենիքի համայնքի նկատմամբ։
Այսուհանդերձ, քանի դեռ հայրենիքի առասպելը գոյություն ունի, այն զանազան քաղաքական ու սոցիալական նպատակներով շահարկվում է սփյուռքի, հայրենիքի և հյուրընկալող երկրի կողմից։ Այս «եռակողմ հարաբերությունը» (որը հիշատակվում է Շեֆերի կողմից, սակայն համեմատական վերլուծության չի ենթարկվում(Sheffer 1986, էջ 1-15)) ուշագրավ նշանակություններ ունի մեծամասնություն-փոքրամասնություն հարաբերությունների տեսանկյունից ու պարունակում է քաղաքական հետևանքներ, որոնք սփյուռքի համար կարող են լինել թե՛ նպաստավոր, թե՛ անբարենպաստ։
Սփյուռքային համայնքների անդամները երբեմն արժանանում են հյուրընկալող երկրի կողմից վատ վերաբերմունքի՝ որպես «օտարներ՝ դարպասներից ներս», երբեմն էլ ողջունվում կամ շահագործվում են հյուրընկալող պետության ներքին և դիվանագիտական շահերի համար։ Ներքին սոցիալական միասնականությունը երբեմն պահանջել է, որ փոքրամասնութ—յունները պահվեն որպես սփյուռքներ։ Այսպես, հրեական սփյուռքի շարունակական գոյությունը սերունդներ շարունակ եղել է քրիստոնեական աստվածաբանության հարմար և անգամ անհրաժեշտ բաղկացուցիչը. «թափառող հրեան» քրիստոնեական հավատքի գերազանցության ամենօրյա ապացույց էր ներկայացնում, ինչի վրա խարսխված էին արևմտյան հասարա—կությունները։ Սա սեփական սփյուռքային վիճակի հրեաների post hoc(Դեպքից հետո, հետահայաց (լատ.) աստվածաբանական բացատրության հակառակ երեսն էր (ամենօրյա աղոթքների ջերմեռանդությամբ վերահաստատվող) այն համոզմունքի, որ իրենք աքսորվել էին իրենց երկրից որպես հավաքական պատիժ սեփական մեղքերի համար (որոնց մեջ, ըստ հրեաների, աստվածասպանություն չկար)։
Հայկական սփյուռքի անդամները զերծ են մնացել ընդհանուր դիվականացումից: Սևական սփյուռքի ստրկացած, այնուհետ ազատ անդամները գուցեև խարանվել են որոշ աստվածաշնչյան մեկնությունների համաձայն, իսկ ավելի արդիական ժամանակներում՝ կեղծգիտական ծագումնաբանական չափանիշների հիման վրա, իսկ պաղեստինցիներն էլ հավաքականորեն խարանվել են որպես par excellence(Գերազանցապես (ֆր.)) ահաբեկիչներ։ Այնուամենայնիվ, այս սփյուռքների ներկայացուցիչները հրեաների նման նույն կերպ իրենց չեն խարազանել։ Ընդհակառակը, նրանց սփյուռքային վիճակները վերագրվել են ուրիշների մեղքերին՝ օսմանյան թուրքերի դաժանություններին, ամերիկացի գաղութարարների ընչաքաղցությանը, բրիտանացիների, ամերիկացիների ու սիոնականների երկերեսանիությանը։ Հակառակ սրան՝ կան քրիստոնյա հիմնապաշտներ (fundamentalists), որոնք ունեն հրեական սփյուռքին վերջ դնելու աստվածաբանական շարժառիթներ. համոզմունք, որ հրեաների վերադարձը Սուրբ երկիր կարագացնի Քրիստոսի երկրորդ գալուստը։
