Այսօր առանց անգլերենի իմացության գրեթե անհնար է աշխատանք գտնել, ճանապարհորդել և առհասարակ ապրել ժամանակակից աշխարհում ժամանակակից կյանքով։ Ուստի անգլերեն պետք է սովորել, սովորել և սովորել, իսկ եթե արդեն բավականաչափ գիտեք և ուզում եք բարելավել ձեր անգլերենի մակարդակը, հարստացնել բառապաշարը, սովորել առօրյա զանազան արտահայտություններ, ապա պետք է դիտեք ֆիլմեր և սերիալներ՝ այսդպիսով համատեղելով հաճելին օգտակարի հետ։
Ինչպե՞ս է աշխատում անգլերեն սովորելու այս մեթոդը
Ոմանց համար սերիալներից սովորելը անլուրջ կարող է թվալ, բայց այդպես չէ։
Այս մեթոդը հարմար է այն մարդկանց համար, ովքեր արդեն սովորել են լեզվի հիմունքները, այսինքն՝ հասել են առնվազն A1-A2 մակարդակի: Առանց հիմունքների իմացության, սերիալները բնօրինակով դիտելը դժվար կլինի, իհարկե:
Այս հոդվածով ձեզ համար առանձնացրել ենք սերիալներ, որոնք կարող եք դիտել, եթե հասել եք A2 մակարդակի և ձգտում եք ավելիին։
Sex and the City
Սա սերիալ է, որ պետք է դիտի յուրաքանչյուր կին և, ինչու ոչ, յուրաքանյուր տղամարդ։ Սա սերիալ է կանանց մասին, սիրո մասին, սեքսի մասին, սա սերիալ է ամեն ինչի և բոլորիս մասին։
Սյուժեի կենտրոնում 4 հաջողակ կանանց ճակատագրերն են։ Հեռուստասերիալը լի է առօրյա տարբեր թեմաներով՝ խոհանոց, ճանապարհորդություն, մարդկային ամենատարբեր հարաբերություններ։ Այս սերիալից բազմաթիվ արտահայտություններ կսովորեք և կհարստացնեք ձեր անգլերենը։
Friends
Բոլոր ժամանակների ամենահայտնի և ռեյտինգային սերիալներից է Friends-ը, և եթե այն դեռ չեք դիտել, ապա ժամանակ մի կորցրեք, գտեք անգլերեն տարբերակը և վայելեք։
Վեց ընկերներ, սեր, բաժանումներ, ուրախություն և տխրություն, անզուգական հումորներ և հարուստ սցենար․ էլ ի՞նչ է պետք հաճելի և օգտակար ժամանցի համար։
House M.D.
Պե՞տք է հարստացնել ձեր բժշկական բառապաշարը: Գուցե հեգնախառը հումորային արտահայտություննե՞ր եք ուզում սովորել։ Երկու դեպքում էլ այս սերիալը ձեզ համար է։ Հաուսը շարունակում է մնալ բրիտանացի դերասան Հյու Լորիի ամենահայտնի դերը․ դերասանը հիանալի է կերտել ցինիկ բժշկի կերպարը։