Ժորա Կրիժովնիկովի «Слово пацана. Кровь на асфальте» քրեական դրամայի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, և Art365.am-ը հավաքել է սերիալի մասին ամենահետաքրքիր փաստերը։
1. Իրական փաստեր
«Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտին» սերիալի սյուժեն հիմնված է իրական փաստերի վրա։ 60-ական թվականներին Կազանում և Թաթարստանի մյուս քաղաքներում սկսեցին հայտնվել փողոցային խմբավորումներ։ Այս երևույթը հետագայում կոչվեց «Կազանի ֆենոմեն»։ Հետագայում այս խմբավորումների ստեղծման Թաթարստանի օրինակը վարակիչ դարձավ նաև ԽՍՀՄ այլ քաղաքների համար։ Բանդաները զանգվածային փողոցային կռիվներ էին կազմակերպում, որոնք հաճախ ավարտվում էին ողբերգական մահերով։ 90-ականներին այս փողոցային խմբավորումներից մի քանիսը վերածվեցին կազմակերպված հանցավոր խմբերի։ Իշխանություններին միայն 2000-ին հաջողվեց իրավիճակը կարգավորել:
Թաթարական «Նիզա» խմբի նախկինանդամներից մեկն էլ՝ Ռոբերտ Գարաևը, ի վերջո գիրք գրեց այդ սարսափելի իրադարձությունների մասին։ Գիրքը կոչվում է «Слово пацана. Криминальный Татарстан 1970–2010-х»: Սերիալը հիմնված է այս ստեղծագործության վրա։
2. Անդրեյի մասին
Պրոդյուսերները Անդրեյի՝ գլխավոր հերոսի դերակատ «Пальто / Վերարկու» մականունով դերասանին գտել են նկարահանումների մեկնարկից մեկ ամիս առաջ։ 15-ամյա Լեոն Կեմստաչի խորթ հայրը հայտնի դերասան Անտոն Բոգդանովն է՝ «Реальные пацаны» նախագծից։ Լեոն վարժ խոսում է ֆրանսերեն և անգլերեն, զբաղվում է սպորտով, պարում է և տարբեր օլիմպիադաների հաղթող է։ Սա երիտասարդ դերասանի առաջին կինոաշխատանքն է։
3. Այգուլի մասին
Այգուլի դերակատար, 14-ամյա Աննա Պերեսիլդը հայտնի դերասանուհի Յուլիա Պերեսիլդի դուստրն է։ Աղջկա ծնողները սկզբում դեմ էին, որ Աննան մասնակցի նախագծին, քանի որ նրա հերոսուհին ստիպված էր անցնել մեծ տառապանքների միջով, բայց ի վերջո, նրանք թույլ են տալիս նկարահանվել:
4. Մարատի մասին
Դերասան Ռուզիլ Մինկաևը սերիալում խաղում է յոթերորդ դասարանցի Մարատի դերը, թեև դերասանը 24 տարեկան է, ամուսնացած է և որդի ունի։
5. Նկարահանումների մասին
Սերիալի հեղինակներն ի սկզբանե նախատեսում էին նկարահանումներն իրականացնել 2022 թվականին Կազանում։ Սակայն այնտեղ ընդդիմացան հասարակական ակտիվիստները, հետագայում դատական հայցեր ներկայացրին՝ պահանջելով արգելել ֆիլմի ցուցադրությունը։ Արդյունքում պրոդյուսերները որոշեցին սերիալը նկարահանել Յարոսլավլում, որտեղ գտնվեցին Կազանի փողոցների, բակերի և շենքերի նմանվող վայրեր։ Յարոսլավլում նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականի մարտից ապրիլ։
6. Մասսայական տեսարանների մասին
Զանգվածային տեսարաններ նկարահանելու համար դերասաններ ընտրելիս (օրինակ, օղու հերթի տեսարանը)՝ պրոդյուսերների հիմնական պահանջը՝ ժամանակակից իրականության նշանների բացակայությունն էր․ նկարահանվողները չպետք է ունենային մոդայիկ դաջվածքներ, դիմահարդարում, անսովոր սանրվածքներ, արհեստական երկարեցված մազեր, թարթիչներ և եղունգներ։
7. Երաժշտության մասին
Սերիալի համար 80-ականների երաժշտությունն ընտրվել է նոր մշակմամբ։ Սերիալում հնչում են «Ласковый май», «Мираж» խմբերի, Վիկտոր Ցոյի և Իգոր Տալկովի հիթերը։
https://www.youtube.com/watch?v=ooKuCqpfl0E
8. Սաունդթրեքի մասին
Ռուսական «Аигел» էլեկտրոնային հիփ-հոփ դուետի «Пыяла» երգը, որը սերիալի սաունդթրեքն է, այժմ զբաղեցնում է առաջին տեղը Apple Music-ի ամենաշատ պահանջված թրեքների ցանկում, իսկ Spotify-ի գլոբալ հիթ-շքերթում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Բացի այդ, երգը համաշխարհային Shazam չարթերում գրավել է առաջին տեղը։
https://www.youtube.com/watch?v=QX07VGZM7sw
9. Վովա Ադիդասի մասին
Փողոցային ավազակախմբի ղեկավար Վովա Ադիդասին մարմնավորում է Իվան Յանկովսկին՝ Օլեգ Յանկովսկու թոռը։ Սակայն ի սկզբանե այս դերը խաղալու հրավեր էր ստացել դերասան Սերգեյ Ռոմանովիչը, որը հայտնի էր «Чернобыль: Зона отчуждения», «Ольга» հեռուստասերիալներից և «Экипаж» ֆիլմից։ Սերգեյը մերժել է դերը՝ կերպարի հայհոյախառը բառապաշարի պատճառով: Բացի այդ, դերասանին դուր չեն եկել նաև իր դերի համար նախատեսված բաց տեսարանները։
10. Ավարտի մասին
Համացանցում խոսվում է այն մասին, որ պրոդյուսերները շտապ վերանկարահանում են սերիալի ավարտը։ Այս որոշման պատճառը հայտնի չէ, սակայն կան տարբեր վարկածներ։ Ոմանք կարծում են, որ պատճառն այն աղմուկն է, որը բարձրացել է նախագծի շուրջ և քրեական այն կյանքը, որը ըստ շատերի «ռոմանտիկացնում է» ֆիլմը: Սակայն հեղինակները հերքում են այն լուրերը, թե վերջաբանը նորից են նկարահանում։