Երբեմն ներքին միասնականության շահը պահանջում է, որ փոքրամասնական խմբի հարաբերությունները (հնարավոր կամ իրական) հայրենիքի հետ խզվեն, այսինքն՝ արդյունքում այդ փոքրամասնության սփյուռքային բնույթին վերջ դրվի։ Այս մոտեցումն էր դրսևորվում Ֆրանսիայում հեղափոխության և Նապոլեոնի դարաշրջանում, երբ «հրեական ազգը» վերափոխվեց զուտ կրոնական պաշտամունքի։ Այն դրսևորվում էր նաև 1920-ականների Խորհրդային Միությունում, այն ժամանակ, երբ իշխանությունները սկսել էին կյուրեղագիր այբուբենն օգտագործել իրենց տարածքում խոսվող թուրքական
լեզուների համար, որպեսզի այդ լեզուները (և դրանց լեզվակիրներին) տարբերեին Թուրքիայում խոսվող լեզվից, որի համար Քեմալը հենց նույն շրջանում ներմուծել էր լատինական գրերը(Տե՛ս Lewis 1972, էջ 271 հհ): Այն կրկին դրսևորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կյուրեղագիր այբուբենն սկսեց օգտագործվել Մոլդովական Խորհրդային Հանրապետությունում խոսվող լեզվի համար՝ դրա լեզվակիրներին Պրուտ գետից արևմուտք ընկած ռումինացիներից
տարբերելու համար։ Եվ, վերջապես, այն ժամանակ, երբ եբրայերենի գործածումն արգելվել էր, և եբրայական ծագում ունեցող իդիշերեն բառերը հնչյունաբանորեն այնպես էին արտասանվում, որ դրանց կապը սիոնականության
լեզվի հետ անորոշ դառնար։
Երբեմն հյուրընկալող երկիրը օգտակար է համարում սփյուռքային զգացմունքներն ընդգծելն ու ուժգնացնելը: Սա տեղի ունեցավ Ֆրանսիայում՝ 1920-ական և 1930-ական թթ., երբ Հանրային կրթության նախարարությունը հրահանգել էր, որ լեհ աշխատավորների զավակները ուսուցանվեն լեհերենով, Գերմանիայում՝ 1930-ական թթ., երբ (քավության նոխազ գտնելու համար) նացիստները քաղաքացիությունից զրկում էին հրեաներին՝ դրանով իսկ նրանց գերակշիռ մասին վերածելով սիոնականների, Միացյալ Նահանգներում՝ 1950-ական թթ., երբ քաղաքական գործիչները շեշտադրում էին լատվիացի և այլ «պատանդ պետություններից» ներգաղթողների սփյուռքային կողմը, որպեսզի հետպատերազմյան շրջանում Բալթյան երկրները Խորհրդային Միությանը միացնելն օրենքից դուրս հայտարարեին, և 1960-ականներին, երբ կուբացի ներգաղթյալների հայրենիքի զգացումները բորբոքվում էին՝ Կաստրոյի դեմ պայքարում նրանց ներգրավելու համար։ Սա
դրսևորվեց նաև արաբական կառավարությունների կողմից՝ 1960-ական թվականներից սկսած, երբ նրանք օգնում էին պաղեստինցի արաբների մոտ սփյուռքային գիտակցության ձևավորմանը՝ ընդդեմ Իսրայելի նրանց համախմբելու համար(Ըստ ՊԱԿ-ի Սայիքա (Saiqa) խմբակցության ղեկավար Զուեհիր Մոհսենի՝ «հորդանանցիների, պաղեստինցիների, սիրիացիների և լիբանանցիների միջև տարբերություններ չկան…։ Միայն քաղաքական պատճառներով է, որ մենք զգուշորեն ընդգծում ենք մեր պաղեստինյան ինքնությունը»։ Սայիքային աջակցում է սիրիական կառավարությունը (Smith 1982, էջ 5)
և ներկայումս գերմանական իշխանությունների կողմից, երբ նրանք ընդգծում են թուրք աշխատողների կեցության ժամանակավոր բնույթը, որպեսզի մեծացնեն վերջիններիս հայրենիք վերադառնալու շահագրգռվածությունը։
Երբեմն փոքրամասնության` հայրենիքով հետաքրքրված լինելը խթանվում է արտաքին քաղաքականության այս կամ այն նպատակն առաջ մղելու համար, իսկ հետո՝ անտեսվում, երբ քաղաքականության գիծը փոփոխվում է։ Այսպես եղավ, երբ Առաջին աշխարհամարտի վերջում Միացյալ Նահանգները հայերին Արևելյան Անատոլիայում անկախ Հայաստանի մեծազդու խոստումներ տվեց, որպեսզի թուլացներ Օսմանյան կայսրությանը, իսկ պատերազմից հետո կորցրեց դրանում հետաքրքրությունը՝ Թուրքիայի հետ աճող մերձեցման արդյունքում(Lang և Walker 1981, էջ 2:):
Այդպես եղավ նաև Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, երբ բրիտանացիները խրախուսեցին լեհական ջոկատի կազմավորումը՝ հանուն ազատ Լեհաստանի պայքարելու համար, որպեսզի զոհաբերեին այդ նպատակը Խորհրդային Միության հետ հետպատերազմական պայմանավորվածություններին։
Հյուրընկալող երկրի կառավարության կողմից սփյուռքային զգացմունքները կարող են հմտորեն շահարկվել (manipulated) նաև հայրենիքի վարքագծի վրա ազդելու համար։ ԱՄՆ պետական պաշտոնյաները տարբեր առիթներով փորձել են (հատկապես Ջիմի Քարտերի նախագահության օրոք) այնպես անել, որ ամերիկյան հրեաները ճնշում գործադրեն Իսրայելի վրա։ Իսկ Խորհրդային Միությունն էլ Երկրորդ աշխարհամարտից հետո թուրքերի շրջանում վախ էր սերմանել, որ մի օր Արևելյան Անատոլիայի նկատմամբ հայկական պահանջատիրությունը որպես լծակ պիտի գործածեր՝ Թուրքիայի
հաշվին ռուսական հետագա ծավալման նպատակով(Matossian 1968, էջ 194-95):
Իր հերթին, «հայրենիքի» կառավարությունը կարող է սեփական նպատակների համար շահագործել սփյուռքային զգացմունքները: XX դարասկզբին Սուն Յաթ-Սենը դիմում էր օվկիանոսից այն կողմ բնակվող չինացիների աջակցությանը Ցին գահատոհմը տապալելու իր փորձերում։ Ավելի ուշ նացիստները սուդետցի գերմանացիներին ու Արևելյան Եվրոպայի այլ
մասերում բնակվող Volksdeutsche-ին(Նացիստական Գերմանիայում գործածվող եզրույթ էր, որ վերաբերում էր
գերմանական ծագում ու մշակույթ ունեցող ժողովուրդներին, որոնք Գերմանիայի քաղաքացիներ չէին) վարպետորեն ծառայեցնում էին գերմանական տարածքային ծավալապաշտությունն առաջ մղելու նպատակին և փորձում էին (ապարդյուն) այնպես անել, որ գերմանացի ամերիկացիները ճնշում գործադրեին ԱՄՆ կառավարության վրա, որ վերջինս չներգրավվեր Երկրորդ աշխարհամարտում։ Հունաստանի կառավարությունը փորձել է օգտագործել ԱՄՆ հունական սփյուռքը Թուրքիայի դեմ ճնշման նպատակով։
Իսրայելի կառավարությունն ամերիկացի հրեա առաջնորդներին օգտագործել է որպես քննարկումներին մասնակից միջնորդներ հրեանպաստ քաղաքականությունների առաջմղման համար: Իսկ դը Գոլի օրոք Ֆրանսիան փորձում
էր օգտագործել Քվեբեկի ֆրանսախոս «սփյուռքը»՝ ֆրանսիական մշակութային ազդեցությունը խթանելու (ինչպես նաև մեկընդմերթ «անգլոսաքսոններին» զայրացնելու) համար: ՊԱԿ-ի որոշ խմբակցություններ, ներկայացնելով (ի թիվս այլ բաների) մեկ սփյուռք՝ պաղեստինյանը, փորձել են հավաքագրել մեկ այլ՝ հայկական սփյուռքի աջակցությունն ընդդեմ երրորդ՝ հրեական սփյուռքի հայրենիքի։ Եվ, վերջապես, սփյուռքներն իրենց զգացմունքներն արտահայտել են նաև ինքնաբուխ կերպով՝ ընդհանուր քաղաքական աջակցությամբ և Ալժիր, Հունաստան, Իսրայել, Մեքսիկա և այլ հայրենիքներ
ուղարկվող դրամական միջոցների տեսքով։ Թեև հայրենիքները երախտապարտ են նման աջակցության համար, նրանք սփյուռքին նայում են քամահրանքի որոշ աստիճանով՝ կապիտալիզմի շքեղություններով գայթակղված լինելու ու գռեհկացված էթնիկ մշակույթ պահպանելու համար։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու հայրենիքները միշտ չէ, որ ցանկանում են պատրաստակամորեն ետ ընդունել իրենց սփյուռքներին արտերկրից։ Հայրենիքի համեմատ ավելի զարգացած հյուրընկալող երկրներից վերադարձողները հատկապես կարող են խախտել երկրի քաղաքական, սոցիալական ու տնտեսական հավասարակշռությունը. վերադարձող մաղրիբները, մեքսիկացիներն ու թուրքերը կարող են քաղաքական առումով չափազանց հավակնոտ կամ պահանջկոտ լինել, սևերը՝ չափազանց ամերիկանացված, հայերը՝ չափազանց կապիտալիստ։ Հորդանան վերադարձող պաղեստինցի արաբները կարող են սպառնալիք ներկայացնել արքա Հուսեյնի գահին (ու կյանքին)։ Անգամ Իսրայելը (չնայած «Վերադարձի օրենքին») որոշ առումով հակասական վերաբերմունք է ցուցաբերում խորհրդային երկրների կամ ամերիկացի հրեաների զանգվածային ներհոսքի նկատմամբ. առաջիններին՝ մասնագիտական առումով համարկելու դժվարության առումով, իսկ երկրորդներին՝ չափից ավելի «անգլոսաքսոն» լինելու պատճառով։
Հայրենիքի առասպելը որոշ դեր ունի սփյուռքաբնակների քաղաքական վարքում, ինչն արտացոլվում է թե՛ քվեարկություն—ներում, թե՛ միջսփյուռքային հարաբերություններում։ Ֆրանսիայում մաղրիբ-հրեական հարաբերությունները բարդ են արաբ-իսրայելական հակամարտության պատճառով։ Միացյալ նահանգներում սևերի աջակցությունն արաբական հարցին վերածվել է հրեաների հանդեպ թշնամանքի (թեև, վստահաբար, այդ թշնամությունը մի շարք այլ պայմանավորող գործոններ ունի)։ Այս երկու երկրներում էլ սփյուռքի հայերը, չնայած իրենց կապիտալիստական հայացքներին, դրականորեն
են տրամադրված Խորհրդային Միության հանդեպ (հայկական միակ քաղաքական միավորը պահպանելու համար)(Տե՛ս Szaz 1983:)։ Ֆրանսիայում շատ հրեաներ քվեարկել են Սոցիալիստական կուսակցության օգտին վերջինիս ավելի իսրայելա—նպաստ դիրքորոշման պատճառով, և կարելի է ենթադրել, որ եթե ապագայում մաղրիբյան մի դաշինք քվեարկելու լինի, ապա հակառակ պատճառներից ելնելով՝ այն կլինի ի նպաստ Գոլիստական կուսակցության։ Բրիտանիայում շատ պակիստանցիներ քվեարկեցին Պահպանողական կուսակցության օգտին տիկին Թետչերի հակախորհրդային դիրքորոշումների պատճառով։ Իսկ Միացյալ Նահանգներում կուբացիները, արևելաեվրոպական ծագմամբ էթնիկ խմբերը և (ավելի ու ավելի մեծ թվով) հրեաներ քվեարկում են Հանրապետական կուսակցության օգտին՝ կոմունիզմի դեմ առավել կոշտ դիրքորոշում ունենալու իր համբավի համար։ Երբեմն հայրենիքի ներպետական գործերում սփյուռքի հետաքրքրվածությունն արտահայտվում է ուղղակի քաղաքական միջամտությամբ, ինչպիսին է, օրինակ, Բրուկլինի Լուբավիչ hասիդական աղանդի առաջնորդների միջամտությունը Իսրայելում դաշինքների ձևավորման քաղաքականությանը։
Այսպիսով, եթե ամփոփենք, և՛ սփյուռքային գիտակցությունը, և՛ հայրենիքի առասպելի շահագործումը հենց հայրենիքի կողմից արտացոլվում են ոչ այնքան գործիքային (instrumental), որքան արտահայտչական (expressive) վարքում։ Այն պաշտպանական մեխանիզմ է փոքրամասնությունների նկատմամբ հյուրընկալող երկրի կողմից ցուցաբերվող քամահրական վերաբերմունքի դեմ, սակայն չի ստիպում իր անդամներին պատրաստվել իսկապես հայրենիք մեկնելու և ոչ էլ այդպիսի նպատակ ունի։ Սփյուռքների մեծ մասի «վերադարձը» (ինչպես Երկրորդ գալուստը կամ հանդերձյալ աշխարհը) այդ առումով կարելի է դիտարկել որպես մեծ հաշվով վախճանաբանական հասկացություն. այն օգտագործվում է կյանքն ավելի տանելի դարձնելու համար՝ առաջարկելով այնպիսի ուտոպիա (կամ յուտոպիա (eutopia)), որը հակապատկերն է ընկալվող այն դիստոպիային, որում իրական կյանքն ապրվում է։
Սփյուռք / հյուրընկալող երկիր / հայրենիք փոխհարաբերությունների խնդիրը և, հիրավի, սփյուռքի սահմանման հարցն ինքնին զուտ էթնիկականից, ծագումնաբանականից և հուզականից անդին են։ Առավելապես բողոքական երկրներում ապրող բարեպաշտ հռոմեացի կաթոլիկները կարող են իրենց համարել կրոնական սփյուռքում ապրողներ և Հռոմին վերաբերվել որպես իրենց հոգևոր հայրենիքի։ Պերպինյանի կատալոնացիները, լինելով Ֆրանսիայի թերևս հայրենասեր քաղաքացիներ, կարող են Բարսելոնային վերաբերվել որպես իրենց մշակութային ու լեզվական հայրենիքի, իսկ գերմանախոս շվեցարացիները կարող են գերմանական մշակութային կենտրոնը տեղակայել Գերմանիայում ինչ-որ տեղ և իրենց համարել «ցրված» կամ ծայրամասային Kulturgebiet-ում(Մշակութային տարածք (գերմ.) ապրողներ։ Ֆրանսիացի ու իտալացի ստալինապաշտների համար երկար տարիներ «նվիրական» (hieratic) հայրենիքը Մոսկվան էր, և նրանք էլ գուցե համարում էին, որ ապրում էին գաղափարախոսական սփյուռքում։ Տարբեր երկրներում գործող ընկերությունների (և նրանց գործադիր ղեկավարների) համար տնտեսական սփյուռքը կարող է մշտապես փոփոխվել, իսկ հայրենիքը կարող է սահմանվել օգտապաշտորեն՝ որպես ubi lucrum, ibi patria։
Հյուրընկալող երկրների և հայրենիքների միջև էթնիկ սփյուռքների բարդ և ճկուն դիրքավորումը, այսպիսով, նախատիպ է զանազան կոորդինատային համակարգերի համար, որոնք սոցիալական միավորներն ու անհատներն օգտագործում են իրենց գործունեությունն ու ինքնությունները սահմանելու, կենտրոնացնելու և (անհրաժեշտության դեպքում) «ապատեղայնացնելու» համար, և որոնք հասարակագետները կարող են օգտագործել՝ «ներսինների» ու «դրսինների», պետության ու հասարակության միջև հարաբերությունները վերլուծելու համար։
Թարգմ․` Սոնա Մանուսյան
Աղբյուրը՝ Սփյուռքագիտություն. Քննական անթոլոգիա / Կազմ. և խմբ.՝ Վ. Սահակյան.– Եր.։ ԵՊՀ հրատ., 2022
Գրքի էլ․ տարբերակը՝ www.publishing.ysu.am