1879 թ․ փետրավարի 5-ին է ծնվել նշանավոր հայ գյուտարար ու ճարտարագետ Հովհաննես Ադամյանը։ Թեև նշանավոր գյուտարարը առավելապես հայտնի է որպես գունավոր հեռուստատեսության հիմնադիր, սակայն մինչ այդ և հետագայում էլ նա հեռուստատեսության և հեռահաղորդակցության հետ կապված 20 գյուտ է հեղինակել։ Art365-ն առանձնացրել է նշանավոր ճարտարագետի կյանքի ու գործունեության 5 ուշագրավ ու հետաքրքիր փաստ։
1․ Ծնվելով Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերող Աբգար Ադամյանի ընտանիքում, Հովհաննեսը հնարավորություն է ունենում իր գիտելիքները զարգացնելու Մյունխենի, Ցյուրիխի, Բեռլինի ու Սորբոնի համալսարաններում։
1908 թ․ Բեռլինում տրված առաջին հավաստագիրը՝ ազդանշանների փոխանցման երկգույն սարքի համար
2․ Հովհաննես Ադամյանն իր հետազոտությունները սկսել է սեփական միջոցներով ու լաբորատորիաներ հիմնադրել 1908 Բեռլինում, ապա 1913 թ․ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո՝ Ռուսաստանի մայրաքաղաքում։ 1920-ական թվականներին լաբորատորիա է ստեղծում Երևանի պետական համալսարանում։
Հ․ Ադամյանը 1900-ակաների սկզբին՝ գունավոր պատկերների փոխանցման սարքը փորձարկելիս
3․ Նա առաջինն էր, որ 1908 թ․ հիմնավորում է էլեկտրականության միջոցով պատկեր հաղորդելու հնարավորությունը։ Նա առաջինն էր, որ կատարեց 600 կմ հեռավորության վրա գունավոր պատկերներ հաղորդելու փորձը։ 1918 թ․ Ռուսաստանում ստեղծում է առաջին սարքը, որ ցուցադրում էր սև և սպիտակ անշարժ պատկերներ։
4․1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված լաբորատորիայում Ադամյանը պատրաստում ու փորձարկում է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը, որը համարվում է գունավոր հեռուստացույցի նախատիպը։ Հետագայում՝ 1951-1953 թթ․, արդեն Հ․ Ադամյանի մահից հետ(1932), ԱՄՆ-ում հայ գյուտարարի հայտնագործած համակարգը գործարկվել է գունավոր պատկերներ փոխանցելու համար։
5․Բացի ճշգրիտ գիտությունների նկատմամբ սերն ու այս ոլորտում մեծ ձեռքբերումները, Հովհաննես Ադամյանը սիրում էր արվեստ ու նաև համապատասխան հակումներ ուներ։ Հրաշալի նկարում էր, հետաքրքրվում ճարտարապետությամբ ու երաժշտությամբ։ Նաև շատ լավ խաղում էր շախմատ։ Նրա մտերիմներն էին Ավետիք Իսահակյանը, հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը և այլք։