Կանանց մասին, կանանց համար գրվել ու գրվում են բազմաթիվ գրքեր։ Համաշխարհային գրականության պատմությունը լի է կանանց մասին վեպերով, որոնք բեսթսելերներ են դարձել և հազարավոր կանանց են ոգեշնչել ավելի լավ կյանք կառուցելու ճանապարհին։
Այս հոդվածով առանձնացրել ենք 5 վեպ, որոնք համաշխարհային բեսթսելեր են և կան հայերեն թարգմանությամբ։
Հազար չքնաղ արևներ
Խալեդ Հոսեյնի
2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:
Ուտել, աղոթել, սիրել
Էլիզաբեթ Գիլբերթ
Ամերիկուհի Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։
Զգացմունք և բանականություն
Ջեյն Օսթին
«Զգացմունք և բանականություն». Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը:
Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա հիմնված այդ հասարակության մեջ նաև ազնիվ ու զգացմունքային մարդիկ են ապրում:
Becoming. Իմ պատմությունը
Միշել Օբամա
Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:
Եվայի երեք դուստրերը
Էլիֆ Շաֆաք
Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ։ Այն կրոնի և հատկապես կանանց վրա կրոնի ազդեցության ու հետևանքների մասին վերջին շրջանում Էլիֆ Շաֆաքի կարևորագույն գործերից մեկն է։