Մեկնարկեց հոբելյանական 20-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան միջազգային կինոփառատոնը։ Փառատոնը կտևի մինչ հուլիսի 16-ը։ Ինչպես միշտ, այս տարի ևս փառատոնի ընթացքում հնարավորություն կունենանք դիտելու ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, հանդիպել հայտնի կինոգործիչների հետ, ապրել կինոյով առնվազն մեկ շաբաթ։ Կլինեն պրեմիերաներ, կցուցադրվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ հեղինակավոր փառատոններից։
Փառատոնը բացվեց Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որն առաջին անգամ ներկայացվել է Ռոտերդամի փառատոնում։ Ուշագրավ է, որ ֆիլմում հանրահայտ Ջերալդին Չապլինի խաղընկերներից է Սամվել Թադևոսյանը։
Մեկ հայ կինոգործչի՝ Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակով կփակվի փառատոնը։
Իսկ բացմանու փակման միջև ընկած հագեցած կինոշաբաթում մայրաքաղաքի կնոթատրոններում և այլ դահլիճներում կցուցադրվեն հայկական և արտասահմանյան նոր ու դասական ֆիլմեր։ Իհարկե, կլինեն մրցութային ու արտամրցութային ծրագրեր։ Մասնավորապես, լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիին ղեկավարում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։
Այս տարի իրենց ներկայաթույամբ փառատոնը կպատվեն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը և, իհարկե, ճապոնացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։
Փառատոնի ընթացքում տեղի կունենա հանդիպում ճանաչված կինոգործիչի հետ, կցուցադրվի նրա վերջին ֆիլմը։ Բացի այդ Կիտանոն բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասի հետ միասին կներկայացնի Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» ֆիլմը Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ, որտեղ իր առաջին մեծ դերն է խաղացել Կիտանոն։
Փառատոնի ծրագրրին կարող եք ծանոթանալ այստեղ, ընտրել ֆիլմեր ու միջոցառումներ և անպայմանորեն մասնակցել այս մեծ կինոտոնին։