Գարնան գալուստը, բնության ու հոգևոր զարթոնքը, պարգևում են ներշնչում, նոր հույսեր ու սպասումներ ծնում: Հայ պոեզիայում, չհաշված միջնադարայն տաղերգության գարնան այլաբանական պայծառ տաղերը կամ ժողովրդական կենսահաստատ երգերը, գարունն ավելի շատ ուղեկցվում է թախծոտ տրամադրություններով ու սպասումներով: Ի մասնավորի, Ավետիք Իսահակյանը թեև գարնան թեմայով լավատեսական բանաստեղծություններ էլ ունի, սակայն ավելի սիրված են Վարպետի այն գործերը, որտեղ քնարական հերոսի մեջ բնության զարթոնքի տրամադրությունները հակադրվում են կորստի ցավին, հայրենիքի ու մոր կարոտին, կյանքի անարդարության մասին փիլիսոփայական խորհրդածություններին։ Ավելի հաճախ գարունը, թռչունների վերադարձը միայն տխրություն են պատճառում, քանի որ չեն վերադառնում սիրելիներն ու պանդուխտները։
Ձմեռն անցավ, եկավ գարուն...
Ձմեռն անցավ, եկավ գարուն,
Հալավ բարձրիկ սարերու ձուն․
Ճամփա բացվավ ղարիբներուն:
Իմ ղարիբեն խաբար չի գա,
Աչքս ճամփին՝ դադար չըկա:
Ղարիբ երկիր ամպ ու մշուշ,
Իմ ղարիբի սիրտն է քըրքուշ,
Ոտ կփոխե՝ քըռա ու փուշ...
Հերիք մնա՛ս, դարձի վաթան,
Իմ ախպե՛ր ջան, ազիզ յա՛ր ջան:
Ջուրն է պրծել՝ կուգա սարեն,
Սարեն, ձորեն... իմ աչերեն...
Մի՛ նորոգիր սրտիս յարեն:
Դարձի վաթան, հողն անուշ է,
Հողն անո՜ւշ է, ջուրն անո՜ւշ է...
1902 թ․, Բասեն
Այս բանաստեղծությունը, ինչպես Վարպետի շատ գործեր, երգի է վերածվել և կատարվում է «Գնաց ձմեռն» ժողովրդական երգի եղանակով: