Աշխարհի ամենահետաքրքիր ու այսօր խիստ պահանջված մասնագիտություններից մեկն իր հաջողության ճանապարհն ունի:
Այս անգամ «10 քայլ» շարքի հյուրն է նորաձևության մարքեթինգի մասնագետ, ANNA SALOME fashion marketing agency-ի հիմնադիր Աննա Սալոմեն, ով կկիսվի իր մասնագիտական գաղտնիքներով:
1. Օրվա ակտուալ քեյսերի փոխարեն` ակադեմիական մտածողություն
Ուսանող տարիներին մենք կլանված լսում էինք այն դասախոսներին, ովքեր, դասավանդելուց զատ, աշխատում էին որևէ ընկերությունում և կիսվում մեզ հետ այս կամ այն ընկերության մարքեթինգային ռազմավարության առանձնահատկություններով, այս կամ այն հաջող փորձով, ձախողումներով, և թերագնահատում էինք ու դժվարանում լսել մյուսներին, ովքեր փորձում էին բարդ և դժվարամարս ակադեմիական նյութերը մեզ հրամցնել:
Բավական էր մտնել աշխատաշուկա` հասկանալու համար, որ այդ գեղեցիկ ու հետաքրքրաշարժ քեյսերը ակտուալ էին երեկ, բայց ոչ այսօր, ակտուալ էին տվյալ ընկերության կամ շուկայի դեպքում (իհարկե չթերագնահատելով դրանց կարևորությունը), բայց ոչ երբեք` միշտ ու ամեն իրավիճակում: Ուստի շատ կարևոր է նախ ձևավորել մարքեթինգային մտածողության ձև, ինչի համար պարտադիր է ծանոթանալ դասականներին (մեր ոլորտում նրանք ևս կան` Կոտլեր, Տրաուտ և այլն):
2. Հետևել մասնագիտական նորություններին, կարդալ ժամանակակից մարքեթինգային գրականություն, հոդվածներ և հետևել ամենատարբեր բլոգերի
Ես ենթադրում եմ, որ ոմանք կուսումնասիրեն մասնագիտական գրականություն, ոմանք կորոշեն վերապրոֆիլավորվել և ձեռք բերել նոր մասնագիտություն` համապատասխան բուհ ընդունվելով կամ առանց դրա, և ուզում եմ հավատացնել, որ այն կրթական ծրագրերը, որոնք այսօր Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգերում են ներդրված, ամբողջությամբ չեն փակում գիտելիքների ողջ ծածկույթը, որ Ձեզ անհրաժեշտ է:
Եթե անգամ դուք համապատասխան բարձրագույն կրթություն ունեք, եթե անգամ եղել եք ձեր կուրսի լավագույն սովորողը և գերազանցությամբ եք ավարտել համալսարանը, դա բավարար չէ:
3. Հիշել, որ մարքեթինգը շնչող մասնագիտություն է
Մարքեթինգը շնչող մասնագիտություն է, բազային գործիքներից և տեխնոլոգիաներից զատ այն ունի թրենդեր, անտիթրենդեր, քանի որ գործի որոշ մասն այսօր կապված է վիզուալի և թվային տեխնոլոգիաների հետ, ամեն հաջորդ օր մարքեթինգի ոլորտում մի նոր ձեռքբերում կա, ամեն հաջորդ օր` մի նոր գործիք, և դուք լավ մասնագետ դառնալու և շուկայում ձեր տեղը չկորցնելու համար պիտի մշտապես նորացնեք ձեր գիտելիքները:
Կան մի շարք մասնագիտական կայքեր, բլոգերներ, և, իհարկե, գրքեր, որոնք կգան ձեզ օգնության:
4, Ոգեշնչվել, զարգացնել ստեղծագործ միտքը (эффект сытого глаза)
Ես կարծում եմ, որ մարքեթինգի մասնագետը` լինի հետազոտող, թե հաղորդակցության մասնագետ, պարտավոր է զարգացնել ստեղծագործ միտքը: Այո՛, դա զարգացնել ևս հնարավոր է, իմ սիրելի մարքեթինգի մասնագետներից մեկը` Ֆեդորիվը, իր վլոգներից մեկում պատմում է, ինչպես են դա անում, օրինակ, իրենց ընկերությունում:
Ինչպե՞ս եմ անում դա ես:
Այցելում եմ թանգարաններ, դիտում եմ ֆիլմեր, մասնակցում ցուցահանդեսների: Ինչպես ռազմավարություն մշակելիս, այնպես էլ գովազդային կամ PR արշավներում դա շատ կարևոր է, ես այն անվանում եմ эффект сытого глаза:
5. Անաչառ լինել կարծիք ձևավորելու հարցում, ընդունել առողջ քննադատությունը
Ես շատ հաճախ եմ դիտարկումներ անում և՛ սոցիալական ցանցերում, և՛ առօրյայում:
Եվ շատ հաճախ եմ նկատում, որ մասնագիտական քննարկումները «Լավն ա» ձևակերպման շուրջ հանգեցնում են հետևյալ ձևակերպմանը` «Դե դա սուբյեկտիվ ա»: Այն շատ հաճախ հնչում է մասնավորապես այն դեպքում, երբ քննարկվում է որևէ դիզայնի, բրենդինգի կամ ֆոտոյի լավ կամ վատ լինելը, հավանելը կամ չհավանելը:
Ոչ, դա սուբյեկտիվ չի, սուբյեկտիվ է հավանել-չհավանելը` ճաշակի տեսանկյունից, բայց լավը կամ վատը, գրագետը և ոչ գրագետը սուբյեկտիվիզմի դաշտում չեն: Հարկավոր է անաչառ լինել և ընդունել առողջ քննադատությունը, քննարկել քեզ անհանգստացնող քեյսերը մասնագետների հետ, որոնց դու համարում ես լավն իրենց ոլորտում:
Ես ստիպել եմ ինձ վերաբերմունք ունենալ ցանկացած մասնագիտական երևույթի նկատմամբ դեռ առաջին կուրսից: Ինձ անվերջ հարցրել եմ` էս գովազդը հավանո՞ւմ ես, էս բրենդը հավանո՞ւմ ես, էս արշավը հավանո՞ւմ ես, թե՞ ոչ:
Բայց հենց օբյեկտիվության համար հարկավոր է գրագիտության որոշակի բազա, ինչը բերում է իմ ասած առաջին երկու կետերի կարևորությանը:
6. Լինել խստապահանջ քո անձի և թիմի նկատմամբ և վախենալ միջակությունից
Լավ մասնագետ դառնալու համար, ակախ նրանից՝ ինչ մասնագիտություն ունես, պարտադիր է խստապահանջ լինել քո անձի և թիմի նկատմամբ:
Ամեն հաջորդ օր դու պիտի լինես ավելի լավ մասնագետ, քան այսօր ես` լինի ի հաշիվ նոր գիտելիքների, թե փորձի, էական չէ:
Ես իմ թիմի բոլոր անդամներին խնդրում եմ ինձ ցույց տալ որևէ աշխատանք որպես վերջնարդյունք միայն այն դեպքում, եթե իրենք դա հավանում են շատ, գոհ են իրենցից և իրենց աշխատանքից և վստահ են, որ ավելի լավ չէին կարող անել:
Ես կհիասթափվեմ այն աշխատակցից, ով կարող էր անել ավելի լավ տվյալ աշխատանքը, բայց ներկայացնում է հաստատման այն մակարդակով, որով ենթադրում է, որ արդեն բավարար լավ է:
Միևնույն ժամանակ պետք է...
7. Սթափ գնահատել իրավիճակը կամ շատ հաճախ «բավարար լավն արդեն լավ է» համարել, եթե անգամ դուք իդեալիստ եք
Գեղարվեստի դպրոցում իմ ուսուցիչներն ինձ սովորեցնում էին, որ չկա ավարտուն նկար և որ վստահաբար բոլոր նկարները հնարավոր է դեռ էլ ավելի լավացնել, և որ նկարիչը միշտ որևէ բան շտկելու և էլ ավելի լավը անելու ցանկություն ունի:
Նույն տրամաբանությունն է գործում մարքեթինգում:
Մեր փորձը ցույց է տալիս, սակայն, որ կան մի շարք հարցեր, հատկապես PR-ում, որոնց դեպքում արդիականությունը և հրատապ լուծումն ավելի կարևոր է, քան անթերի կատարողականը:
Դա հարկավոր է ֆիքսել, հատկապես, երբ դուք էլ ինձ պես իդեալիստ եք:
Պատկերացրեք` որևէ զրպարտություն են հնչեցրել ձեր ընկերության հասցեին և դուք որոշել եք պաշտոնական պատասխանով արձագանքել դրան:
Դա անել տեքստով և որևէ նկարով հենց այդ օրը շատ ավելի կարևոր է, քան պատրաստել երկար և ավելի գեղեցիկ կոնտենտ` օրինակ, վիդեոհոլովակ, որի համար կպահանաջվի երկու աշխատանքային օր:
8. Հասկանալ ամեն ինչից, բայց ձեռք բերել նեղ մասնագիտացում
Ես կարծում եմ՝ մարքեթինգի աշխարհը բավականին լայն է ամեն ինչից հավասարաչափ լավ հասկանալու համար, ուստի լավ մասնագետ դառնալու համար հարկավոր է ձեռք բերել նեղ մասնագիտացում, ինչպես բժշկության ոլորտում է. Չէ՞ որ դուք յուրաքանչյուր խնդրի համար իր բժշկին եք դիմում: Նույնն է և մարքեթինգում:
Ընդհանուր պատկերացում մարքեթինգից դուք պարտավոր եք ունենալ` կարդալով տարբեր գրականություն, մասնակցելով ամենատարբեր դասընթացների, բայց հարկավոր է ընտրել ոլորտը, որն ավելի հոգեհարազատ է և փորձել դառնալ լավագույնը ձեր ընտրած ոլորտում:
Ես ստիպված եմ եղել սովորել և՛ SMM, և՛ SEO, և զբաղվել event management-ով, բայց այսօր զբաղվում եմ հիմնականում ռազմավարությունների մշակմամբ, բրենդինգով վիզուալների ստեղծմամբ, իսկ իմ թիմի մյուս անդամները փակում են մյուս բլոկերը:
9. Գրագետ դիրքավորվել մասնագետների շուկայում
Մարքեթինգի իմ սիրելի մեկնաբաններից մեկը մի աշխատանք ունի մարքեթինգի 22 չգրված օրենքների մասին: Առաջին օրենքը հետևյալն է. Ավելի լավ է լինել առաջինը, քան լավագույնը: Այդպես վարվեցի ես` հայտարարելով, որ ես նորաձևության մարքեթինգի միակ մասնագետն եմ ՀՀ-ում, դա ենթադրում է` առաջինը:
Երբ հստակ որոշել եք` ինչով եք ուզում զբաղվել, մարքեթինգի ո՛ր ոլորտն եք ընտրել, մտածեք` արդյոք կա՞ հստակ շուկա, որի հետ ցանկանում եք աշխատել, փորձեք հասկանալ` ում հետ կուզենայիք աշխատել, արդյունքում կհասկանաք` ինչպես դիրքավորվել մասնագետների շուկայում:
Մարքեթինգում դիրքավորումը և վերադիրքավորումը իմ սիրելի տերմիններից են: Այսօր մարքեթինգի մասնագետները շատ են, և դուք պիտի լուծեք մի պարզ խնդիր, այն է` ինչպես դիրքավորվել շուկայում, ինչպես դիմակայել մրցակցությանը: Եթե կա եզակիության որևէ մակարդակ, որ ունեք դուք, օրինակ, միակ մասնագետն եք ոլորտում, կամ կա հստակ ծառայություն, որ միայն դուք եք մատուցում, կա հստակ ոլորտ, որտեղ միայն ձեզ են ճանաչում, ապա օգտագործեք դա: Առաջինը լինելը հրաշալի է, լինել միակը` ևս: Այն կօգնի ձեզ արագ հասնել ճանաչման և ձևավորել պահանջարկ:
10. Զարգացնել ներկայացնելու (presentation skills), հանրային խոսքի և բանակցելու հմտությունները
Ամենևին պարտադիր չէ, որ բոլորը բանախոս դառնան և աչքի ընկնեն հռետորաբանությամբ, բայց էական է, որ յուրաքանչյուր մասնագետ կարողանա անհրաժեշտության դեպքում լավ ներկայացնել իր կատարած աշխատանքը: Շատ հաճախ եմ նկատել, որ շատ լավ մասնագետներ մնում են ստվերում, որովհետև դժվարանում են հաղորդակցվել, ներկայացնել իրենց և իրենց հմտությունները, ուստի բազային հմտությունները ոչ թե լավ մասնագետ, այլ պահանջված մասնագետ դառնալու հարցում կարևորում եմ շատ:
Իսկ դա, որպես կանոն, ախտորոշվում է խոսքի միջոցով: Լավ գրող և գրագետ խոսք շարադրող մասնագետը նույնքան գրագետ էլ պլանավորում է աշխատանքը, իսկ դա վստահություն է ներշնչում: