«Տխրություն» բանաստեղծությամբ է բացվում Վահան Տերյանի 1908 թ. լույս տեսած «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը զարգացման մի նոր աստիճանի է բարձրացնում և նոր ճանապարհ է բացում հայ բազմադարյան պոեզիայի հետագա ընթացքի համար:
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
Գրքի հրատարակության պատրաստման շրջանում Տերյանը հոգաբանական շատ ծանր վիճակում էր։ Նա ստիպված էր ընտրություն կատարելու գրականության և շահավետ, բայց ձանձրալի աշխատանքի միջև, այդ մասին է վկայում բանաստեղծի՝ Ալեքսանդր Ծատուրյանին ուղղված նամակը․
1907, 21 հունվարի, Մոսկվա
«Մեծարգո պ. Ծատուրյան
Ես երկար մտածելուց ետ եկա այն եզրակացության, որ լավ է հրատարակվի իմ գրքույկը, քան ստանամ ամսական 15 ռուբլի, որովհետև իմ դրությունը չի բարվոքվի այդ վերջինի միջոցով, և ես ավելի գերադասելի եմ համարում մի երկու ամիս ևս նեղություն կրել այն հուսով, որ հետո կդրստեմ գործերս, քան միշտ (կամ մի քանի ամիս) կիսակուշտ լինել և, որ գլխավորն է, միշտ զգալ, որ պետք է դիմես օտար մարդկանց, միևնույն կարկառ ձեռքը ամեն ամիս, դա սոսկալի է. առանց այդ էլ ամեն ամիս ստիպված եմ գնալու որևէ Սահարբեգյանի մոտ ու թուք ու մուրով ստանալու եկեղեցուց ստանալիք 15 ռ.»: Իհարկե, ավելի հեշտ է Ձեզնից վերցնել ինձ համար, քան այդ բուրժուաներից, բայց չէ՞ որ կրկին այդ մարդիկն են Ձեզ ամեն ամիս այդ փողը տալու։
Ուստի ես գերադասում եմ մի անգամ ստորանալ, մի անգամ վերցնել, քան միշտ դիմել։ Ուրեմն խնդրում եմ Ձեզ, եթե ուշ չէ, եթե հնար կա, այնպես արեք, որ մի անգամից տան այն, ինչ պիտի տան, և ես կհրատարակեմ գիրքս, որովհետև, ինչպես և վերևում ասի, միևնույն է, այդ ամսական 15 ռ. այժմ իմ դրությունը չի լավացնի — դա մի «պալլիատիվ» կլինի, որպես ասում են սոցիալ- դեմոկրատները։
Դուք, իբրև չքավորության ծանոթ մարդ, պետք է որ հասկանաք այդ ամենը, այնպես որ աչքի առաջ ունենալով այդ բոլորը, հուսով եմ չեք մերժի իմ խնդիրը։
Ուրեմն, ես կուզեի, որ գրքիս հրատարակության համար տային այն մարդիկ, կամ հակառակ դեպքում միանվագ տան այն գումարը, որ պետք է ամիսների ընթացքում տան ինձ»։
Գրքի առաջին հրատարակությունն ընդգրկում էր 72 բանաստեղծություն։ Հետագայում՝ իր բանաստեղծությունների առաջին հատորը հրատարակության պատրաստելիս բանաստեղծը առաջին գրքից հանել է 6 բանաստեղծություն և ավելացրել 11-ը։ Հաջորդող բոլոր ժողովածուներում «Մթնշաղի անուրջներն» արդեն տպագրվել են այս տեսքով՝ 77 բանաստեղծությամբ։
Սիրտոս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
-Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
Մի թովիչ երազ.
-Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությամբ նայում է վրաս։
Սակայն չեմ կարող ես նրան ատել
Սիրում եմ նրան․
-Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս-հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ,
Օ, քաղցր արբանք։
-Օրհնված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
Օրհնված եք դուք, երկիր, երգ ու կյանք... -
«1908 թվին, ամռանը, Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը` «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հովհ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ` «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած` ես անհամբերությունից մղված գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ անթերի ձևերի մեջ։ Իսկական քնարարգությունը սա է-մաքուր լիրիկա»: Զարմացա, որ «Նիւրա»-ից այստեղ ոչինչ չկար։
Վահանի նիրհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ. «Հ․Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»։ Երեկոյան եղա Հ․ Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ։ — Հա է՜, շատ դրուստ ես ասում։ Շատ գեղեցիկ են և՝ գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ։ Պատկերները թեև թույլ են և քիչ են, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն։ Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո։ Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի..․։ Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր, Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը։», -հիշում է Ավետիք Իսահակյանը։