Դանիել Վարուժանի վերջին՝ հրաշքով փրկված ու ետմահու հրատարակված Հացին երգը նշանավոր շարքի այս բանաստեղծությունը շարքի յուրօրինակ կենտրոնն է, որտեղ գաղափարապես ամփոփվում է ցորենի ստեղծման ընթացքը։ Այս բանաստեղծությունից հետո սկսվում է արդեն հացի արարման ընթացքի պատկերումը՝ համապատասխան բանաստեղծություններով։ Հողի մշակների՝ նոր ժամանակների դյուցազունների փառաբանությամբ սկսված այս հիանալի շարքի Խաչբուռ բանաստեղծության մեջ ներկայացվում են երկրագործական աշխատանքի ծիսական ավարտը, նվիրաբերությունն ու փառաբանությունը Աստվածամորը՝ ստացված բերքի ու բարիքի համար։
ԽԱՉԲՈՒՌ
(Աստվածամօր սեղանին)
Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:
Զոհագործէ՛ սեղանիդ վրայ՝ ուր, դարե՜ր,
Փեթակներուս մեղրամոմերը դեղձան
Լոյս ու արցունք են հոսեր:
Դո՛ւն սուրբ պաշտպան հայրենական հողերուս՝
Որոնց տըւիր անմահութիւնը դրախտի.
Ծիլը ծաղիկ ըրիր, յոյսը՝ Արշալոյս,
Որ խըրճիթիս կը ժըպտի:
Դո՛ւն, Խաչբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հիւսէր,
Ընդունէ՛, Մա՜յր: Բիւր հասկերուս մէջ ասոնք
Կը նազէին կոյսերու պէս շիկահեր,
Արեւահե՛ղց եւ ատո՛ք:
Գերանդիիս տակ, գըլուխնին դեռ ցօղով,
Լուսնէն հնձուած ճառագայթի պէս՝ ինկա՜ն:
Ոչ մի արտոյտ քանդեր է իր կըտուցով՝
Անոնց շարքերը լըման:
Ես հիւսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,
Տալով խաչին ձեւը Որդւոյդ կարեւեր՝
Որուն արիւնն, ամէն Զատկի, սո՜ւրբ կըրակ,
Մեր ակօսներն են խըմեր:
Իմ յոյսերուս, իղձերուն հետ հիւսեցի:
Անոնց մէջ է յոյզն արտին, հուրն արեւուն,
Խոփին փայլակն ու թեւիս թափն առնացի,
Պաղատանքն իմ թոռներուն:
Մա՛յր, Խաչբուռն այս օրհնէ՜. եւ տուր արտերուս
Ամառն՝ ոսկի, ինչպէս գարունը՝ մարգրիտ.
Որքան ամբարքըս լի ըլլան՝ ջահեր լոյս
Պիտի տան քու խորանիդ:
Ըրէ այնպէս՝ որ – նըման հի՜ն օրերուն –
Երբ դաշտերէ դաշտ ժուռ գալու դուն ելլես՝
Փուշեր չըգա՜ն ոտքերուդ տակ՝ այլ սարսռուն
Կակաչներ՝ մեր սըրտին պէս:
Խաչբուռը կամ խաչափունջը ցորենի բերքի առաջին քաղված հասկերով՝ խաչի ձևով հյուսված փունջն է, որն ըստ նախնյաց սովորության որպես զոհաբերություն կամ նվիրաբերություն ընծայվում էր Անահիտ աստվածուհուն, իսկ քրիստոնեական շրջանում՝ Սուրբ Աստվածամորը։ Խաչի ձևով հյուսված փունջը խաչի խորհրդին համապատասխան խորհրդանշում էր երկրի ու երկնքի, հողի ու երկնային անտես զորությունների կապը, որոնց միահյուսմամբ էլ ստեղծվում է բերքն ու բարիքը։ Պատմական Հայաստանի տարբեր վայրերում խաչբուռի հետ կապված տարբեր ծեսեր ու սովորություններ կային, սակայն անփոփոխ էր գլխավոր խորհուրդը՝ շնորհակալությունն ու արտերը պահելու, ցորենը հասունացնելու, առատության ու լիության ապահովման խնդրանքը։ Ուշագրավ է, որ այս առինքնող բանաստեղծության մեջ Դանիել Վարուժանը յուրահատուկ կերպով ներդաշնակում և հաշտեցնում է այս շարքին և ընդհանրապես իր ստեղծագործությանը բնորոշ հեթանոսական գեղագիտությունն ու քրիստոնեական աշխարհայացքը։ Նա բանաստեղծության ենթավերնագրում շեշտում է խաչբուռը Սուրբ Տիրամորն ընծայելու հանգամանքը։ Բանաստեղծությունը վերածվում է ինքնահատուկ հեղինակային աղոթքի, որտեղ Աստվածամայրը կոչվում է Սուրբ պաշտպան հայրենական հողերու։