Առաջին քրիստոնյա երկիրը՝ Հայաստանը, Բիբլիական Արարատ լեռն ու քրիստոնեության համար հայ և օտարազգի հավատացյալների նահատակության թեմաները միջնադարում ու Վերածննդի շրջանում տարածված էին եվրոպական արվեստում։ Մասնավորապես այս թեմաներին անդրադարձել է գերմանական Վերածննդի գեղանկարչության մեծագույն ներկայացուցիչ Ալբրեխտ Դյուրերը(1471-1528 թթ․)։ Առաջին անգամ նկարիչն այս թեմային՝ Տասը հազար քրիստոնյաների նահատակությանը(անգլ. "The Martyrdom of the Ten Thousand Christians") անդրադարձել է 1496 թվականին, երբ ստեղծել է համանուն փորագրանկարը։ Իսկ արդեն 1508 թ․ Ֆրիդրիխ III կայսեր պատվերով ստեղծում է յուղաներկ նկարը, որը որոշ դետալներով տարբերվում է փորագրանկարից։ Բանն այն է, որ Ֆրիդրիխ Իմաստունը քրիստոնեկան տարբեր մասունքների մեծ հավաքածու ուներ և Վիտենբերգյան պալատում դրանց ցուցադրության համար պատվիրում է նաև այս նկարը։
Ովքե՞ր էին 10 000 քրիստոնյաները
Ըստ միջնադարյան տարածված ավանդության հռոմեական կայսր Տրայանոսի կամ Ադրիանոսի (2-րդ դար) պահանջով պարսից արքա Շապուհ Ա-ն Արարատ լեռան լանջերին մահապատժի է ենթարկում քրիստոնեություն ընդունած 10 000 զինվորների։ Թեև հստակ չէ նահատակների ազգությունը, բայց հաշվի առնելով գործողությունների ժամանակն ու վայրը, կարելի է ենթադրել, որ նրանց մեջ նաև հայեր են եղել։ Ընդհանրապես միջնադարյան Եվրոպայում մեծապես կարևորվում էր Արևելյան քրիստոնեության տարածումը, հատկապես հայ ժողովրդի՝ այս գործում ունեցած մեծ ներդրումը։ Հնարավոր է, որ նկարիչը ներշնչվել է այս մասին բազմաթիվ լեգենդներից, որոնք Եվրոպայում տարածվում էին Խաչակրաց արշավանքների և հետագա մշակութային շփումների հետևանքով։
Ինչո՞ւ Արարատ սարը
Սրբազան Արարատ սարը միջնադարյան Եվրոպայում և այս նկարում ընկալվում է որպես աստվածային մեծ դատաստանի՝ համաշխարհային ջրհեղեղի, նաև Նոյյան տապանի միջոցով մարդկությանը տրված փրկության ճանապարհի, հույսի ու վերածնության խորհրդանիշ։ Արարատն ու սարի մերձակայքը ըստ նկարչի սուրբ հող են, որտեղ նահատակների արյուն է թափվել։ Թեև նկարում մենք Արարատի մեզ ծանոթ ու սիրելի ուրվագիծը չենք տեսնում, սակայն նկարը տպավորում է իր բազմաթիվ կերպարներով ու խորհրդանշաններով։
Կոմպոզիցիան ու կերպարները
Դյուրերը մանրամասն ու դետալիզացված ներկայացնում է բազմաթիվ գործողություններ ու կերպարներ։ Նկարի աջ անկյունում Շապուհ թագավորն է, որը քրիստոնյաների տանջելու հրամաններ է տալիս։ Նահատակները ամենատարբեր տանջանքների են ենթարկվում՝ խաչելություն, գլխատում, գանակոծություն, քարկածում և այլն։ Ետին պլանում քրիստոնյաներին ժայռից ցած են գցում։ Ուշագրավ է, որ նկարի կենտրոնում հեղինակը պատկերել է իրեն և 1508 թ․ վախճանված իր ընկերոջը՝ Կոնրադ Ցելիտասին։ Նկարում յուրօրինակ կերպով համադրվում են միջնադարյան գոթական արվեստի խորությունն ու Վերածննդի շրջանի ռեալիզմը։
Խորհուրդը
Դյուրերի այս ստեղծագործությունը, ինչպես կրոնական թեմաներով շատ այլ գործեր, բացի գեղագիտական գործառույթը ուներ նաև ուսուցողական նշանակություն․ այն հիշեցնում է հավատի ու արժեքների կարևորությունը, ընդգծում վեհ գաղափարների ու հատկապես քրիստոնեության համար նահատակված մարդկանց սխրանքը, պատմում սրբազանի, իդեալների ու նվիրման մասին։