Հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ․) թեև առավել հայտնի է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա ստեղծված «Ալմաստ» օպերայով, սակայն նրա և հայ գրականության կապերը միայն այդ գործով չեն սահմանափակվում։ Ստանալով դասական երաժշտական լավ կրթություն, առնչվելով արվեստի տարբեր ճյուղերի ու ժամանակի հայտնի արվեստագետների հետ, կոմպոզիտորն, իհարկե, լավ ծանոթ էր նաև ռուսական ու եվրոպական գրականությանը, ապա նաև հայ գրականությանը։ Դեռևս Սիմֆերոպոլի երաժշտական գիմնազիայում սովորելու տարիներին նրա առաջին ստեղծագործությունները գրական ու բանահուսական նյութերի մշակումներ էին։ Նա քառաձայն երգչախմբի համար մշակել է «Գացեք տեսեք», «Ջան գյուլում» ժողովրդական երգերը, իսկ ստեղծագործկան կյանքի հետագա ընթացքում տարբեր առիթներով անդրադարձել է հայ գրականությանը, ստեղծել տարբեր ժանրի գործեր և հատկապես ռոմանսներ։ Ներկայացնում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի հայ գրականության հիման վրա կամ ներշնչմամբ գրված հինգ գործ։
1․Ա՜Յ ՎԱՐԴ
Ալեքսանդ Ծատուրյան
1894 թ. դեկտեմբերին կոմպոզիտորը Մոսկվայում ծանոթանում է ժամանակի հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Բարեկամների մտերմիկ միջավայրում բանաստեղծն ընթերցում է իր գործերից։ Կոմպոզիտորը ներշնչվում է այդ ընթերցմամբև կարճ ժամանակում ստեղծում մի ռոմանս, որը սկզբում հրատարակվում է «Արևելյան ռոմանս» վերնագրով: Ներկայացնում ենք այս առինքնող ռոմանսը Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ։
2․ Արևելյան օրորոցային
Ռափայել Պատկանյան
Ռափայել Պատկանյանի հանրահայտ բանաստեղծությունն ու երգը առավել սիրված են անհայտ երգահանի երաժշտությամբ։ Ալեքսանդր Սպենդիարյանը այս բանաստեղծության երաժշտական իր տարբերակը հեղինակում է 1900 թվականին։ Հետագայում կոմպոզիտորը ցանկանում է գրել նաև երգի նվագախմբային ուղեկցության պարտիաներ, սակայն մտադրությունը չի իրականացնում։ Այս երգը ներկայացնում ենք Լուսինե Զաքարյանի անզուգական կատարմամբ։
3․ Մի լար բլբուլ
Ալեքսանդր Ծատուրյան
Առաջին հրատարակության մեջ այս երգը վերնագրված էր «Հայկական երգ», քանի որ եղանակը ժողովրդական էր։ Երգը կոմպոզիտորը ձոնել է բանաստեղծության հեղինակ Ալ. Ծատուրյանին:
4.Էնզելի. Երևանյան էտյուդներ
Սայաթ-Նովա
Իր նշանավոր «Երևանյան էտյուդներ» («Էնզելի» և «Հիջաս») սիմֆոնիկ գործը Ալ. Սպենդիարյանը գրել է 1925 թ. Երևանում: Կոմպոզիտորի արխիվային նյութերից երևում է, որ «Երևանյան էտյուդների» առաջին մասի` «Էնզելիի», ծավալուն նախաբանը գրելիս Ալ. Սպենդիարյանը , օգտագործել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի մշակված տարբերակը: «Երևանյան էտյուդների» 1927թ. առաջին առաջին հրատարակության անվանաթերթին նշված է. «Էտյուդների համար թեմաներ են ծառայել հայկական և արաբական մեղեդիներ, որոնք կատարվում են Երևանում, ժող. երաժիշտների կողմից»:
5.Այնտեղ, այնտեղ, վեհ այն դաշտը
Խաչատուր Աբովյան
«Խոսքերը գրված են Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ի վերջաբանի անմիջական ազդեցության ներքո», -գրում է կոմպոզիտորն այս երգի մասին: Երգը գրվել է 1914 թ.: Առաջին հրատարակության շապիկը նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, իսկ վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվել է Մոսկվայի հայկական կոմիտեին՝ արևտահայերին օգնելու համար: Այս հերոսական երգի անվանումը հեղինակը մի քանի անգամ փոխել է. «Հերոսի հիշատակին», «Աղասու գերեզմանը», «Մոռացված շիրիմներ», «Հերոսի հետքերով», վերջապես կանգ է առել «Այնտեղ, այնտեղ, վեհ այն դաշտը» վերնագրի վրա: