Իր առաջին՝ 1946 թ․ լույս տեսած «Որոտանի եզերքին» բանաստեղծական ժողովածուից սկսյալ, մինչ վերջին «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն, Համո Սահյանը դետալ առ դետալ, մանրամասն առ մանրամասն ստեղծում է հայրենքի՝ Հայաստանի իր ինքնատիպ գեղարվեստական պատկերը, որը հետո դառնում է ընթերցողինը։ Համո Սահյանի Հայաստանին նվիրված բանաստեղծություններն ընթերցելուց հետո մենք արդեն Հայաստանը չենք պատկերացնում առանց քարափի ու մասրենու, առանց ամպոտ անտառի ու Որոտանի կիրճի, առանց նաիրյան դալար բարդու ու պապի կերպարի։ Առանց շատ այլ տպավորիչ խորհրդանշանների ու պատկերների, որոնցով բաղադրված է սահյանական ու արդեն մեր Հայաստանը։ Սահյանը ընթերցողին է պարգևում մի նոր հայացք մեր չքնաղ հայրենիքի բնությանը, տալիս հայ մարդու առինքնող կերպարներ, մտածել տալիս հայրենիքի պատմության ու ներկայի տագնապալի հարցերի շուրջ։ Եվ այդ ամենն անում է զամանալի անմիջական, որդիական սիրով ու ակնածանքով, առանց հավակնության ու սեթևթանքի, որ ընթերցողին թվում է, որ այդ գեղարվեստական պատկերները բնության պարզ նկարագրություններ են, որ բոլորս է տեսնում ենք և ցանկության դեպքում կարող ենք ինքներս էլ նկարագրել։ Սակայն, Համո Սահյանի մեծությունն հենց գրի այդ պարզության մեջ է, որը հարազատ է դարձնում մեծ բանաստեղծի ստեղծագործությունը և հատկապես հայրենիքին նվիված գործերը ընթերցողական ամենալայն շրջանակի։ Ներկայացնում ենք Համո Սահյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունների մի փունջ։
Նաիրյան դալար բարդի
Նազում ես ու շորորում զմրուխտե քո շորերում՝
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
Ա՜խ, ասես խարույկ լինես՝ բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
Իմ արտույտ–մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զո՛վ արա նրա կյանքին, հոր նման գգվի՛ր անքուն,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
Ես՝ երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ՝
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:
Անունդ տալիս
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, –
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
Ուր որ նայում եմ
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։
Հայաստանը երգերի մեջ
Մի փոշոտված փշատենի,
Մի հոշոտված խաղողի որթ,
Նորքի վրա մի հին բարդի,
Մի հին բոստան՝ Արազի մոտ,
Մի տարագիր հոգու բաղձանք,
Մի ծիծեռնակ ու մի կռունկ,
Պանդխտության ճամփաներում
Հազար քարի բախված կրունկ,
Որդեկորույս մայրերի ողբ,
Որբերի սիրտ՝ վերքերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինավուրց երգերի մեջ:
Մի մենավոր ծիրանի ծառ,
Մի խրճիթի աղոտ ճրագ,
Խավարի մեջ տագնապահար
Հովիվների կանչ ու կրակ,
Զանգակաձև, զանգակաձայն
Մի ջրվեժի տխուր հառաչ,
Մի ջրատված ջաղացի քար,
Մի կոտրված գութանի մաճ,
Մի բուռ ցորեն արցունքոտված՝
Արյունոտված հերկերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինավուրց երգերի մեջ:
Թափառական մի անտունի
Եվ հորովել մի քաղցրալուր,
Հայրենների տողերի տակ
Սիրահարի սիրտ ու մրմուռ,
Ուխտի ճամփա և ուխտավայր,
Ուխտավորներ կարոտակեզ,
Խրախճաններ հարսանեկան,
Ժողովրդյան տոն ու հանդես,
Օջախների ծիրանի ծուխ
Մայրամուտի ներկերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինավուրց երգերի մեջ:
Երկաթագիր մի մագաղաթ,
Մի սրբատաշ տաճարի վեմ,
Մի կուռ վահան՝ ասիական
Մրրկարշավ ցեղերի դեմ,
Թշնամասաստ մի այրուձի
Եվ ընդվզում մի անողոք,
Մի Վարդանի սրի շառաչ,
Մի Ֆրիկի արդար բողոք,
Մի Սասնա տան Թուր–կայծակի՝
Դավթի հզոր ձեռքերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինավուրց երգերի մեջ:
Նստած դաշտում Արարատյան,
Մեջքը հենած Արագածին,
Ականատես և ունկնդիր
Աշխարհների անցուդարձին,
Կռելով բախտն ու ապագան
Թեժ բովերում գործարանի՝
Բորբոքում է օջախն իր հին,
Ծխում է ծուխն իր ծիրանի՝
Վառած աստղերն իր նոր փառքի
Ամենավեհ փառքերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Մարմին տված իր դարավոր,
Իր փառավոր երազանքին,
Իր վաստակած դասակներով,
Վաստակներով իր թանկագին,
Տարազներով իր ծաղկավոր,
Իր ինքնության զարդանախշով,
Դրոշակով իր պետական
Եվ սեփական պառլամենտով
Կանգնել է՝ ողջ հողագնդին
Հույս առաքող ազգերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Լույս է քամում իր գետերից
Ոգորումով իր անխափան,
Լուսավորում իր խոր հոգին,
Իր տունն, իր կյանքն ու իր ճամփան
Եվ տքնելով, ինքն իրենից
Հազար անգամ հզորացած,
Մեղր է քամում փշից անգամ
Եվ կարկառից՝ գինի ու հաց,
Նռան հյութ է քամում քարից
Իր սյունաբարձ քերծերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Արարատյան երկնքի տակ
Իր ոստանը սրբագործել,
Ամեն մի քարն իր երազի
Արևով է ոսկեզօծել՝
Ի հեճուկս նրանց, ովքեր
Մեր Արարատն առան գերի:
Իր հանճարի բռնկումով
Կերտել է Տունն իր երգերի,
Կերտել է նոր մի Արարատ
Երկինք մտած շենքերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Մի անհանգիստ մտքի թռիչք
Անդրաստեղյան ոլորտներում,
Ճարտար մի ձեռք այս աշխարհի
Վերակերտման որոտներում,
Եղբայրության զրահներով
Ամրապնդված հուր–հավիտյան
Մի աչալուրջ սահմանապահ
Ամենամեծ մի տերության
Եվ Թամանյան մի զորագունդ
Ռազմի դժվար երթերի մեջ.
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Լուսապսակ իր ճակատով,
Գլխով, գլխով պաշարավոր,
Իր սխրանքի դափնիներով
Եվ գանձերով իր հին ու նոր
Հավասարվում ամենքի հետ,
Ամենքի չափ հպարտանում,
Ջղագրգիռ այս մարդկության
Երազների հանգրվանում
Շաղ է տալիս բերքն իր բարի
Անմահության հերկերի մեջ
Իմ բարձրաբերձ Հայաստանը՝
Դեռ չգրված երգերի մեջ:
Հայաստան ասելիս․․․
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
Կլինեմ, կմնամ այսպես․․․
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Մորս ծաղիկ ծոցի մեջ
Մորս ծաղիկ ծոցի մեջ
Կար մի ծիվ-ծիվ Հայաստան,
Ամեն ծալքում մեր ծխի
Կար մի ծիլ-ծիլ Հայաստան:
Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ,
Ձեր ամեն մի հատիկում
Ծլարձակում կար մի լուռ
Եվ կար մի ծիլ Հայաստան:
Երազներ իմ ձյունեղեն,
Մաքուր, մաքուր երազներ,
Ձեր ամեն մի փաթիլում
Կար մի փաթիլ Հայաստան:
Արտասուքներ իմ վճիտ,
Որ ծորացիք ամենուր,
Ձեր ամեն մի կաթիլում
Կար մի կաթիլ Հայաստան:
Երամներ իմ կարոտի,
Ձեր ամեն մի կանչի մեջ
Կար մի տատրակ, մի կռունկ,
Մի արագիլ Հայաստան:
Զարկերակներ իմ զարմի,
Ձեր ամեն մի զարկի մեջ
Զնգում էր մի զրեհիկ,
Զվարթ ու զիլ Հայաստան:
Հավերժություն, աչքդ լույս,
Ուղևորդ է մի նորոգ,
Կանաչ-կարմիր, ծիրանի,
Ճերմակ ու բիլ Հայաստան:
Դեռ մխալու է վերքը նաիրյան…
Դեռ մխալու է վերքը նաիրյան…
Ու վերքի միջից թռած՝ թռչելու
Ու կանչելու է երգը նաիրյան:
Երգի թևի տակ խաղաղ շնչելու,
Կանաչելու է հերկը նաիրյան:
Եվ գգվելու է հասկերը նրա,
Մեր երազները քարերի վրա
Ասեղնագործող ձեռքը նաիրյան:
Դեռ մխալու է վերքը նաիրյան…
Առաքելու է, ինչ էլ որ լինի,
Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան
Եվ ոչ մի օրով աշխարհի երթից
Հետ չի մնալու երթը նաիրյան:
Ինչ հողմ ու հրդեհ, հրթիռ ու հյուլե,
Ամուր է հոգու բերդը նաիրյան:
Բայց ո՞րն է, ասեք, մեղքը նաիրյան,
Որ մխալու է վերքը նաիրյան:
Աղբյուրը՝ Համո Սահյան, Ընտրանի, Երևան, Զանգակ, 2017։