Հայ ժողովրդական ամենահայտնի երգերից մեկը՝«Դլե յաման»-ը, այսօր առավելապես ընկալվում է որպես գաղթի, Հայոց ցեղասպանության և հայրենիքի կորստին նվիրված սրտառուչ մի ստեղծագործություն։ Քչերը գիտեն, որ այս հուզիչ երգն ի սկզբանե նվիրված է եղել դժբախտ սիրուն ու սիրելիի կորստին։ Ըստ ազգային երգերի սիրված կատարող ու բանահավաք Հայրիկ Մուրադյանի, այս երգի հեղինակը Վասպուրականի նահանգի Հայոց ձոր գավառի Կղզի գյուղի բնակիչ Բդե անունով մի հայ գեղջկուհի է։ Տասը տարեկան հասակում աղջիկը ծաղիկ հիվանդության հետևանքով կորցրել է տեսողությունը, սակայն ստացել երգելու շնորհ և իր երգերում էլ ներկայացրել է իր դժբախտ կյանքը։ Այս տեղեկությունները հաղորդել է նրա հայրենակից Արտաշես Աբրահամյանը։ «Դլե յաման» երգը տարածված է եղել Վասպուրականում և Մոկսում, ինչի հետևանքով որոշակի փոփոխություններ կրել, հարստացել իմաստային նոր երանգներով։ Առաջացել են երգի նոր տարբերակներ։
Հայրիկ Մուրադյանը ներկայացրել է «Դլե յաման» երգի Շատախի տարբերակը։
ԴԸԼԷ, ՅԱՄԱՆ
Դըլէ, յաման,
Մեր տու̈ռ ծեր տու̈ռ իրար տիմաց,
Վա՜յ լէ, տնավէր,
Հէրիքյ անես աչքօվ իմաց,
Յաման, յաման։
Դըլէ, յաման,
Արեվն առե Վանա ծօվուն,
Վա՜յ լէ, տնավէր,
Քեզ սիրեցի աշնան խովուն,
Յաման, յաման։
Դըլէ, յաման,
Գյա̈մին էկավ կըրակի պէս,
Վա՜յ լէ, տնավէր,
Էկավ, խասավ չուր ծովուն կէս,
Յաման, յաման։
Դըլէ, յաման,
Գյա̈մին էկավ չուր ծօվու կէս,
Վա՜յ լէ, տնավէր,
Իմ սիրտ էրվավ կըրակի պէս,
Յաման, յաման։
Դըլե, յաման,
Լուսնակն էլավ սարի ծերին.
Վա՜յ լէ, տնավէր,
Կարօտ մացի յես իմ յարին,
Յաման, յաման․․․
Ըստ տարբեր մեկնաբանությունների, Դլե յաման բառակապակցությունը կազմված է dle «քրդերեն» dil բառից, որը նշանակում է «իմ սիրտը» և yaman-ը՝ aman՝ վշտախառն բացականչությունից։
Երգն առաջին անգամ ձայնագրել է Կոմիտասը, կատարել դաշնամուրի համար երգի գործիքավորումը։ Այս պատճառով էլ «Դլե յաման» երգը հաճախ համարվում է Կոմիտասի հեղինակած։ Կան երգի այլ տարբերակներ ևս։ Երգը հայտնի է դարձել Լուսինե Զաքարյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի երգեցողությամբ, նաև Ջիվան Գասպարյանի դուդուկի կատարումներով։ Ներկայացնում ենք սիրված երգի Հայրիկ Մուրադյանի, Լուսինե Զաքարյանի և Ջիվան Գասպարյանի կատարումները․
Աղբյուրը՝ Հայրենի երգեր, վերծանեց, կազմեց և խմբագրեց Ա. Փահլևանյանը, 2018։