13 տարի առաջ` 2011 թվականի օգոստոսի 14-ին Երևանում բացվեց առաջին Թումոն։ Ստեղծարար տեխնոլոգիաների այս ինքնատիպ կենտրոնն անցնող տարիների ընթացքում համառ ու ստեղծարար աշխատանքի արդյունքում դարձավ 12-18 տարեկան երեխաների կրթության նորարարական հարթակ, այսօր աշխարհում ամենից արդիական ու պահանջված մասնագիտական ուղղվածություններով՝ դիզայն, երաժշտություն, նորագույն տեխնոլոգիաներ և շատ ուրիշ։
Թումոն ապահովում է պատանիների արտադպրոցական ժամանակակից կրթություն հատուկ մշակված ծրագրով՝ հաշվի առնելով սովորողի ունակությունները, հետաքրքրությունների շրջանակն ու առաջադիմության ռիթմը։ Թումոյի մասնագետները կարողացել են գտնել ինքնաուսուցման, դասընթացների և աշխատարաններում իրականացվող դասերի մի բացառիկ համադրություն, որը ներշնչում պատանիներին ու զարգացնում հմտությունները՝ ապահովելով նրանց հետագա մասնագիտական կողմնորոշումը։ Սակայն ամենակարևորը թերևս այն է, որ Թումոն վաստակել է հանրության վստահությունը, սահմանելով արտադպրոցական կրթության նոր նշաձող։
Art365-ը առանձնացրել է 13 փաստ մեր Թումոյի մասին։
1. Անվանումը
Շատերը չգիտեն, որ Թումոն իր անվան համար պարտական է Հովհաննես Թումանյանին, ավելի որոշակի՝ Ամենայն հայոց բանաստեղծի անունը կրող այգուն, որտեղ էլ հիմնադրվել է առաջին կենտրոնը։ Խորհրդանշական ձևով նորարար տեխնոլոգիաների կենտրոնը կապվել է իր ժամանակի մեծ նորարար, նաև մանուկների ու պատանիների զարգացման ուղղված խաղերի ու ծրագրերի հեղինակ Հովհաննես Թումանյանի հետ։
2. Հիմնադիրները
Թումոյի հիմնադիրները Սեմ և Սիլվա Սիմոնյաններն են։ Նրանք ծնունդով Բեյրութից են, սակայն հաստատվել են ԱՄՆ-ում, որտեղ էլ Սեմը դարձել է Ինեթ հեռահաղորդակցական ընկերության համահիմնադիր։
3. Տնօրենը
Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանն է մշակել Թումոյի կրթական ծրագիրը, նաև՝ նախագծել կենտրոնի առաջին շենքը, քանի որ այդպիսի աշխատանքի մեծ փորձառություն ուներ դեռևս Նյու Յորքից։ Այնտեղ նա ղեկավարել է մի քանի հայտնի բարձրահարկ շենքերի շինարարությունը։
4. Անվճար կրթություն
Թումոյում կրթությունն անվճար է և անցնող տարիների ընթացքում այդ հնարավորությունից օգտվել է 130.000 պատանի։
5. Ստատիստիկա
Ըստ հեղինակավոր Dalberg International հետազոտական կազմակերպության անցկացված հարցման, մասնակից ուսանողների 200%-ը դպրոցում գերազանց գնահատականներ կստանա։ 50%-ը օրական ավելի քան 1 ժամ կանցկացնեն անձնական նախագծերի վրա։ 350%-ը կաշխատի տեխնոլոգիաների ոլորտում, 50%-ը կվաստակի պետական միջին աշխատավարձի ավելի քան եռապատիկը:
6. 14 ոլորտ
Թումոյի կրթական ծրագիրն ընդգրկում է արվեստի ու տեխնոլագիաների 14 ոլորտ՝ անիմացիա, խաղերի ստեղծում, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, լուսանկարչություն, նոր մեդիա։
7. Արդյունքները
Թումոյի բոլոր դասընթացների արդյունքները, սովորողների առաջադիմությունն ու երկու տարվա ընթացքում գրանցված փոփոխությունները ժամանակագրության ձևով ներկայացվում են մեկ տեղում՝ «Շավիղ» հարթակում։ Այս ծրագրի շնորհիվ գծվում է յուրաքանչյուր ուսանողի համար առաջխաղացման ամենից հարմար ուղին։
8. Ստուդիաները
2017 թվականից հիմնական ծրագրերին զուգահեռ՝ հիմնադրվեցին 16-28 տարեկանների համար նախատեսված, արվեստի, դիզայնի, անալոգային արտադրանքի ստեղծմանն ուղղված Թումո ստուդիաները։ Այստեղ ստեղծվում է այն ամենը, ինչը կարելի է կրել, շոշափել, համտեսել:
9. Կենտրոնները
Այսօր Թումոն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում։ Մինչ 2023 թ․ Արցախի հայաթափությունը, կենտրոն էր գործում նաև Ստեփանակերտում։
10. Տուփեր
Կենտրոններին կից գործում է նաև շուրջ երկու տասնյակ Թումո տուփ։ Թումո տուփը կենտրոների հետ կապված տեխնիկական բոլոր միջոցներով հագեցած փոքրիկ կենտրոններ են։ Դրանց նպատակն է հնարավորություն տալ մարզերի պատանիներին իրենց բնակավայրերում մասնակցել դասընթացներին։
11. Միջազգային կենտրոններ
Թումոն վաղուց արդեն միջազգային նախագիծ է և Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում, Ցյուրիխում, Մանհայմում, Կոիմբրայում, Կիևում և Լիոնում:
12․ Թումոցին նախկին չի լինում
Թումոն ավարտող ուսանողը չի ստանում դիպլոմ կամ հավաստագիր։ Ուսանողների առաջադիմությունն արտացոլվում են առցանց պորտֆոլիոյում, որը կարելի է ներկայացնել ԲՈՒՀ կամ աշխատանքի ընդունվելիս։
13. 3D Scanning
Թումոն ունի ավելի քան 200 հայկական հուշարձաններ ներառող թվային արխիվ: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է թվայնացնել շուրջ 500 հուշարձան։